Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոշիկի ձախ թայը՝ վարչապետի փոխարեն»

Հուլիս 28,2011 00:00

\"\"ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ Տիգրան Սարգսյանի փոխարեն բացահայտ անգրագետի կամ օլիգարխի աշխատելու պարագայում  պետությունը կզարգանա:

«Վիճակ չկա». ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի բնորոշումն է Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակի մասին: «Այդ ամենը վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհիվ, ով ասում է, թե երկրում կա կայուն զարգացում: Տիգրան Սարգսյանի կառավարությունը ունիկալ կառավարություն է՝ խաղաղության պայմաններում ամեն տարի տնտեսությունը կրճատել: Բյուջեն 3 մլրդ դոլարից իջել եւ դարձել է 2 մլրդ դոլար»:
«2-3 անգամ իշխանությունը դրած է եղել սկուտեղին՝ չենք վերցրել: Մեկը ընտրություններից հետո է եղել, մեկն այս տարվա մարտին»: Հիմնական մտահոգությունը եղել է Ղարաբաղը:
Անդրադառնալով իշխանություն-ՀԱԿ երկխոսությանը՝ Բագրատյանը նշեց, որ իշխանություններից սպասում են կոնկրետ քայլեր, մասնավորապես՝ պետք է վերանան մեծամասնական ընտրատարածքները, որոնք նրա խոսքով՝ օլիգարխների ու գողականների համար են: Երկխոսության կայացմանը նա հավատում է. «Ինձ ասվել է՝ հլը մի ամիս էլ համբերեք, տեսնենք՝ կլինի՞:
Մենք կարիք չունենք Դավիթ Հարությունյանի խոսքերը լսելու: Գիտենք՝ նրան կատվի նման ոնց էլ գցես՝ ոտերի վրա կարա կանգնի՝ ճարտար լեզու, խոսքեր, մենք գործողություն ենք ուզում տեսնել: Այն, որ երկխոսության միջոցով պատրաստ ենք երկխոսելու, վիճակը փոխելու, հենց Սերժ Սարգսյանն է ասել ոչ միայն մեզ, այլեւ մի խումբ երկրների դեսպանների, բայց ուզում ենք իմանալ՝ երկխոսությունը որն է՝ բլա-բլա՞ն»:
«Առավոտը» Հ. Բագրատյանից հետաքրքրվեց, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ իր դեմ դատական հայցի ետ վերցնելը հնարավո՞ր է, որ կապված է երկխոսության հետ: Բագրատյանը վարչապետի քայլը կապեց ՀԱԿ-ի՝ վերջերս արած հայտարարության հետ. «Տիգրան Սարգսյանը վախեցավ, կանչեցին, ասացին՝ քո քմահաճույքների պատճառով էս ի՞նչ պրոբլեմ ես սարքել: Առանց հոդվածի դատել էին: Երբ որ որոշում է կայացվում, պարտավոր են համապատասխան հոդված վկայակոչել, ինձ դատել էին՝ ինչ է՝ ինքն ու Արմենչիկը նստած՝ դատավորներին զանգում էին: Կոչ եմ անում, որ շարունակի, հետ տա կատարողական թերթը, տենանք՝ ո՞ւր ա շարունակելու, Եվրոպա էլ կգնամ՝ ոչինչ: Պրծա՜վ Տիգրան Սարգսյանը, լա՜վ պրծավ»: Հարցին, թե չի էլ պատրաստվո՞ւմ համապատասխան տեքստով ներողություն խնդրել, պատասխանեց՝ երբեք. «Դատավորը որոշել էր, որ Բագրատյանը տեքստ պիտի արտասաներ: Ինքը զանգել էր դատավորին, ասել էր՝ պիտի կզացնեք, է՛ս ա եղել վարչապետի էությունը»:
Չնայած կառավարությունների նկարած «աճող» թվերին, ըստ նախկին վարչապետի, 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով Հայաստանի դիրքերը տարեցտարի իջնում են: Նրա կարծիքով, այն պարագայում, երբ մեր երկիրն այս տարվա առաջին եռամսյակում աճել է 1.2%-ով, Գերմանիայում գրանցվել է 2.8% աճ, Եվրամիությունն աճել է 1.8%-ով: Հարեւան երկրներից՝ Ադրբեջանն աճում է 3-4, իսկ Թուրքիան՝ 7 անգամ ավելի բարձր տեմպերով: «Թուրքիան աստիճանաբար մեզ համար դառնում է տնտեսապես երազանքի երկիր»,- ասում է Բագրատյանը: Իրավիճակից դուրս գալու միակ ելքը նա տեսավ Տիգրան Սարգսյանին աշխատանքից հանելու եւ «կոշիկի ձախ թայը տանել, վարչապետ դնելու մեջ»: «Այդ դեպքում շատ նորմալ կաշխատի պետությունը»,- կարծում է նա: Լրագրողներից մեկի լուրջ հարցին եւ կոնկրետ պատասխան ակնկալելուն նման պատասխան հնչեցրեց նախկին վարչապետը ու նույն տոնով էլ սկսեց ներկայիս վարչապետի հասցեին վիրավորանքներ ուղղել. «Մարդը գրագիտություն չունի, ավելի լավ չի՞ մի բացահայտ անգրագետի, նույնիսկ գողականի դնեն, որ գոնե թասիբ ունենա»:
Անդրադառնալով վերջերս շատ շրջանառվող արտագաղթի խնդրին՝ Բագրատյանը նշեց, որ Գագիկ Եգանյանը՝ Հայաստանի տարածքային կառավարման նախարարությանն առընթեր միգրացիոն գործակալության պետը, առաջ է քաշում սեզոնային արտագաղթի մասին թեզը, խոսում իր հարեւան Գարիկից եւ ասում, թե երկրից գնացածների մեծ մասը իբր հետ է գալու: Ըստ Բագրատյանի՝ Սերժ Սարգսյանը չպետք է լսի ո՛չ վարչապետին, ո՛չ էլ Եգանյանին, նրանք, ի դեմս նախագահի՝ «թարմ ականջ են գտել»: Արտագաղթի ճշգրիտ թվերն իմանալու համար նա խորհուրդ տվեց դիմել ռուս սահմանապահներին, ովքեր ՀՀ քաղաքացու երկիր մտնելու եւ երկրից դուրս գալու դեպքում անձնագիրը կնիքում են:
«Չեմ ասում՝ Սերժ Սարգսյանն ինտելեկտի բագաժ չունի, բայց երեւի պրոբլեմ ունի դրա հետ, որովհետեւ ինքը Գագիկ Եգանյանի կարիքը չուներ էդպիսի թվեր հայտարարելու համար»,- եզրափակեց նախկին վարչապետը:
Ի դեպ, ասուլիսի վերջում Լուիզա անունով մեկը մոտեցավ նախկին վարչապետին ու ի պատասխան ներկայիս վարչապետի հասցեին հնչեցրած մեղադրանքներին, հռետորաբար հարցրեց. «Ինձ ու իմ երկու երեխաների աչքերի լույսը վերադարձրեք»: Բագրատյանը վերջինիս դեմագոգ անվանեց եւ շարունակեց պատասխանել լրագրողներին հուզող հարցերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել