Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎԱՆԻ ԲԺԻՇԿՆԵՐԸ ԳՅՈՒՄՐԻԻՑ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ ԵՆ

Հուլիս 28,2011 00:00

\"\"Գյումրիի զինվորական հոսպիտալը փակվում է

Արդեն քանի օր է՝ «Առավոտն» ահազանգեր է ստանում այն մասին, որ հոկտեմբերի 1-ից ՌԴ պաշտպանության նախարարի հրամանով դադարեցվելու է Գյումրիի զինվորական հոսպիտալի գործունեությունը: Այս բուժհաստատությունը Գյումրիում գործում է անհիշելի ժամանակներից՝ 1839թ.-ից, եւ մինչ այժմ, գործազրկության այս պայմաններում 280 ընտանիքի ապահովել է աշխատանքով: Բանն այն է, որ բուժաշխատողների 90 %-ը հայեր են, որոնք բավականին բարձր աշխատավարձ են ստանում. օրինակ՝ բուժքույրերի միջին աշխատավարձը մոտ 180000-190000 դրամ է, իսկ նրանք, ովքեր ՌԴ քաղաքացիություն ունեն, աշխատավարձն ավելի բարձր է՝ մոտ 350 հազար, քանի որ նրանցից հարկ չի գանձվում: Այդ բուժհիմնարկի մասնագետները շատ գոհ են իրենց աշխատանքից, բացի այդ, հոսպիտալը մշտապես գայթակղել է Գյումրիի բոլոր հայտնի բժիշկներին, որոնք առիթը բաց չեն թողել այնտեղ հայտնվելու համար: Սակայն այսօր աշխատակիցները սթրեսի մեջ են, ՌԴ պաշտպանության նախարարության որոշումը անսպասելի էր բոլորի համար, հատկապես բուժքույրերի, որոնց մեծ մասը ընտանիքի միակ կերակրողն է: Ավելին, այս վատ լուրը մտահոգությունների առիթ է տվել նաեւ քաղաքի մյուս բնակիչներին. բուժաշխատողների հաշվարկներով՝ Գյումրին կզրկվի ոչ միայն որակյալ բժիշկներից, այլեւ ամսական $150 հազարից, իսկ սա նշանակում է, որ գործազրկության մեջ թաղված քաղաքն էլ ավելի է դատարկվելու: Ի դեպ, իրենց այս մտադրության մասին չեն խուսափում բարձրաձայնել «մոլորված» բուժաշխատողները, որոնք զարմացած են, թե ինչպես կարող է երկրի նախագահն այդքան հեշտ ու հանգիստ խոսել արտագաղթի մասին՝ ոչինչ չձեռնարկելով աշխատատեղերի ստեղծման կամ եղածը կրճատումից փրկելու ուղղությամբ: «Մարդիկ արտագաղթի էլ ո՞նց են դիմում, եթե մինչեւ օրս մենք ապրում ենք կիսամեռ Գյումրիում, դա երկրի իշխանությունների շնորհքը չէ, շնորհակալ պիտի լինենք ռուսներին: Իսկ հիմա կորցնելու բան չունենք, թող երկրի նախագահը մտածի, եթե հաշվենք, որ 300 աշխատողից յուրաքանչյուրի ընտանիքը միջին հաշվով բաղկացած է 5-6 անձից, ապա թող տեսնեն, թե ինչքան մարդ կգնա երկրից, էլ չենք ասում, թե ովքեր կգնան, ինչ կարգի բժիշկ մասնագետների արտահոսք կլինի: Գյումրիում ո՞վ է մեզ աշխատանք տվողը, եթե աշխատանք տվող լինեն, իրենց բուժաշխատողներին չեն դնի ու ջահել-ջահել թոշակի ուղարկի»,-ասում էին բուժաշխատողները: Մենք փորձեցինք ճշտել հոսպիտալի փակման պատճառները, սակայն հրամանատար Մուրադ Մակիեւը տեղում չէր, իսկ բժիշկները մեզ փոխանցեցին, որ «հրաման է ու վերջ, պիտի կատարվի, ռուսներին Հայաստանում հոսպիտալ պահելը ձեռնտու չէ»: Զանգվածային կրճատումների հետ կապված՝ բժիշկը սրտի ցավով, սակայն կիսահեգնական տոնով ասաց՝ «Դա ռուսներին ի՞նչ, թող հայկական կողմը մտածի»: Մինչդեռ կրճատման ենթակա բուժաշխատողներին հետաքրքրում է, թե ինչո՞ւ պիտի հոսպիտալը փակվի, երբ ռուսական սահմանապահ զորքը դեռ տեղակայված է Գյումրիում: Ի դեպ, նշենք, որ մեր զրուցակիցների ներկայացմամբ, մի քանի տարի առաջ հոսպիտալում սպասարկվել են նաեւ շարքային գյումրեցիները, որոնք եկել են գյումրեցի անվանի բժիշկների «խաթր», իսկ հիմա բուժհաստատությունից կարող են օգտվել միայն զինծառայողները: Նշենք, որ հոսպիտալը հսկվում է, եւ մեզ նույնպես ներս չթողեցին՝ ասելով, որ փակ գոտի է: Աշխատակիցների տեղեկացմամբ, հոսպիտալը 100 մահճակալանոց է, թեեւ անհրաժեշտության դեպքում սպասարկում է 150-200 հիվանդի, նույնիսկ 400 հիվանդի, ունի ճաշարան, որտեղ դիետիկ սնունդով են ապահովում հիվանդ զինծառայողներին: Մեզ հասած տեղեկություններով, հոսպիտալը պիտի վերածվի փոքր բժշկական կենտրոնի, որտեղ պետք է բացառապես աշխատեն ռուս զինծառայողները, իսկ առողջապահական «գլոբալ» խնդիրների լուծման համար Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ կնքված միջպետական պայմանագրի համաձայն, զինծառայողներին կսպասարկեն Գյումրիի մյուս բուժհաստատությունները: «Առավոտը» Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե մարզպետարանն ի վիճակի կլինի՞ զինվորական հոսպիտալից ազատված բուժաշխատողներին աշխատանքի տեղավորել: Մեր հարցին ի պատասխան՝ պաշտոնյան ասաց, որ նմանատիպ մի խնդրի առջեւ էլ մարզպետարանն է կանգնած. շուտով Գյումրիի 3 հիվանդանոցները կմիավորվեն նոր կառուցվող մարզային կենտրոնական հիվանդանոցում, որը գործազրկության նոր ալիք կբարձրացնի քաղաքում. «Թեեւ 20 բժիշկների աշխատանքի ընդունման հրաման այս պահին կարող ենք տալ, 20 տարբեր մասնագետների կարիք ունենք, բայց թեկուզեւ մեկ բուժքույրի՝ բացառվում է, տեղ չկա: Ճիշտ է՝ ամոթ է, բայց սա է մեր հնարավորությունը»: Իսկ սա նշանակում է, որ բուժաշխատողներն իրենք պիտի իրենց գլխի ճարը տեսնեն՝ հարկ եղած դեպքում արտագաղթելով երկրից: Զինվորական հոսպիտալի աշխատակիցներն արդեն իսկ ստորագրել են ծանուցագրեր՝ 2 ամիս հետո աշխատանքից ազատվելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել