Մուամմար Քադդաֆին եւ նրա ընտանիքի անդամները կարող են մնալ Լիբիայի տարածքում, եթե Քադդաֆին հրաժարվի իշխանությունից: Reuters-ի փոխանցմամբ, այդ մասին գրել է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով լիբիացի ապստամբների առաջնորդ Մուստաֆա Աբդել Ջալիլին (նկարում): Ընդդիմության Ազգային անցումային խորհուրդը գլխավորող Ջալիլի մեկնաբանությունները վկայում են ապստամբների դիրքերի էական առաջխաղացման մասին: Նախկինում ընդդիմության ներկայացուցիչները պնդում էին, որ Քադդաֆին հեռանա երկրից: Հիմա Ջալիլն ասում է, թե Քադդաֆին կարող է մնալ երկրում, բայց թե՝ որտե՞ղ եւ ի՞նչ պայմաններով՝ պետք է որոշեն ապստամբները:
Wall Street Journal-ը գրում է, թե Ջալիլի այդ հայտարարությունը, ըստ ամենայնի, վկայում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Իտալիայի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարություններին աջակցելու մասին: Ջալիլը նաեւ հայտարարել է, թե ընդդիմությունը շարունակելու է պայքարել նաեւ մահմեդականների համար տոնական՝ Ռամադան ամսվա ընթացքում, որը մեկնարկում է օգոստոսին: «Պատերազմն ավարտելու երեք տարբերակ կա. Քադդաֆին հանձնվում է, նա փախչում է Լիբիայից կամ սպանվում իր թիկնապահների կամ ապստամբների ուժերի կողմից»,- հայտարարել է Ջալիլը: