Ընկերությունն առանց այդ էլ ծանր բեռի տակ է
Ժողովուրդ ջան, այն, որ ջրի ծորակը ամառային այս օրերին բացում եք՝ ուզում եք ջուր խմել, ուզում եք լողանալ, զովանալ, բայց չի ստացվում, դրանում «Ջրաշխարհին», ոչ էլ, առավել եւս, «Երեւան ջուր» ընկերությանը մի մեղադրեք: «Ջրաշխարհը» ընդամենը մի փոքր բնակարանի չափ ջուր է օգտագործում, եւ դա չէր կարող ազդել մայրաքաղաքում ջրի ճնշման վրա, իսկ «Երեւան ջուրն» էլ կապ չունի դրա հետ այնքանով, որ մենք՝ հայերս, վատ ժառանգություն ենք ստացել, վատ երկրում ենք ապրում ու ավելի մեծ ակնկալիքներ ունենալ չէինք կարող:
Թե ինչու է ամռանը ջուրը «թուլանում» թեմայով երեկ հրավիրած ասուլիսում այդպես էր հավաստիացնում «Երեւան ջուր» ընկերության «Արեւելք» մասնաճյուղի տնօրեն Կարապետ Օհանյանը: Նա լրագրողներին բացատրում էր, որ 2008-ից մինչ օրս՝ բոլոր տարիներին էլ ամռանը ջրամատակարարման հետ կապված նույն խնդիրները եղել են, ինչ-որ արտառոց բան չկա, ամռանը սպառումը կտրուկ աճում է, իսկ դա բերում է ցանցի փլուզման. «Հիմա դուք կասեք, թե ինչու եվրոպական երկրներում ամռանը նման խնդիրներ չեն լինում: Որովհետեւ իրենք ունեն ինքնակարգավորվող փականներ, դրանք նոր, ժամանակակից սարքեր են, որոնք սպառումից կախված՝ իրենց ռեժիմը փոխում են: Իսկ մենք նման վինտիլներ չունենք, մենք դա անում ենք մեխանիկական ճանապարհով՝ մեր ձեռքով, ու հնարավոր է՝ չհասցնենք կարգավորել»: Այս նույն ոճով պարոն Օհանյանը վստահեցնում էր, որ ծանր բեռի տակ են, որ հաջորդ տարի ջրամատակարարման նվազագույն շեմը պարտավոր են հասցնել 12 ժամի, որ վերջին 5 տարիներին 17.5 մլն դոլարի եւ 4.2 մլրդ դրամի ներդրումներ են կատարել, բայց վիճակը այս է. «Ցանցի վերականգնման համար անհրաժեշտ է մոտ 600 մլն դոլարի ներդրում, որը մենք չունենք, դժվար թե գտնվի որեւէ այլ ընկերություն, որը կունենար այդ գումարն ու կներդներ, դա պիտի արվի տարիների ընթացքում»: Ավելին, «Երեւան ջրի» ներկայացուցիչը մի բան էլ բնակիչներին «երեսով տվեց», որ ձմռան ամիսներին ջուր տվել են ավելի, քան իրենց նվազագույն շեմն է, իրենք արել ու անում են առավելագույնը, «պարզապես բնակիչների ակնկալիքներն են մեզանից մեծ»: Ընկերությունը գրաֆիկներով, թվերով ցույց է տալիս, որ մայրաքաղաքում 2010-ի հունիսից մինչեւ այս տարվա մայիս ջրամատակարարումը հասել է օրական միջինը 21,26 ժամի:
Մեր դիտարկմանը՝ սպառողներին ձեր բերած գրաֆիկներն ու թվերը չեն հետաքրքրում, մարդիկ ծորակը բացում են՝ ջուր են ուզում տեսնել, ձեր տված ջրով անգամ ջրատաքացուցիչը չի միանում, եթե փող չունեք ու չեք կարող վիճակը բարելավել՝ ինչո՞ւ չեք խզում պայմանագիրն ու հեռանաք, թող գա այլ ընկերություն, որն ի վիճակի է դա անել: Կ. Օհանյանը ի պատասխան՝ դիմեց մյուս լրագրողներին՝ «այլ հարցեր կա՞ն»:
Մենք պարոն Օհանյանից հետաքրքրվեցինք՝ երբեւէ եղե՞լ է դեպք, որ «Երեւան ջուրը» իրեն մեղավոր զգա որեւէ հարցում. վթար է լինում՝ ներքին ցանցն է պատճառը, ջուրը թուլանում է՝ եղանակն ու «վինտիլներն» են պատճառը՝ նա պատասխանեց. «Ես ընդունում եմ, մենք ունենք խնդիրներ, ամեն ինչ իդեալական չէ, բայց մենք քայլ առ քայլ առաջ ենք գնալու»:
Կարապետ Օհանյանը նշեց, որ ջրամատակարարման նվազագույն շեմն այսօր օրական 8 ժամ է: Բոլոր այն բնակիչները, ովքեր օրական չունեն 8 ժամ ջրամատակարարում, թող զանգեն 1-85 հեռախոսահամարով ու բողոքեն. «Երեւան ջրի» մասնագետներն անպայման կսլանան դեպքի վայր ու կպարզեն պատճառները:
Լրագրողները կոնկրետ օրինակ բերեցին, որ Ներքին Չարբախում, օրինակ, օրական 1-2 ժամ է ջուր լինում, իսկ պարոն Օհանյանը ավելացրեց, որ իրենք Չարբախի փողոցները «պատերազմի դաշտ» են սարքել. «Վերջին 4 ամիսների ընթացքում լայնածավալ գոտիավորման աշխատանքներ են կատարվում, ջրագծեր են լիկվիդացվում: Բնակիչները մեր աշխատանքները տեսնելով՝ պիտի ըմբռնումով մոտենան»:
Հիշեցնենք, որ ֆրանսիական «Veolia» ընկերության այստեսակ ջրամատակարարման ապահովմանը մնացել է 4 տարի, 2015-ին մենք «օրենքով» պիտի ունենանք օրական 22 ժամ ջրամատակարարում, բայց, ինչպես ասում են, կապրենք՝ կտեսնենք: