Առաջիկա 5 օրերին շոգ եղանակը դեռ պահպանվելու է՝ չիջնելով 35 աստիճանից: Այս մասին վկայում են տարբեր ինտերնետային կայքերի եղանակի տեսությունները: Օրինակ՝ ըստ rambler.ru-ի, այսօր եւ վաղը արեւոտ եղանակ կլինի ու օդի միջին ջերմաստիճանը կլինի 35, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին մեզ սպասվում են ավելի բարձր ջերմաստիճաններ՝ 38-39: rambler.ru-ն խոստանում է, որ հաջորդ շաբաթվանից եղանակը մի փոքր կհովանա, սակայն ջերմաստիճանը կրկին 30 աստիճանից բարձր կլինի:
Mail.ru-ի եղանակի տեսության համաձայն էլ, այս շաբաթ դեռ բավականին հով է, շոգ օրերն առջեւում են: Ըստ այդ կայքի, մինչեւ այս շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանը չի գերազանցի 36 աստիճանը, իսկ արդեն մյուս շաբաթ իսկական ամառային եղանակ է սպասվում եւ ամենաշոգ օրն էլ հաջորդ չորեքշաբթին է, երբ օդի ջերմաստիճանը կհասնի 41 աստիճանի:
Ինչպես բազմիցս զգուշացրել է առողջապահության նախարարությունը, շոգին դիմանալու ամենաարդյունավետ մեթոդը շատ հեղուկ օգտագործելն է ու արեւի ճառագայթներից խուսափելը: