Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով փոխտեղակալ Թոմաս Մելիան Հայաստանի իշխանություններին կոչ է անում 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններում զոհվածների մահվան հանգամանքների լիակատար հետաքննություն անցկացնել:
Այս մասին ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովում՝ «Ժողովրդավարության եւ ազատությունների վիճակը Արեւելյան Եվրոպայում» խորագրով քննարկման ժամանակ:
Ողջունելով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսություն սկսելու՝ Հայաստանի իշխանությունների ջանքերը, Թոմաս Մելիան հորդորել է այդ ջանքերում ընդգրկել ընդդիմադիր բոլոր կուսակցություններին:
«2008-ի նախագահական ընտրություններին հաջորդած բախումների հետեւանքով ազատազրկվածներին ազատ արձակելու՝ կառավարության քայլը եւս դրական զարգացում է: Այդուհանդերձ, մենք կոչ ենք անում կառավարությանը՝ կատարել իր խոստումը եւ առավել ամբողջական հետաքննություն անցկացնել 10 զոհերի մահվան պատճառ դարձած հետընտրական բախումների հանգամանքները բացահայտելու ուղղությամբ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը՝ ընդգծելով նաեւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:
«Գալիք՝ 2012 թվականի ընտրությունները կառավարության համար կարեւոր հնարավորություն են՝ առաջընթաց ցույց տալու ժողովրդավարացմանն ուղղված իր պարտավորությունների կատարման գործում»,- ասել է Թոմաս Մելիան:
Լրատվամիջոցների ազատության թեմային անդրադառնալով՝ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է բազմակարծության խթանման, անկախ լրատվամիջոցների նկատմամբ՝ «ինչպես, օրինակ, ԳԱԼԱ հեռուստաընկերությունը», ավելի մեծ հարգանքի անհրաժեշտությունը:
Թոմաս Մելիան այս տարվա հունիսին էր այցելել Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան։ Իր զեկույցում նա անդրադարձել է նաեւ Վրաստանում, Ադրբեջանում եւ եւս 8 երկրներում ժողովրդավարության վիճակին: