Առավելագույնը՝ հայկական քթերը վիրահատում
Բոլոր հանրաճանաչ մարդկանց, առավել քան շարքայիններին, մտահոգում է իրենց արտաքինը։ Նրանք գրեթե ամեն ինչի պատրաստ են, որպեսզի բեմում կամ էկրանին ամենագեղեցիկը երեւան։ Այդ նպատակով համաշխարհային աստղեր Շերը, Մադոննան, Մայքլ Ջեքսոնը, Պամելա Անդերսենը եւ այլք չեն վախեցել բազմաթիվ պլաստիկ վիրահատություններից։ Իսկ հայաստանյան հին եւ նոր աստղերը գրեթե հավատարիմ են մեր մենտալիտետին։ Նրանք եթե դիմում են վիրահատության, ապա հիմնականում միայն իրենց հայկական քիթը բեմական դարձնելու համար։
Երիտասարդ եւ գեղեցիկ երեւալու համար հայ աստղերը հաճախ սանրվածքն են փոխում, ոճը, բայց ոչ մի դեպքում մարմնի որեւէ հատված պլաստիկ վիրահատության միջոցով չեն ձեւափոխում։ Մեր աստղերից միայն մի քանիսն են, որ ենթարկվել են պլաստիկ վիրահատությունների, մարմնի որոշ հատվածներ շտկելու համար. վերջինները հայկական շոու-բիզնեսի մեջ հավանաբար ամենահարուստներն են, որովհետեւ պլաստիկ վիրահատություններն էժան հաճույք չեն: Ըստ շրջանառվող լուրերի, արտասահմանում պլաստիկ վիրահատությունների են ենթարկվել երգչուհիներ Նունե Եսայանը, Սիրուշոն:
Մեր աստղերի անընդհատ նոր կերպարով հանդես գալու ձգտումը հիմնականում սահմանափակվում է սանրվածքն ու մազերի գույնը փոխելով: Եվ այդ մեթոդի կողմնակիցներն են հատկապես երգչուհիներ Շուշան Պետրոսյանն ու Արմինկան։
Չգիտես ինչու, տարիքով ավելի երիտասարդ մեր աստղերը՝ երգչուհիներ Էմմին եւ Սիրուշոն ուզում են մեծ երեւալ, եւ հաճախ էկրանին երեւում են հասուն կնոջ սանրվածքներով, այնինչ՝ նրանք այնքան բնական եւ հաճելի տեսք ունեն պարզապես իրենց երիտասարդությամբ։ Սիրուշոն իր մայրիկի՝ Սյուզան Մարգարյանի կողքին նրա կրկնօրինակն է դառնում, իր մոր նման սանրվածք անելով։ Էմմին իր մայրիկին՝ Նադեժդա Սարգսյանին նման չէ, ի դեպ՝ վերջինս արդեն մի քանի տարի է՝ մազերի ձեւը չի փոխում ու այն բավականին տեղին է ընտրված։
Նկատենք, որ մեր աստղերի սանրվածքները փոփոխվելուց հետո նրանց ճանաչված լինելը ոչ ավելացել է, ոչ էլ նվազել։
Ինչ վերաբերվում է ուժեղ սեռին պատկանող մեր աստղերին, ապա նրանք միշտ չէ, որ սանրվածք են փոխում կամ գեղեցկանալու տարբեր մեթոդներ փորձում։ Նրանք հիմնականում իսկական հայ տղամարդու պես կարճ կտրած մազերով են մնում։ Երեւի թե բացառություն է երգիչ Անդրեն, որը վերջերս անցել է կարճ մազերի, սակայն տարբերվելով մնացյալից:
Արտաքնապես փոփոխության չի ենթարկվել երգիչ Թաթան, որը ինչպես 90-ականներին էր, այնպես էլ հիմա է։
Ոճային առումով չեն փոխվել դերասաններ Սոս Սարգսյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Հրանտ Թոխատյանը, Աշոտ Ղազարյանը, երգիչներ Ռուբեն Մաթեւոսյանը, Ռուբեն Հախվերդյանը, Հարութ Փամփուկչյանը, Եղիշե Պետրոսյանն ու Արտավազդ Բայաթյանը, ինչպես նաեւ Կամերային թատրոնի ղեկավար ու դերասան Արա Երնջակյանը։ Նրանք պարզապես մեծացել են։ Տեղին է նշել, որ տղամարդուն ալեհեր մազերն ավելի գրավիչ են դարձնում։
Դերասան Արմեն Ջիգարխանյանը երիտասարդ տարիներին երբ նկարահանվում էր ֆիլմերում, շատ հայկական եւ առնական տեսք ուներ, իսկ հիմա դարձել է պարզապես բարի պապիկ, որի դեմքին մեղմություն կա։
Դուդուկահար Ջիվան Գասպարյանի դեմքին լրջությունը նկատվում է անգամ նրա պատանեկան տարիների լուսանկարներից, որը չի մարել նաեւ հիմա։ Սիրված հաղորդավար Նառա Շլեպչյանի կերպարը տարիների հետ չի փոխվել, նրա մշտական սանրվածքն ու ընդհանուր տեսքը ինչպես 1950-60-ականներին էր գրավում, այնպես էլ հիմա։ Երգչուհի Ռաիսա Մկրտչյանը եւս արտաքնապես չի փոխվել, միայն մազերի գույնն է փոխել, սակայն նա դեռ երիտասարդ ժամանակ է հայկական քիթը վիրահատել ու իր նախկին քթով լուսանկարները՝ վերացրել։