Այդ վարորդները, չգիտես ինչու, դուրս են մնացել հարկայինի ու իրավապահների ուշադրությունից
Արդեն որերորդ դեպքն է, որ Վրաստանում հանգստանալու մեկնած հայ զբոսաշրջիկների միկրոավտոբուսը վթարի է ենթարկվում՝ տասնյակ մարդկանց պատճառելով կյանքի համար վտանգավոր վնասվածքներ: Օրերս էլ Քութայիսի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետեւանքով 8 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց: Տուժած ուղեւորների թվում կային նաեւ երեխաներ: Նրանց բոլորի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Ճիշտ է, ըստ նախնական վարկածի, այս միջադեպի մեղավորը եղել է դիմացից եկող բեռնատարը, եւ վթարը տեղի է ունեցել հենց նրա մեղքով, սակայն չի բացառվում, որ հայ զբոսաշրջիկներին տեղափոխող միկրոավտոբուսի վարորդն էլ ունենա իր մեղքի բաժինը: Ինչ է թե՝ մի քիչ գումար ավելի աշխատեն ամռան այս սեզոնին՝ տուրիստական միկրոավտոբուսներն աշխատում են անթույլատրելի ծանրաբեռնված գրաֆիկով եւ գերհոգնած վարորդներն ամեն ճանապարհ դուրս գալիս ուղղակի տասնյակ մարդկանց կյանքի հետ են խաղում: Նախորդ տարի կրկին Վրաստանի տարածքում հայ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարը հենց գերծանրաբեռնված գրաֆիկով աշխատելու արդյունք է եղել: Ինչպես հետո պարզվեց, վթարը տեղի էր ունեցել վարորդի՝ ղեկին ննջելու պատճառով: Ինչի հետեւանքով Քոբուլեթիից եկող ավտոբուսը շեղվել էր ճանապարհից եւ դուրս թռչելով մայրուղուց՝ հայտնվել եգիպտացորենի դաշտում: Բարեբախտաբար, այդ ժամանակ մարդիկ լուրջ ֆիզիկական վնասներ չէին կրել, սակայն բարոյական վնասներ՝ որքան ուզես: Հանգստից վերադարձող հայ տուրիստները ստիպված են եղել ամբողջ գիշերն անցկացնել բաց դաշտում, քանի որ ավտոբուսը վնասված է եղել: Նրանց, մինչեւ լուսաբաց, որեւէ կազմակերպություն, ո՛չ վրացական, առավելեւս ո՛չ էլ հայկական՝ օգնություն չէր ցուցաբերել, անգամ այն տուրիստական գործակալությունն էր հրաժարվել քաղաքացիներին հասցնել Հայաստան, որի միջոցով տուրիստները վարձել էին Քոբուլեթի գնացող ավտոբուսը: Էլ չենք ասում, որ մեր երկրի ոչ մի իրավասու մարմին հետագայում էլ պատասխանատվություն չկրեց ո՛չ քաղաքացիների անվտանգության, ո՛չ էլ կրած բարոյական եւ նյութական վնասների համար: Ավելին, NED tour տուրիստական գործակալության տնօրինությունը, որը տուժած տուրիստներին մատուցել էր այդ ծառայությունը, լրատվամիջոցներով հայտարարել էր, որ այդ ավտոբուսն իրենց գործակալության հետ ոչ մի կապ չունի եւ որ իրենց գործակալությունը սեփական ավտոբուսներ չունի ու օգտվում է այլ կազմակերպությունների տրանսպորտային միջոցներից: Իսկ թե վթարի ենթարկված ավտոբուսը որ կազմակերպությանն էր պատկանում՝ այդպես էլ պարզ չեղավ:
Այսօր էլ այս դաշտում տասնյակ միկրոավտոբուսներ եւ ավտոբուսներ են գործում, որոնք զբաղվում են ուղեւորափոխադրմամբ, իսկ ավելի ստույգ՝ տուրիստների փոխադրմամբ, սակայն նրանցից ոչ մեկը որեւէ տեղ գրանցված չէ: Նրանց հետ աշխատող տուրգործակալություններն էլ համագործակցում են առանց որեւէ պայմանագրային հիմունքների՝ տուրգործակալությունը ուղեւորով է ապահովում, տրանսպորտային միջոցի վարորդն էլ ամեն ուղեւորի տոմսից նրանց որոշակի տոկոսներ է տալիս: Թե ուր եւ ինչպես են ձեւակերպվում վարորդների՝ տուրգործակալություններին վճարած այդ ստվերային գումարները, թերեւս հարկայինի զբաղվելու հարցն է, սակայն այդ անօրինական համագործակցության արդյունքում տեղի են ունենում ավելի լուրջ միջադեպեր, որոնք այդպես էլ համարժեք պատասխան չեն ստանում: Անօրինական դաշտում գործող տրանսպորտային ծառայություններ մատուցող անհատ վարորդներին որեւէ մեկը չի կարող արգելել, հետեւաբար պատասխանատվության ենթարկել, ասենք՝ մեկ օրվա ընթացքում 22 ժամ ճանապարհ գնալու եւ գերհոգնած վիճակում ուղեւորներ տեղափոխելու համար:
Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ ուղեւորների կյանքի հաշվին գումարներ վաստակելն ուղղակի կազմակերպված հանցագործություն է, որի համար պատասխանատու են իրավապահներից սկսած մինչեւ հարկային մարմիններ: