Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԻԶՆԵՍ ՄԻՋԱՎԱՅՐԸ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ԵՆ

Հուլիս 28,2011 00:00

Երեկ Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման խորհրդի անդամները վարչապետին էին ներկայացրել այդ ոլորտի մի շարք խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, որպեսզի մեր երկրի փոքր եւ միջին ձեռնարկությունները ազատ մրցակցային դաշտում գործունեություն ծավալեն: Առաջարկություններից մեկը, ըստ Փոքր եւ միջին ձեռնարկությունների հիմնադրամի տնօրեն Նարինե Մայիլյանի, այն է, որ այս ոլորտի ցանկացած օրենքի փոփոխության դեպքում պետք է գոնե եռամսյա ժամկետ սահմանվի կիրառման համար, որպեսզի գործարարները կարողանան այդ ժամանակահատվածում հարմարվել եւ անհրաժեշտ փոփոխություններ անել. «Հաշվիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հանձնման ժամկետներն էլ սահմանել եռամսյակային, այլ ոչ ամենամսյա՝ բյուրոկրատական քաշքշուկներից խուսափելու համար: Բացի այդ, պետք է հանել ավելացված արժեքի հարկը վճարելու հետաձգման՝ 300 միլիոն դրամանոց պատնեշը: Հիմա, երբ գործարարը այդ գումարի սարքավորումներ է ներկրում, պետությունը նրան արտոնություն է տալիս, որ ավելացված արժեքի հարկը վճարի 3 տարի հետո, սակայն նշենք, որ այդ գումարի շրջանակներում սարքավորում կարող են ներկրել միայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, իսկ մեր կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ փոքր եւ միջին բիզնեսն է պետք զարգացնել: Ինչու թույլ չտալ, որ փոքր եւ գերփոքր բիզնեսի ներկայացուցիչներն օգտվեն այդ արտոնությունից»: Այն հարցին՝ իսկ եթե, ասենք, խանութի տերը ներկրում է ցուցափեղկե՞ր, տիկին Մայիլյանը պատասխանեց. «Իսկ ով ասաց, որ դրանք պետք չեն»:
Այն հարցին էլ՝ ի՞նչ արձագանք տվեց վարչապետը առաջադրված խնդիրներին, խորհրդի մեկ այլ անդամ՝ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը պատասխանեց. «Մենք արձագանք չէինք սպասում, այլ խնդիրներն էինք առաջադրում: Հաջորդ խորհրդի նիստին կլինեն լուծումներ: Վարչապետն ասաց, որ առաջնային հարցերի լուծման համար հստակ մեխանիզմներ եւ օրակարգ մշակենք: Ինչպես նաեւ ճիշտ կլինի, որ կայք ստեղծենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել