Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՅԻՆ ՄՏՔԻ ԹԻՎ ՄԵԿ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 27,2011 00:00

Մեր ներկա իրականության մեջ հասարակական մթնոլորտը, ի թիվս այլ բաների, պղտորված է մի մեծ մոլորությամբ: Դա հանրային մտքի, էներգիայի սեւեռումն է «իշխանություն» կոչված երեւույթի վրա: Երկրում կատարվող ամեն բան կապվում է այդ երեւույթի հետ: Եվ ամեն մի ակնկալվող փոփոխություն հանգում է իշխանության փոփոխությանը:

Ինչ խոսք, այսօր նույնպես, ինչպես եւ անցած 15-16 տարիներին, իշխանության փոփոխությունը ցանկալի է, անգամ բաղձալի՝ հասարակության մեծ մասի համար: Իշխանության ցանկալի փոփոխությունը, սակայն, այդպես էլ տեղի չի ունենում: Ուրեմն, որտե՞ղ է խնդրի լուծումը: Իսկ լուծումն այն է, որ մենք դադարենք միայն իշխանության վրա կենտրոնանալ: Որեւէ իշխանություն, լինի դա այսօրվա (ու երեկվա) խայտառակը, վաղվա ընտրվածը կամ թեկուզ՝ իդեալական ընտրություններով ձեւավորվածը, չի կարող լուծել հանրային կյանքի խոր թնջուկները, չի կարող գոհացում տալ բոլոր պահանջներին: Մեր գիտակցության մեջ իշխանության ֆետիշացումը հասցրել է այն բանին, որ Սահմանադրությամբ ամրագրված՝ ժողովրդին ծառայելու կարգավիճակը իսպառ վերացել եւ միայն քրքիջ է առաջացնում: Պետական պաշտոնյաները՝ բարձրագույն թե ցածրագույն, իրենց տեր ու իշխան են զգում, սակայն՝ ո՛չ տեր կանգնող, երկրի ու մարդկանց խնդիրներ լուծող: Նրանք միայն «հարցեր են լուծում» ի շահ իրենց նեղ «կռուգի» կլանի: Նրանք ձգտում են արագ հարստանալ՝ շորթելով ու թալանելով երկիրը՝ քանի «գործի» վրա են, վաղը կարող են էլ չլինել: Մարդկանց կյանքում իշխանության դերի գերագնահատման հետեւանքով է, որ դրան ձգտում ու ամեն գնով հասնում են գլխավորապես արատավոր հոգեբանությամբ՝ նյութապաշտ ու փառամոլ գաղափարազուրկ մարդիկ: Իսկ սրանց մեջ մեծ կշիռ են կազմում անկիրթներն ու ապաշնորհները, ովքեր որեւէ ասպարեզում կայացում (կամ կայացման շանս) չեն ունեցել, հատկապես՝ ինտելեկտ, մասնագիտական հմտություն պահանջող գործերում (ակամա միտքս եկավ Մ. Բուլգակովի «Շան սիրտը»): Ի թիվս այլ չարիքների, այդպիսի մարդկանցով համալրված իշխանական համակարգը դառնում է արգելակ, ռեգրեսիվ գործոն՝ շատ ու շատ շնորհալի, ստեղծագործ անհատների կայացման ճանապարհին:
Պարույր Սեւակի «Իրերի բնությունը» բանաստեղծության մեջ կան այսպիսի տողեր.
…Բայց թշվառական այս
չորքոտանին՝ Աթոռ ասվածը,
Սա այնտեղ հասավ, որ մեզ,
ներեցեք, էշի տեղ դրեց:
Սա՛, որ ծառա է եւ պարտավոր
է ծառայել մեզ միշտ,
Մեզ է դարձրել իր անարգ
ծառան…
Սեւակյան հանճարի այս եզակի նմուշի մեջ այն ճշմարտությունն է բացահայտված, թե որքան շատ ենք մենք սեւեռվում որեւէ իրի կամ երեւույթի վրա, այնքան նրա կշիռը մեր կյանքում մեծանում է, դառնում ենք նրա գերին: Առավել քան այդպես է «իշխանություն» երեւույթի պարագայում: Իշխանության վրա մշտապես կենտրոնանալով, անկախ նրանից՝ դրվատում ենք, թե փնովում ու հայհոյում, մենք նրա դերը մեր կյանքում զորացնում ենք, դառնում նրանից ավելի ու ավելի կախյալ: Քաղաքակիրթ երկրներում (հատկապես՝ բարձր զարգացման հասած սկանդինավյան երկրներում) պետության կառավարումը վաղուց դարձել է որոշակի մասնագիտական ոլորտ: Ընդ որում, դա նույնպիսի (նույնարժեք) ոլորտ է, ինչպես, ասենք, մանկավարժությունը, բժշկությունը, գիտության, բիզնեսի ոլորտները եւ այլն: Եվ մասնագետ ուսուցիչը, գիտնականն ու բիզնեսմենը որեւէ ցանկություն չունեն մտնելու պետության կառավարման համակարգ, քանի որ դա այլ խառնվածք ու մասնագիտացում է պահանջում: Ինչ վերաբերում է կառավարման մարմինների կողմից օրինականության պահպանմանը, ապա դրան հասել են այդ երկրների ժողովուրդները, արժանապատիվ, պատասխանատու մարդկանց հասարակությունները: Դրան հասել են իրենց ակտիվ, գործունյա կեցվածքով, ջանքերը մեկտեղելով՝ շատ ու շատ խնդիրներ ինքնուրույն լուծելով: Մեծ հաշվով, Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի առաջընթացը եւ ներկայումս՝ մնացած աշխարհին թելադրողի նրանց կարգավիճակը հետեւանք են այդ երկրների հասարակությունների կողմից մարդկային արժանապատվության արժեւորման, այն բանի խորը գիտակցման, որ իրենք ազատ մարդիկ են՝ հավասար իրավունքներով օժտված: Ահա սա՛ է եղել զարգացման գլխավոր խթանը, եւ ոչ թե, ասենք, մարդկանց հարաճուն պահանջմունքները կամ գիտատեխնիկական առաջընթացը: Օրինակ, որպեսզի գործատերը բարձրացնի աշխատողների աշխատավարձը եւ կրճատի աշխատանքային օրը, որը եղել է արժանապատիվ մարդկանց պայքարով նվաճումը, նա, իր եկամուտները չկրճատելու համար, ֆինանսավորել է գիտությանը, որն էլ մշակել է նոր տեխնոլոգիաներ, բարձրարդյունավետ սարքավորումներ, նոր արտադրատեսակներ: Արդյունքում թե՛ բիզնեսում, թե՛ կառավարման համակարգում, թե՛ հասարակական կյանքի մյուս ոլորտներում, առաջին պլան են մղվել ուսյալ ու բանիմաց՝ արժանավոր մարդիկ: Արժանապատվության, սեփական իրավունքների ու բարեկեցության համար ջանքերը մեկտեղելու շնորհիվ այս երկրներում հասարակության ինքնակազմակերպման մակարդակը շատ բարձր է: Հետեւաբար, համապետական ընտրությունները, թեեւ կրում էլ են շոուի տարրեր, անցնում են իրո՛ք արդար ու թափանցիկ՝ ուժեղ հասարակության վերահսկողության տակ: Իսկ գլխավոր շեշտադրումը, պահանջը ընտրվող անձանցից (ինչպես նշեցինք), դա նրանց բարձր պրոֆեսիոնալիզմն է եւ, իհարկե, բարոյական նկարագիրը: Մեզանում այս պահանջը ձեւական կամ գրեթե ձեւական բնույթ ունի: Թե՛ խորհրդարանում, թե՛ կառավարությունում մենք տեսնում ենք ցածր պրոֆեսիոնալիզմ, հաճախ՝ բացարձակ անտեղյակություն (գլխավորը մեզանում անձնական հավատարմությունն է, նվիրվածությունը կլանի շահերին): Ամփոփենք: Ներկա իրավիճակում մեր ժողովրդի մտավոր, ակտիվ մասի գլխավոր խնդիրը պետք է լինի այնպիսի ծրագրերի մշակումն ու իրագործումը, որոնք կբարձրացնեն հասարակության ինքնակազմակերպման մակարդակը, կստեղծեն սեփական խնդիրները ինքնուրույն լուծելու ընդունակ հանրություն: Իսկ բանիմաց, ցանկալի իշխանություն կձեւավորվի միայն այն ժամանակ, երբ կունենանք արժանապատիվ մարդկանց կրիտիկական զանգված, եւ իշխանության մեջ հայտնվելը չի լինի այդքան հեշտ ու գայթակղիչ՝ առնետանման շորթողների եւ օրապակաս «աբիժնիկների» համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել