Օրերս Զովունիում գործող «Միլիոն» խաղատանը հերթական միջադեպն է տեղի ունեցել: «Առավոտի» տեղեկություններով՝ ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով: Այս տարվա հուլիսի 18-ին, ժամը 02.00-ի սահմաններում, կրծքավանդակի ձախ հատվածում ստացած դանակի երկու հարվածից անգիտակից վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 25-ամյա Մովսես Ալեքյանը: Վերջինս որպես անվտանգության աշխատակից աշխատում է «Միլիոն» խաղատանը: Այդ օրը խաղատան աշխատակիցների եւ այցելուներից մեկի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, այնուհետեւ՝ ծեծկռտուք, որն ավարտվել է դանակահարությամբ: «Առավոտի» տեղեկություններով՝ այս տարի ընդհանուր առմամբ հանրապետությունում գործող խաղատներում, ժամանցի վայրերում եւ գիշերային ակումբներում տեղի է ունեցել 130 միջադեպ, այդ թվում՝ ծեծկռտուք, դանակահարություն, հրազենի գործադրմամբ գործողություններ: