Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանամետ ընդդիմություն

Հուլիս 27,2011 00:00

\"\"Ինչո՞ւ է Հայաստանի ընդդիմությունն այսքան իշխանամետ: Ընդհանրապես, Հայաստանի քաղաքական դաշտը ընդդիմությունների ստեղծման տեսանկյունից բավական հարմարավետ է: Այստեղ մշտապես ընդդիմության ստեղծման համար պարարտ հող կա: Որպես կանոն, մեզանում ընդդիմությունները առաջանում են մի քանի հիմնական ճանապարհներով: Առաջին. օբյեկտիվ իրողություններից առաջացած ընդդիմություն: Սա գաղափարական ընդդիմություն է, որը ստեղծվում է հասարակության արդարացի բողոքի հիման վրա եւ անկեղծորեն առաջ է տանում հասարակության շահերը: Երկրորդ. ընդդիմադիր դարձած նախկին իշխանավորներ եւ նրանց հարող խմբեր: Երրորդ. իրավիճակային ընդդիմություն: Այս տեսակը մշտապես կարող է վերածվել ընդդիմության, այն դեպքում, երբ իր գաղափարներն ու շահերը հակասում են ստեղծված նոր իրավիճակին: Հայաստանում բավականին տարածված է նաեւ չորրորդ, կարելի է ասել՝ լաբորատոր պայմաններում ստեղծված կամ «գենետիկորեն մոդիֆիկացված ընդդիմություն (իշխանության գենով)»: Վերջինս ստեղծվում է իշխանության պրոյեկտով, աճում է շատ արագ, առանց էական խոչընդոտների: Հայաստանի բարձրագույն իշխանությունը մշտապես ունի նման իմիտացիոն ընդդիմության հավանական թեկնածուներ, որոնք ամեն պահի կարող են շատ արագ հայտնվել քաղաքական մարտադաշտում: Ընդդիմության տեսակները չեն սահմանափակվում վերը նշվածներով: Էականն այս պարագայում ոչ թե տեսակների բազմազանությունն է, այլ արդյունավետության աստիճանը: Մեզ համար, թերեւս, ամենից ցանկալին կլինի առաջին տեսակը: Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում կարելի է մտաբերել միայն 1990-ական թթ. կեսերին գործող որոշ ընդդիմադիր ուժերի, որոնք հիմնված լինելով հասարակության արդարացի պահանջի վրա, փորձում էին մինչեւ վերջ պայքարել հանուն հանրային շահերի: Սակայն փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ այսպիսի ընդդիմադիր ուժերը, ինչ-որ պահի իշխանությունների հետ գալով կորպորատիվ համաձայնության, մոռանում են թե հասարակությանը եւ թե նրա հիմնական պահանջմունքը: Վերջին շրջանի դեպքերը դրա ամենավառ ապացույցներն են: Իշխանության քաղցրությունը պատրաստ է արմատախիլ անել նույնիսկ ամենից արմատական ընդդիմության արմատները: Այն, որ իշխանության եւ ընդդիմության միջեւ կարող են առաջանալ կորպորատիվ շահեր՝ զարմանալի չէ: Այն, որ այդ շահերը կարող են փոխել ընդդիմության վարքագծի որոշակի կողմերը՝ եւս կանխատեսելի է: Այս պարագայում պետք է արժանին մատուցել իշխանություններին: Մրցավազքից առաջ հիմնական մրցակիցներին չեզոքացնել կարողանալը ինչ-որ բանի մասին խոսում է, սակայն ոչ երբեք ժողովրդի շահի մասին: Ցավոք, իշխանության եւ ընդդիմության միջեւ կատարվող յուրաքանչյուր գործարք կատարվում է հասարակության հաշվին: Եվ հասարակությունը կրկին հայտնվում է կոտրած տաշտակի առջեւ: Իշխանության խոստումների եւ ընդդիմության պահանջների իրագործումը հասարակության համար դառնում է ծիածանի պես գեղեցիկ, բայց եւ անհասանելի մի բան: Որպես կանոն, այսպիսի իրավիճակները տանում են անխուսափելի ճգնաժամերի: Հասարակությունն անցնում է հիասթափությունների սիստեմատիկ շրջափուլերով: Իշխանության եւ ընդդիմության հարաբերությունները վերածվում են իշխանության եւ իշխանության միջեւ հարաբերությունների: Հասարակության եւ իշխանության հարաբերությունները ստանում են երկկողմանի կոշտ բնույթ: Ընդդիմությունը կորցնում է իր հիմնական ֆունկցիոնալ նշանակությունը: Վերանում է հասարակության եւ իշխանության միջեւ գոյություն ունեցող միջնորդը, որը մի կողմից պետք է զգաստացնի իշխանություններին՝ հասարակության դժգոհ հատվածի շահերը ներկայացնելով նրան, մյուս կողմից զսպի հասարակությանը՝ հնարավոր անկանխատեսելի իրադարձություններից խուսափելու համար: Ինչ-որ պահի այս երկու բեւեռները միմյանց համար դառնում են անճանաչելի ու անվերահսկելի: Արդյունքում, աստիճանաբար սկսվում է կոտրվել ենթադրյալ կայունության պատրանքը եւ հասարակությանը սկսում են չհետաքրքրել ամեն տեսակ կվազի ընդդիմությունները, իրենց կվազի հայրենասիրությամբ եւ պայքար-պայքարներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել