Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված միջազգային ներկայացուցչական մրցաշարում չորս մեդալ է նվաճել: Լրատվամիջոցների տեղեկացմամբ, գերազանց է հանդես եկել 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը: Նա հաղթել է նախնական փուլերի բոլոր մրցակիցներին եւ, մտնելով եզրափակիչ՝ պարտության է մատնել նաեւ Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջիլշոդ Մանսուրովին ու դարձել այս քաշային կարգում մրցաշարի հաղթող: Առաջին տեղը գրավելուն մեկ քայլ չի բավականացրել Դավիթ Սաֆարյանին (66 կգ քաշային կարգ), որը վճռորոշ գոտեմարտը տանուլ է տվել ուկրաինացի մրցակցին: «Sportinfo.am»-ը տեղեկացնում է, որ մեր ազատ ոճի հավաքականի լեգեոներականներ, 74 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը եւ Մուրադ Նուրմագամեդովը՝ 84 կգ, եզրափակիչ չեն մտել՝ բավարարվելով երրորդ մրցանակային տեղով: