Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՌԱԴԻՈՒԹՅՈՒՆ», ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ «ՏԵՐՄԻՆԱՏՈՐ»

Հուլիս 27,2011 00:00

Ապագա օպերատորներից ոչ բոլորն են քննությանը պատրաստված ներկայանում

\"\"

Երեկ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում «օպերատորություն» մասնագիտության գծով 17 դիմորդ հարցազրույց-քննություն հանձնեց, որից 2-ը Գյումրու մասնաճյուղի դիմորդ էր:
Հանձնաժողովում օպերատորներ Վրեժ Պետրոսյանն էր, Շավարշ Վարդանյանը, Արտյոմ Մելքումյանը, Հրանտ Հակոբյանը եւ, իհարկե, բուհի ռեկտոր Արմեն Մազմանյանը: Հանձնաժողովը նախագահում էր կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը: Օպերատորների կուրսը ղեկավարելու է Շավարշ Վարդանյանը:
Առաջին քննություն հանձնողը Վահե Ղազարյանն էր: Չնայած նա անվստահ էր պատասխանում հարցերին, բայց պատասխանները բավարարեցին հանձնաժողովին: Ա. Մազմանյանը նկատեց՝ «Շարիկներն աշխատում են, լա՛վ է…»: Վ. Պետրոսյանին մասնավորապես դուր եկավ դիմորդի՝ Ֆելինիի ֆիլմերի մասնագիտական վերլուծությունը:
Տաթեւիկ Թադեւոսյանը հանձնաժողովին գրավեց հայկական կինոյում հայ կոմպոզիտորների դերի մասին իր տեղեկություններով: Շ. Վարդանյանին էլ անակնկալի բերեց դիմորդի 19-րդ դարի ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի հանդեպ ունեցած սերն ու նրա քանդակների վերլուծությունը: Տաթեւիկը հանձնաժողովին ասաց, որ իր երազանքն է լինել Ֆրանսիայում եւ տեսնել Ռոդենի քանդակները: Վ. Պետրոսյանը նրան խորհուրդ տվեց Ֆրանսիա չհասնել Ռոդենի աշխատանքները տեսնելու համար. «Սանկտ Պետերբուրգ էլ հասնես՝ բավարար է. Էրմիտաժում կա»: Օպերատոր դառնալու որոշումը դիմորդն ընդունել է նկարելու հանդեպ ունեցած մեծ սիրուց:
Վարդան Հարությունյանը այնքան վարժ թվեց քննական տոմսում նշված ֆիլմերի ռեժիսորների, օպերատորների, նույնիսկ կոմպոզիտորների անունները, որ հանձնաժողովի անդամներին կասկածելի թվաց: Ս. Հարությունյանը հետաքրքրվեց՝ իսկապե՞ս թվարկած բոլոր անունները հիշում է, թե՞ պատրաստվելու ընթացքում ինչ-որ տեղից օգտվել է: Հանձնաժողովին մասնավորապես կասկածելի թվաց այն, որ Վարդանը ֆիլմերի անուններն ու հեղինակներին ռուսերեն էր թվում: Կասկածները ցրվեցին, երբ տոմսից դուրս դիմորդը կողմնակի հարցերին էլ նույն հեշտությամբ պատասխանեց: Վ. Պետրոսյանը խոստովանեց, որ Վարդանը թվում է այնպիսի անուններ, որ անգամ ինքը չէր կարող հիշել:
Քննության ընթացքում դիմորդներից մեկի կողմից արտագրության փորձ եղավ, սակայն քննության համակարգողն արագ նկատեց եւ վերցրեց ծածկագիրը:
Դիմորդներից մեկը ռեժիսորներին, օպերատորներին եւ այլոց միայն նրանց ազգանունների առաջին տառերով էր հիշում, հանձնաժողովն էլ նրան օգնում էր շարունակել: Օրինակ, հարցին՝ ո՞վ է «Պեպոյի» գրական տարբերակի հեղինակը, դիմորդը պատասխանում էր՝ Ս…., հանձնաժողովն էլ շարունակում՝ Սունդուկյանը:
Գյումրու մասնաճյուղի դիմորդ, գյումրեցի Վահագն Վարակյանը քննության ընթացքում խնդրեց հանձնաժողովին փոխել տոմսը՝ պատճառաբանելով, որ առաջին հարցը չգիտի: Վ. Պետրոսյանը բարձրաձայն կարդաց դիմորդի՝ նկարիչներ Մարտիրոս Սարյանի եւ Մինաս Ավետիսյանի մասին հարցը եւ ստիպեց դիմորդին նույն հարցատոմսով վերադառնալ տեղը եւ շարունակել պատրաստվել: Արդեն հանձնաժողովի առջեւ Վահագնը վերջնականապես հունից հանեց քննություն ընդունողներին, երբ Մինաս Ավետիսյանին բնութագրեց որպես մանրանկարիչ, իսկ Մարտիրոս Սարյանին՝ լեռներ նկարող: Ա. Մազմանյանը հետաքրքրվեց՝ գյումրեցի դիմորդը գոնե եղե՞լ է գյումրեցի Մինասի արվեստանոցում: Վահագնը պատասխանեց. «Չէ՛, ինձ չի հետաքրքրել, որ գնամ»: Ա. Մազմանյանը տեղից բղավեց՝ «Ինչպե՞ս կարելի է քննությանը գալ այսքան բառադի: Քո գիտելիքներով քեզ շատ-շատ՝ հարսանիքների հրավիրենք, գաս նկարես…»:
Մեկ այլ գյումրեցի դիմորդ՝ Գագիկ Ամբարդարյանը, մյուս դիմորդների պատասխանների ժամանակ մի քանի անգամ բարձրաձայն տեղից հուշեց: Ս. Հարությունյանը նկատողություն արեց Գագիկին՝ «Սա դպրոց չի, ցավդ տանեմ, քննություն է»: Երբ հերթը հասավ իր պատասխանելուն, Գագիկը «բերանը ջուր» առավ եւ նստեց: Նա էլ իր գյումրեցի ընկերոջ պես ոչ մի հարցի չպատասխանեց: Ա. Մազմանյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է որոշել օպերատոր դառնալ. «Հարսանիք նկարելու համար պարտադիր չէ մեզ մոտ սովորել»:
Քննական տոմսի երրորդ հարցը առաջադրանք էր, ըստ որի՝ դիմորդները պետք է քննությանը ներկայացնեին իրենց կողմից արված աշխատանքների լուսանկարչական ալբոմ: Եթե առաջին երկու հարցերին դիմորդները բավարար պատասխան չէին տալիս, հանձնաժողովի անդամները դիմորդին գնահատում էին ըստ լուսանկարչական աշխատանքների: Այդպես, օրինակ՝ դիմորդ Արսեն Մկրտչյանի պատասխանները զայրացրին հանձնաժողովին: Նա չկարողացավ պատասխանել տոմսից եւ ոչ մի հարցի: Ա. Մազմանյանը բարկացավ, երբ լսեց, որ օպերատոր դառնալ ցանկացող դիմորդը չի դիտել «Պեպո», «Տժվժիկ», «Կարինե», «Հին օրերի երգը» ֆիլմերը: «Աշխատանքներիցդ երեւում է, որ լավ աչք ունես, բայց բացարձակ չգիտություն»: Վ. Պետրոսյանը Արսենին խնդրեց նշել այն ֆիլմերի անունները, որոնք սիրում է եւ գոնե տեսել է: Երբ Արսենն ասաց, որ «Տերմինատոր» ֆիլմն է սիրում, Վ. Պետրոսյանը, առանց գլուխը բարձրացնելու, ավելացրեց. «Մի շարունակի, հակառակ դեպքում երկու բալով միավորը կիջնի»:
Վ. Պետրոսյանը դիմորդների պատասխաններից հիասթափված՝ ասաց. «Անտեղյակություն է, ինտերնետում գրված ամեն ինչ անգիր են անում, գալիս նստում մեր առջեւ: Նախորդ քննությանը մի աղջիկ դպրոցից հայոց լեզու գրականությունից 20 բալով եկել էր: Ասում եմ՝ Միքայել Նալբանդյանն ով է, ապշած նայում է երեսիս…»: Ա. Մազմանյանն էլ պատմեց, որ նախորդ օրվա՝ «կինոարվեստ» մասնագիտության գծով քննությանը երեւանցի մի տղա, չպատասխանելով ոչ մի հարցի, փորձել է հանձնաժողովին իր ձեւերով կաշառել, առաջարկել է բոլորով գնալ իրենց տուն՝ գառան միս ուտելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել