Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջնորդելը անհարկի կլինի»

Հուլիս 27,2011 00:00

\"\"Ասում է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնակատար Արա Ավետիսյանը

«Առավոտը» տեղեկացրել է, որ ԿԳ նախարարի հրամանով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ԿԳ նախկին փոխնախարար Արա Ավետիսյանը՝ մինչեւ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը: «Առավոտը» երեկ պարոն Ավետիսյանին հարցրեց, անակնկա՞լ էր իր համար այս նշանակումը եւ երբեւէ ցանկացե՞լ է ռեկտոր լինել: Նա ասաց, որ գերատեսչական աշխատանքային փորձառության համար 15 տարին իսկապես շատ է համարում, ու ստեղծագործական կեցվածք ունեցող ցանկացած մարդ էլ 15 տարի աշխատելուց հետո այլ տեղ է ցանկանում իրեն փորձել բովանդակային մասով. «Մի բան ակնհայտ էր, որ կրթության եւ գիտության ոլորտից դուրս չէի գնալու»: Այնպես որ, պարոն Ավետիսյանը իր նշանակումը հանպատրաստից ընդունած որոշման արդյունք չի համարում:
Մեծ կապեր ունեցող ռեկտորի պաշտոնակատարից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վարվելու, երբ, օրինակ, ազդեցիկ մեկը միջնորդի որեւէ մեկի քննությունը բարձր նշանակել, կարողանալո՞ւ է մերժել: «Կարճ ժամանակից կհամոզվեք, որ ուսումնական գործընթացը, քննական ընթացիկ եւ փուլային, ավարտական-փոխադրական ստուգումները կկազմակերպվեն այնպիսի մեխանիզմերով, որ որեւէ միջնորդություն ո՛չ տեղին կլինի, ո՛չ էլ հնարավոր: Կարծում եմ, որ միայն այս ճանապարհն է, որ մեր հաստատությունները կհանի ռիսկային գոտուց: Զուտ մարդկային հարաբերությունների դաշտում գտնվելը մարդուն խոցելի է դարձնում, ուստի պիտի հասնենք գործի այնպիսի կազմակերպման, որ եւ միջնորդելը անհարկի լինի, եւ անհնար՝ գործընթացային աջակցությունը: Այս դեպքում միարժեք կդառնա ուսումնառության ձեւով գիտելիքների, կարողությունների կիրառումը: Այսինքն՝ պիտի գտնենք աշխատանքի կազմակերպման այնպիսի ձեւեր, որ երկու կողմին էլ կազատի այդ վիճակից: Սա կոռուպցիոն ռիսկերի գոտուց հաստատությունը եւ մարդկանց հեռացնելու միակ ճանապարհն է»,- պատասխանեց Ա. Ավետիսյանը: Ապա ժպիտով ավելացրեց. «Ինչ վերաբերում է կապերին, ապա ազդեցիկ միջնորդողների հնարավորությունները կփորձեմ ծառայեցնել բուհի շահերին»: Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնակատարի հետ հարցազրույցը՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել