Ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Առավոտի» հետ զրույցում
– ՀԱԿ-ը թեպետ երկխոսության սեղանի շուրջ նստած երկխոսում է կոալիցիայի աշխատանքային խմբի հետ, այդուհանդերձ, զուգահեռ հանդես է գալիս նաեւ հայտարարություններով, որով պահանջում է արտահերթ ընտրություններ, «Ընտրական օրենսգրքի» փոփոխություն եւ այլն. Դուք ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:
– Այս ամբողջ ընթացքում մենք փորձում ենք միջամտություններ չանել, որովհետեւ կարծիքների բավականին լուրջ պաշար ունի թե Հանրապետականը եւ թե ընդհանրապես՝ քաղաքական դաշտը: Հիմնական սցենարները գնում են երկխոսության շուրջ, երբ եւ իշխանական թիմը, եւ ՀԱԿ-ը կարող են օրակարգի մեջ իրենց հարցադրումներն անել: Ես ավելի ռեալ եմ գնահատում մեր հարցադրումները: Եթե հարցն ընդհանրապես ընտրություններին է վերաբերում, ապա ամեն ինչ պետք է անել (մանավանդ՝ «Ընտրական օրենսգիրքը» այդ հնարավորությունը տալիս է), որպեսզի բոլոր քաղաքական ուժերը պատասխանատվություն կրեն ընտրությունների համար: Իսկ դրա միակ միջոցն այն է, որ կարողանան համատեղ վերահսկողական մեխանիզմներ ստեղծել եւ իրագործել: ՀԱԿ-ը, փաստորեն, խնդիր ունի հանրության մեջ ավելի ներկայանալի դառնալու: Թերեւս դա է պատճառը այն անհեթեթ օրակարգի, որն առաջադրում են: Իշխանություններից չի կարելի հայցել, իշխանությունների հետ կարելի է կամ համագործակցել, կամ որոշակի հարցերի շուրջ պայմանավորվել: Փաստորեն փորձում են ժողովրդի մեջ ներկայանալ ընդդիմադիրների դիրքերից, որը մեզ համար ընդունելի չէ, մեզ համար ընդունելի է այն, որ քաղաքական դաշտի միակ գործիքը երկխոսությունն է:
– Կարծեմ մի ժամանակ Դուք այդ երկխոսությանը համաձայն չէիք:
– Երբեմն-երբեմն մամուլում գրում են, թե Գալուստ Սահակյանը համաձայն չէր, բայց տեսեք, թե ինչ եղավ: Մարդիկ չեն կարողանում իրենց պատկերացումների մեջ գնահատել, թե ինչ բան է երկխոսությունը, ինչ բան է պատվիրակություն ունենալը: Ըստ էության, իմիտացիա են փորձում ստեղծել, որ երկրում երկիշխանություն է եւ բանակցելու խնդիր կա, չմտածելով, որ բանակցությունների մեջ իրենք տալու ոչինչ չունեն, իշխանությունները շատ բան ունեն տալու, իսկ այդ տալու չափը եւ չափորոշիչը հետեւյալն է՝ եկեք այնպես անենք, որ կարողանանք համապետական ընտրություններն ավելի ողջամիտ ձեւով անցկացնենք եւ ավելի դրական գնահատականներ ունենանք ժողովրդի եւ միջազգային հանրության կողմից: Չի կարելի մտածել, որ մեր երկրի ամենակարեւոր խնդիրը ընտրություններն են, մեր երկրի ամենակարեւոր խնդիրն այն է, ինչը զետեղված է մեր քաղաքական, իշխանական զինանոցում, որն արտահայտված է նաեւ կառավարության ծրագրում: Կարծում եմ, որ նույն օրակարգային հարցերը զետեղված են ոչ միայն ՀԱԿ-ի, այլեւ բոլոր քաղաքական ուժերի մոտ: Պարզապես լուծումների, մեթոդիկայի հարց կա, եւ շատ ճիշտ կլիներ, որ ընդդիմադիր դաշտի մաս կազմող ՀԱԿ-ը անդրադառնար այդ խնդրին: Մենք ինքներս գիտենք բոլոր խնդիրները, այստեղ բանավեճը կարող է լինել լուծումների հարցում: Եվ հետո, ստացվում է՝ երկրի թիվ մեկ օրակարգը մի կողմ դնելով (դա մեր պետության ամրացումն է, որը կապվում է նաեւ ղարաբաղյան թնջուկի հետ)՝ ժամ առաջ որոշել, որ իշխանության են գալիս: Ես մտածում եմ՝ բա որ համաձայնենք եւ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնենք: Ի՞նչ, մտածում են, որ մեր ժողովուրդն այնքան հիմար է, որ այն կորուստները, որ ունեցավ այս տարիների ընթացքում, ձեռք բերելով անկախություն, թույլ կտա, որ նորի՞ց նույն հարցերը շահարկելով գան մարդիկ, որոնք ի դերեւ կանեն եւ ղարաբաղյան խնդիրը, եւ մեր պետության հիմնական նպատակադրումները: Մենք մեր թերությունները գիտենք եւ արտահայտվում ենք, ավելի շատ՝ ինքնաքննադատաբար ենք մոտենում ինքներս մեզ: ՀԱԿ-ը միանգամից 180 աստիճանով իր ասելիքը, խոսքը վերածեց մի տեսակ շոուի: Կարծում եմ՝ վերջին հաշվով բոլորն էլ պատկերացնում են, թե ինչ ռեզերվներ ունի պետությունը, եւ ինչ ունեն իշխանաքաղաքական ուժերը: Ուզում են չհասկանալ, ուզում են համագործակցել, իբր թե համատեղել, պետության մասի՞ն են մտածում: Մենք խոչընդոտներ ունեցող երկիր ենք, մենք պայքարի մարդիկ ենք եւ պայքարի բովով անցնելու ենք: Մեզ համար հաճելի կլինի եւ մեր ժողովրդի համար՝ տրամաբանական, որ բոլորը մտածեն հետեւյալի մասին՝ ի՞նչ անենք, որ ընտրություններից հետո եւ մեր ժողովրդի հավատը վերականգնվի, եւ միջազգային հանրության մեջ մեր տեղն ու դիրքը ավելի բարձրացնենք: Սրանից ավելի ուժեղ քննարկման թեմա չկա:
– Չե՞ք կարծում, որ երկխոսությունը իշխանության համար այնքան էլ շահեկան չէ, ըստ էության, կարծես շահեկան չէ նաեւ ՀԱԿ-ի համար:
– Ես կարծում եմ՝ այս երկխոսության պայմաններում պիտի փորձեն սեւացնել նաեւ մեզ, բայց նաեւ զգում եմ այն բավարարություն արտահայտող դեմքերը, որոնք ներկայացնում են ՀԱԿ-ի երկխոսության մասնակիցները, կարծես թե մտածում են՝ հաջողության հասան, որովհետեւ հասարակական պրոցեսներում իրենց դեմքերը ավելի վառ տեսանելի են: Մենք ունենք ընդդիմության տարբեր ճամբարներ, ունենք մեծ ազգային թեւ, ունենք նաեւ լիբերալ թեւ, ունենք նաեւ տարբեր թեւեր, բայց, վերջին հաշվով, Հայաստանն այն երկիրը չէ, որ միայն թեւերով մտածի, մենք մտածում ենք ուղեղային համակարգով, ազգային արժեհամակարգով, մեր ճանապարհը հասկանալի է եւ պարզ է մեր ժողովրդի համար:
– ՀԱԿ ներկայացուցիչը հայտարարեց, որ եթե երկխոսության արդյունքները իրենց չբավարարեն, կգնան առճակատման. ըստ Ձեզ՝ ի՞նչ առճակատման մասին է խոսքը:
– Արաբական սցենարները չեն կարող մեր պետության ներսում իրականություն դառնալ, որովհետեւ մեր արժեհամակարգը բավականին հասկանալի եւ իրագործելի է: Մենք կարող ենք շատ այլ բաներ անել, բայց չենք անում եւ ասում ենք, որ երկխոսությունը միակ դաշտն է, իսկ երկխոսությունը մոնոպոլիաներ չի ճանաչում, նույն գործողությունը կարող է ընդգծված լինել եւ Դաշնակցության հետ, եւ ընդդիմության մյուս ճամբարների հետ, ինչու չէ՝ նաեւ այն ճամբարների հետ, որոնք այլ գաղափարախոսություն են կրել կամ այլ մոտեցում ունեն: