Այս տարվա մարտին «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնությունը բարձրաձայնեց ՀՀ տարածքում ռուսաստանյան միգրացիոն կենտրոնների անօրինական գործունեության մասին: «Միայն այն բանից հետո, երբ մեր նախաձեռնության անդամները մի քանի ամիս շարունակ հետեւողականորեն իրականացրին խնդիրը վեր հանելու աշխատանքը, սայլը տեղից շարժվեց: Եղան բազմաթիվ հրապարակումներ, հեռուստաելույթներ, հանդիպումներ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունում, նամակներ հղվեցին ՀՀ արտաքին գործերի եւ արդարադատության նախարարություններ՝ Ռուսաստանի միգրացիոն պետական ծառայության գործունեության իրավական հիմքը պարզելու համար:
Ստացված պատասխաններից ակնհայտ է դարձել, որ այդ ծառայության ներկայացուցչությունները բացարձակապես անօրինական են գործում ՀՀ տարածքում, ինչը փաստել են նախարարությունները, իսկ նրանց կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագիրը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի հայաթափմանը նպատակաուղղված քաղաքականություն»,- երեկ իր տարածած հայտարարության մեջ արձանագրել է «ՀԻՄԱ»-ն՝ տարակուսանք հայտնելով, որ ծրագիրն անհապաղ դադարեցնելու եւ մեղավորներին պարզելու փոխարեն վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստվում է «Հայրենակիցներ» ծրագիրը «միջպետական մակարդակով քննարկումների առարկա» դարձնել: Նախաձեռնությունը, մինչդեռ, երեկ պահանջել է՝ անհապաղ դադարեցնել այս ծրագրի որեւէ քննարկում ՌԴ իշխանությունների հետ, անհապաղ փակել ծրագրի իրագործման բոլոր գրասենյակները, որոնք անօրինական են գործում ՀՀ տարածքում, ինչպես արել են ԱՊՀ որոշ երկրներ՝ դրանք համարելով սպառնալիք ազգային անվտանգությանը, նաեւ՝ պատասխանատվության ենթարկել այն բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր դրսեւորել են հանցավոր անտարբերություն, ինչի արդյունքում իրականացվել է հայաթափման քաղաքականությունը, նույնիսկ, եթե դա վերաբերում է ՀՀ ամենաբարձր ղեկավարությանը: