Երեկ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Սեւանի բաժին են բերման ենթարկել տեղի բնակիչ, 22-ամյա Ռոբերտ Խաչատրյանին: Վերջինս կասկածվում է այս տարվա հուլիսի 11-ի գիշերը, ժամը 00.20-ի սահմաններում, Սեւանի Մյասնիկյան փողոցում 32-ամյա Մերուժան Մովսիսյանին իր տան մոտ հրազենով սպանելու մեջ: Մովսիսյանն աշխատում էր «ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ում որպես տնօրեն: Նշված ՍՊԸ-ն զբաղվում էր գազի ներտնային սպասարկման աշխատանքներով: Երեկ քննիչի որոշմամբ կասկածյալը ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Սեւանի բաժնի ձերբակալվածների պահման վայր, իսկ մինչ ձերբակալվելը նա ոստիկանությունում հայտնել է, որ սպանությունը կատարել է ինքը, իսկ հանցագործության գործիք ատրճանակը նետել է Սեւան-Երեւան ավտոմայրուղուն հարակից ձորակում: Ու քանի որ, ըստ իր պատմածի, ինքը կոնկրետ տեղը չի հիշում, ուստի երեկ առավոտվա ժամը 7-ից ոստիկանության թվով 50 աշխատակիցներ որոնողական աշխատանքներ էին կատարում՝ հայտնաբերելու համար ատրճանակը: Ոստիկանները տեղանքը զննում էին գերանդիով: