Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգստի հաճելի ու վտանգավոր վայր

Հուլիս 27,2011 00:00

\"\"Վանաձորի արհեստական լճում լողալն արգելվում է. այս մասին ահազանգում են լճի բոլոր ափերին տեղադրված ցուցանակները: «Սանէպիդկայանը գրություն է ուղարկել՝ ժամանակավոր դադարեցնել լողալը: Աշխատում ենք հնարավորինս արգելել, չնայած լողացողներ կան»,- ասաց Վանաձոր քաղաքի արհեստական լճի վարձակալ, «Ազատամարտիկ Պարգեւ» ՍՊԸ տնօրեն Պատվական Թորոսյանը:
Մինչեւ 4,6 մ խորություն ունեցող արհեստական լիճը 1965 թվականից ի վեր բաց համակարգով է գործել՝ Վանաձոր գետը թափվում է արհեստական լիճ եւ հակառակը՝ լճի ջուրը նորից լցվում է գետ: Շաբաթական չորս անգամ ջրից նմուշ է վերցվում՝ հետազոտությունների համար: Չնայած \"\"լճում անընդհատ քլորացում է կատարվում, ինչը ենթադրում է, որ այն կարող է ծառայել որպես լողավազան, առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության (ՊՀՀՏ) Լոռու մարզային կենտրոնը պնդում է, որ լողալն արգելվել է ստեղծման օրվանից:
Վերջին տարիներին մեր գետերի աղտոտվածությունը անզեն աչքով էլ է տեսանելի, ուստի քաղաքացիներն ապահովագրված չեն տարատեսակ վարակներից եւ դժբախտ պատահարներից: Թեեւ ՊՀՀՏ-ն հետեւում է, որ լճի հատակը մաքրվի, տիղմը հանվի, սակայն ջրի որակը դրանից չի փոխվում: Մանրէաբանական շեղումներ ունեցող ջրում լողալը վտանգավոր է. «Սուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ խիստ վերահսկողություն է տարվում: Այս պահին ջրում բացակայում է խոլերայի հարուցիչը, սակայն մյուս աղիքային ինֆեկցիաներից լիճն ապահովագրված չէ, վտանգավոր է անգամ, եթե մի կում ջուր կուլ տան»,- ասում է ՊՀՀՏ Լոռու մարզային կենտրոնի տնօրեն Կարինե Միրզոյանը:
Լճի վարձակալ Պատվական Թորոսյանը տարիներ ի վեր կտրականապես հերքել է ջրի աղտոտվածության մասին լուրերը, նույնիսկ ցույց է տվել ՊՀՀՏ Լոռու մարզային կենտրոնի թույլտվությունները:
Ջրի մաքրությունը արհեստական լճի միակ խնդիրը չէ: Գրանցվում են նաեւ դժբախտ պատահարներ՝ ջրահեղձությունից մինչեւ ինքնասպանության դեպքեր: 1965 թվականից առայսօր լճում գրանցվել է մահվան 14 դեպք:
Լճում աշխատող 3 փրկարարները պնդում են, որ խեղդվելու դեպքերի մեծ մասը «լոպազության» կամ «թիթիզության» արդյունք է, երբ լողացողները չեն հետեւում կանոններին: Փրկարարները լավ են հիշում անցած տարվա դեպքը, երբ 16-ամյա տղային մի քանի անգամ իջեցրել են ցանկապատից ու նա նորից բարձրացել է ու ջուրը ցատկել: Այլ օրինակ. «Մի երեխա հատել էր կարմիր գիծը, գնացի նրան օգնելու, նա թռավ, 3 րոպեի տարբերությամբ հանեցի, մահացած էր, գլխով հարվածել էր սալաքարին: Չեն հետեւում կարմիր գծին, աշխատում ենք դրանից էս կողմ լողը թույլ չտալ: Հաճախ ցանկապատից են թռչում, ուղղակի ցուցադրական է արվում, իրենք պիտի հասկանան որ վտանգավոր է»:
Այս պահին լիճն ունի 10 նավակ եւ 5 ջրային հեծանիվ՝ ակտիվ հանգստի համար: Լիճը, որ անմաքուր լինելով հանդերձ, տեղացիների համար հանգստի հաճելի վայր է, հրապուրում է նաեւ զբոսաշրջիկներին: «Այս պահին այցելուների 90 տոկոսը տուրիստներ են»,- հավատացնում է Պատվական Թորոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել