Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏԻ ԹԻՄԱՅԻՆ ԲՈԼՈՐ ԳԱԳԱԹՆԵՐԸ ՆՎԱՃՎԱԾ ԵՆ

Հուլիս 27,2011 00:00

Նինբոյում ընթացող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունն ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի
փայլուն հաղթանակով:

\"\"

Առաջնության վերջին տուրում հենց սկզբից առաջատարի դերն ստանձնած Հայաստանի ազգային հավաքականից միակ չնվաճված բարձունքն էլ «սեփականաշնորհելու» համար պահանջվում էր ընդամենը ոչ-ոքի խաղալ Ուկրաինայի շատ ուժեղ թիմի հետ, ինչն էլ մեր շախմատիստներն արեցին: 2:2 եւ Հայաստանը նաեւ աշխարհի թիմային չեմպիոն է: Արժե հիշել մեր ընտրանու անցած ճանապարհը Նինբոյում առաջին իսկ տուրից սկսած. Հայաստան-Իսրայել՝ 3,5:1,5, Հայաստան-ԱՄՆ՝ 2:2, Հայաստան-Ռուսաստան՝ 2:2, Հայաստան-Եգիպտոս՝ 3,5:0,5, Հայաստան-Չինաստան՝ 2,5:1,5, Հայաստան-Հնդկաստան՝ 2,5:1,5, Հայաստան-Հունգարիա՝ 2,5:1,5, Հայաստան-Ադրբեջան՝ 2:2, Հայաստան-Ուկրաինա՝ 2,2: Վիճակագիրները գրանցեցին մի շատ կարեւոր փաստ: Հայաստանն աշխարհի 10 ուժեղագույն հավաքականների պայքարում միակը դարձավ, որն այդպես էլ չճաշակեց պարտության դառնությունը: Եվ դա այն դեպքում, որ մեր արդեն չեմպիոն թիմն այս մրցաշարին մասնակցեց ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի ընտրությամբ:
Շախմատը, ըստ էության, անհատական մարզաձեւ է. շախմատիստը նստում է խաղատախտակի առջեւ ու, ինչպես մենապայքարային մյուս մարզաձեւերում, մրցակցի հետ դեմ-դիմաց՝ լուծում իր խնդիրները: Սակայն թիմային պայքարում գործում է մեկ այլ գաղափար՝ միասնականությունը, մի բան, որ հասկանալի եւ մատչելի չէ մյուս երկրների համար: Մասնավորապես, Հայաստանը, որքան հիշում ենք, եւ համաշխարհային օլիմպիադաներում, եւ աշխարհի, եւ ոչ էլ Եվրոպայի առաջնություններում իր միջին վարկանիշով երբեք առաջատար չի եղել: Սակայն հաղթել է: Ու մյուս երկրները դրանից հետո ընդունել են, որ իրենց կազմերում ունենալով համաշխարհային դասակարգման ցուցակում անհատական վարկանիշով ավելի բարձր տեղ զբաղեցնող գրոսմայստերներ, չեն կարողացել սպասվող հաջողությանը հասնել: Նինբոյում էլ այդպես եղավ: Հիմա պատկերացնում ենք, թե, ասենք, Ռուսաստանը, Ադրբեջանը, Չինաստանը, Հնդկաստանը, նաեւ Իսրայելն ու ԱՄՆ-ն իրենց մտքում ինչեր են ասում Իլյումժինովին՝ միակ թափուր տեղի համար նախապատվությունը Հայաստանին տալու համար:
Հայաստանի հավաքականի անդամները Նինբոյում մրցակիցների համար այդպես էլ անլուծելի գլուխկոտրուկ եղան: Ամեն մի տուրում մեր գրոսմայստերներից որեւէ մեկը հերոսացավ՝ իր թիմին ու երկրին ճիշտ պահին ու ճիշտ տեղում անգնահատելի ծառայություն մատուցելով: Եթե մեր առաջատար Լեւոնի մոտ ինչ-որ բան չէր ստացվում, պակասը լրացնում էին կամ Սերգեյը, կամ Վլադիմիրը, կամ Գաբրիելը: Եվ ուրախալի է, որ իր ավագ ու փորձառու ընկերներից ետ չմնաց նաեւ հավաքականի նորաթուխ անդամ, Հայաստանի չեմպիոն, երիտասարդ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Ճիշտ է, նա մասնակցեց ընդամենը մի խաղի, բայց՝ պատվով ու անհատական մեկ հաղթական միավոր բերեց իր թիմին:
Հայաստանն աշխարհի չեմպիոնն է: Թիմային բոլոր բարձունքները նվաճված են, իսկ առջեւում նոր գագաթներ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել