Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ են ինձ դրել ինտերնետի մեջ»

Հուլիս 27,2011 00:00

\"\"Ջիվան Գասպարյան- հարեւաններ վեճը շարունակվում է

Ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանը զայրացած է: «Ամեն ինչն էլ սարքովի բաներ են»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանը ասաց նա: Զայրույթի պատճառն էլ նրա հարեւանների բարձրացրած բողոքն է այն մասին, իբր դուդուկահարը, օգտագործելով իր անձնական կապերը եւ դիրքը, որոշել է շենքի դիմացի մասը ճանապարհ դարձնել՝ իր երթեւեկության համար. այնինչ, ըստ բնակիչների՝ այն բակ է, երեխաները այնտեղ խաղում են: «Ես քաղաքապե՞տ եմ, թաղապե՞տ եմ: Ի՞նչ գործ ունեմ: Այս ի՞նչ պատմություն է»,- զայրանում է նա՝ ասելով, որ ինքը չէ այդ հարցի որոշողը եւ պատմում, որ երկու ամիս առաջ է իրենց շենքի մոտ հանդիպել թաղապետարանի աշխատողներին: Ըստ Ջիվան Գասպարյանի պատմածի՝ նրանք եկել էին՝ տեսնելու՝ ինչ կա այդ տարածքներում, երաժիշտն էլ իր կողմից ասել էր, որ լավ կլիներ այդտեղ ճանապարհ բացվեր, միակ ճանապարհը, որ ծառայում է շենքից դուրս գալուն՝ շատ նեղ է, կեղտոտ: Արվեստագետը նաեւ ասում է, որ շենքի բնակիչներից շատերն են բողոքել, որ այդ շենքը փակուղու մեջ է, ճանապարհին կայանում են Մանկավարժական համալսարանի ուսանողների մեքենաները, այլ մեքենաները չեն կարողանում անցնել, մեկը հիվանդանում է, շտապօգնությունը չի կարողանում շենք մտնել: «Ասել եմ՝ ճանապարհը բարեկարգեք, լույսերը քաշեք, աղբը մաքրեք, ճանապարհ բացեք, վա՞տ եմ արել: Իսկ բողոքողներն ասում են՝ Ջիվան Գասպարյանը ասել ա՝ եկեք քանդեք: Նախագա՞հ եմ, ես ո՞վ եմ, ես կարող եմ միայն ցանկություն հայտնել»,- ասում է Ջիվան Գասպարյանը: Նա սրտնեղում է. «Ամբողջ աշխարհը ինձ ճանաչում է, ինչպե՞ս կարելի է ինձ տանել դնել ինտերնետ եւ ասել, որ ես փակում եմ երեխաների խաղալու տարածքը»: Վարպետը որեւէ մեկին մեղադրելու ցանկություն չունի, ենթադրում է, որ այնտեղ գործող կրպակի տերերն են ամեն ինչը կազմակերպել, եթե այդտեղից ճանապարհն անցկացնեն՝ պետք է կրպակները հանվեն: «Նրանք բոլորն իրար բարեկամ են: Մի օր այդ մարդիկ գնացել էին, որ կրպակի ժամկետը երկարացնեին, թաղապետարանը չէր թույլատրել, մտածել էին՝ ես եմ ասել: Ախր ես էդ կրպակների հետ ի՞նչ գործ ունեմ: Ես կրպակ քանդո՞ղ եմ»,- ասում է նա: Ջ. Գասպարյանը չի համաձայնում հարեւանների տարածած այն տեղեկատվության հետ, թե ինքը շենքի առջեւ ճանապարհ բացելը վաղուց քննարկել է ՀՀ նախագահի հետ: «Բա ամոթ չի՞: Նախագահն էլ գործ չունի՞, պետք է գա Այգեստան 7-րդ փողոցի հարցերը լուծի՞»,- ասում է նա:
«Առավոտը» եղավ նաեւ Ալեք Մանուկյան 15-րդ շենքի բակում, որի դիմաց գտնվում է Ջիվան Գասպարյանի տունը: Այստեղ հավաստում են, որ ամբողջ շենքով մասնակցել են նախագահին դիմում ուղղելուն: Մեզ հանդիպած բնակիչները, որոնք վեցն էին, համոզում էին, որ բակի մասից ճանապարհ բացելը իսկապես Ջիվան Գասպարյանի գաղափարն է: «Թող տասը տարի առաջ որոշեին, ինչի՞ են դա հիմա անում»: «Առավոտը» իր զրուցակիցներից հետաքրքրվեց՝ մի՞թե չեն գնահատում աշխարհահռչակ դուդուկահարին: «Ես Գեւորգ Դաբաղյանին եմ սիրում»,- ասաց բնակիչներից մեկը, մյուսն էլ, թե. «Արամ Ասատրյանն էլ էր բոլորին հայտնի: Ինչի՞ են միայն Ջիվան Գասպարյանին գովում»: Իսկ, ընդհանրապես, նրանցից վեցն էլ չէին սիրում դուդուկահարին, մեկն էլ ասաց, որ նա ոչ ոքի հետ չի շփվում. «Նա ի՞նչ հարեւան է որ»: Երբ փորձեցինք պարզել՝ նրանց մեջ կա՞ շենքին կից կրպակների սեփականատեր, սկզբից խուսափում էին, հետո «բացվեցին»՝ ասելով, թե այդ կրպակներով ընտանիք են պահում:
Ցանկացանք խնդրի մասին իմանալ նաեւ Երեւանի քաղաքապետարանի տեսակետը: Քաղաքապետարանից մեզ տվեցին գլխավոր ճարտարապետի մամուլի պատասխանատու Անահիտ Եսայանի հեռախոսահամարը, ով բարեհաճությամբ պատասխանեց եւ ասաց, որ կտեսնի՝ ով կարող է այդ մասին խոսել եւ կզանգի մեզ: Վերցրեց մեր հեռախոսահամարը, բայց մինչեւ աշխատանքային օրվա վերջ այդպես էլ չզանգեց: Ավել ուշ նրա համարը այլեւս չէր պատասխանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել