Հղի կանայք շատ հանգիստ կարող են ինքնաթիռով ճանապարհորդել մինչեւ հղիության 36 շաբաթը: Մասնագետների կարծիքով, ինքնաթիռով ճանապարհորդության ամենահարմար ժամանակաշրջանը հղիության երկրորդ եռամսյակն է: Այս ընթացքում անհրաժեշտ է ունենալ բժշկական տեղեկանք, որում զետեղված լինեն հղիության մասին տեղեկություններ, ինչպիսիք են, օրինակ՝ հղիության ամիսը, զարգացումը եւ ծննդաբերության ժամկետը: Ինքնաթիռով թռչելիս հղի կանանց խորհուրդ է տրվում օգտվել ամրագոտիներից, սակայն այնպես, որ նրանց մոտ չառաջանա որեւէ անհանգստություն կամ անհարմարավետության զգացում: Իսկ մետաղական դետեկտորը՝ որոշիչը, որի միջով պարտադիր անցնում են ինքնաթիռով թռչողները, չեն պարունակում պտղի համար վնասակար ճառագայթներ: Ըստ մասնագետների՝ այն ժամանակ, երբ ինքնաթիռով թռչելիս հղի կինն իրեն լավ չի զգում եւ շնչառությունը սկսում է դժվարանալ, պետք է անհապաղ օգտագործի ինքնաթիռում առկա թթվածնային դիմակը: Իսկ բարձրությունից վախերի առկայության դեպքում՝ հարկավոր է ընդունել համապատասխան դեղահաբեր (անքսիոլիտիկներ)՝ ըստ բժշկի ցուցումների: Երկարատեւ թռիչքների դեպքում առկա է անոթային թրոմբի վտանգը: Այդ իսկ պատճառով մասնագետները նմանօրինակ վտանգներից խուսափելու համար խորհուրդ են տալիս յուրաքանչյուր 30 րոպեն մեկ շարժվել՝ կատարելով ֆիզիկական մի քանի թեթեւ վարժություն, օգտագործել շատ հեղուկ (ոչ գազավորված): Ինքնաթիռի խոնավությունը նորմայից ցածր է, որի պատճառով մարմինը կարող է ջրազրկվել: Մինչ ինքնաթիռով թռչելը՝ հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ, նույնիսկ այն դեպքում, երբ հղիությանը ոչ մի վտանգ չի սպառնում: Իսկ վատ զգացումների պարագայում պետք է անմիջապես դիմել ինքնաթիռի անձնակազմի օգնությանը, քանզի նրանք մասնագիտացված են նույնիսկ երեխա լույս աշխարհ բերելու գործում: