ՍԴՀԿ ատենապետի խորհուրդը ՀՀԿ փոխնախագահին
Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Գալուստ Սահակյանը մեր օրերի թերեւս միակ իշխանական գործիչն է, ով երկխոսության այս մթնոլորտում շարունակում է նույն համառությամբ եւ նույն արհամարհանքով խոսել ընդդիմախոս ՀԱԿ-ի եւ նրա առաջարկների, գործողությունների մասին: Մասնավորաբար, երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու ՀԱԿ-ի պահանջին՝ նա «անհեթեթություն» է որակել նման մոտեցումը: Մեկնաբանելով իր որակումը՝ նա նաեւ հստակեցրել է՝ «որովհետեւ նախ՝ քաղաքական պայմանը չկա, եւ հետո՝ չի կարելի մտածել, թե Կոնգրեսը այնքան ուժեղ է, որ կարող է նման ուլտիմատումով հանդես գալ»:
ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահի արտահայտած այս տեսակետին՝ հիշեցրեց, որ Գալուստ Սահակյանը նաեւ կանխատեսում էր, որ իշխանությունն ուժեղ է եւ ոչ մի բանակցությունների էլ չի գնա, ոչ մի ձեւաչափով էլ ՀԱԿ-ի հետ երկխոսության չի գնա, ու նկատեց, որ այս «դառը փորձն» աչքի առաջ ունենալով՝ ինքը չի կարող լուրջ վերաբերվել Գալուստ Սահակյանի հայտարարություններին:
Այնուհանդերձ, տիկին Սարգսյանը Գալուստ Սահակյանին առաջիկայի համար խորհուրդ տվեց՝ համառորեն առաջ չտանել իր տեսակետը, որը քաղաքական կուրության է նմանվում կամ իրավիճակը չըմբռնելու. «Ոչինչ մի բացառեք: Քանի որ Գալուստ Գրիգորիչը բավականին բարեկեցիկ կյանքով է ապրում, գուցե իր համար այդքան էլ տեսանելի չէ մեր ողբերգական իրականությունը, որ օր առաջ լուծումներ է պահանջում: Ցավում եմ, բայց նրան առաջիկայում հիասթափություն է սպասվում, քանի որ ակնհայտ է, որ չի տիրապետում, գիտակցում կամ պատկերացնում իշխանական հատվածի տրամադրությունները, չի հասկանում երկրում ստեղծված ծանրագույն սոցիալ-տնտեսական ճգնաժամը: Սա խոսում է այն մասին, որ Գալուստ Սահակյանի քաղաքական գործունեությունը, հավանաբար, շատ մոտ ապագայում կավարտվի»:
Մեկ այլ ՍԴՀԿ-ական՝ Գուրգեն Եղիազարյանն էլ հավելեց. «Իսկ ինձ համար անհեթեթ է, որ իշխանության թառը նվագող Գալուստ Սահակյանի որդին, ով ավարտել է Երեւանի թատերական արվեստի պետական ինստիտուտը, այսօր զբաղեցնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի աթոռը, իսկ իմ որդիները, ունենալով մասնագիտական կրթություն, գործազուրկ են իմ՝ ընդդիմադիր լինելու պատճառով, անհեթեթ եմ համարում, երբ օրվա հացի հարց լուծելու համար Երեւանի կենտրոնում բնակվողների 90 տոկոսն իր բնակարանները վաճառեց եւ տեղափոխվեց քաղաքի ծայրամասեր, անհեթեթ եմ համարում, երբ Forbes-ը մեր հուժկու բենգալյան վագրին 177 երկրներից տեղադրում է 176-րդ տեղում, իսկ վարչապետը ժպտում է ու խոսում տնտեսական աճից, անհեթեթ եմ համարում, երբ Հայաստանը հայաթափվում է, եւ վարչապետը նորից ժպտում է, երբ տավարի մսի հինգ կիլոգրամը համարժեք է նվազագույն զամբյուղին, երբ մարտի 1-ի մարդասպանները մինչ օրս ազատ քայլում են Երեւանի փողոցներում, երբ շուկայի վաճառասեղանի ետեւում նախկին պրոֆեսորն է խնձոր վաճառում, երբ ընտրողների իրականում 2 տոկոս ձայն ստացած մարդիկ նստած են ԱԺ-ում, ու նրանցից մեկն էլ ԱԺ-ում նստած՝ 100 դրամանոց երթուղային տաքսիների գծերով երեւանցիների կաշին է քերթում: Եթե Գալուստն ուզում է՝ ես կարող եմ դեռ երկար շարունակել այս շարքը, բայց անհեթեթ եմ համարում, երբ Գալուստն է խոսում անհեթեթությունից»:
Իսկ ՀԱԿ-ի հրապարակած՝ ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված լուծումների փաթեթը, որտեղ անհրաժեշտ է համարվում հոկտեմբերի կեսերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ, ապա, անմիջապես հետո, սահմանված ժամկետների պահպանմամբ, անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ եւ իրավական, եւ տեխնիկական առումով տիկին Սարգսյանը միանգամայն իրագործելի է համարում: «Այս բանակցությունների արդյունքում ավելի շատ իշխանությունն է շահեկան վիճակ ունենում, քան ընդդիմությունը՝ այն առումով, որ իշխանությանը, փաստորեն, նաեւ առաջարկ է արվում ողջամտություն դրսեւորել եւ բարեփոխումների մասնակիցը դառնալ: Ժողովրդի ռադիկալ տրամադրությունները եւ դրսեւորումները միանգամայն հիմնավորված են, եւ պետք է ընթանան բարեփոխումներ, իսկ դրանք կարող են այլ սցենարներով ընթանալ՝ չվերահսկվելով իշխանության կողմից: Իսկ մենք, որպես ժողովրդի եւ պետականության շահերով առաջնորդվող քաղաքական ուժ, միանշանակ կանգնած կլինենք ժողովրդի կողքին: Այդ դեպքում իշխանությունը կմնա «խաղից դուրս»,- կարծում է ՍԴՀԿ ատենապետը: