Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՋ ՁԵՌՔԸ ՉԳԻՏԻ՝ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ՁԱԽԸ

Հուլիս 27,2011 00:00

\"\"Լուծարված բանկի իրավահաջորդը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը, խարդավանքների՞ է դիմում 

Արմավիրի մարզի Լեռնամերձ համայքի 70-ն անց բնակիչ Ազատ Բարսեղյանի 9 հոգանոց ընտանիքը զրկվել է տանիքից: Տնանկության մասին լուրն ընտանիքն իմացել է նախորդ ամիս՝ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Էջմիածնի բաժանմունքից ուղարկված գրությունից: Ազատ Բարսեղյանը տեղեկացվել է, որ տունը՝ մերձ հողամասով, 2011 թվականի հունիսի 9-ին էլեկտրոնային աճուրդով վաճառվել է Երեւան քաղաքի բնակիչ Գոհար Մարտիրոսյանին: Լուրը ցնցել է ամբողջ ընտանիքին:
Բարսեղյանների գյուղական տան շուրջ ծագած պատմության ակունքները սկիզբ են առնում 1999 թվականից, երբ Ազատ Բարսեղյանի մայրը՝ Լուսիկ Բարսեղյանը, «Կրեդիտ-Երեւան» բանկից վարկ վերցրեց: Մեկ տարի անց բանկը լուծարվեց, իսկ իրավահաջորդ ճանաչվեց ՀՀ ֆինանսների նախարարությունը: Ինչը նշանակում է՝ այդուհետ վարկի մարման գումարը փոխանցվելու էր ֆիննախին: 2003 թվականին էլ մահացավ Լուսիկ Բարսեղյանը: Վարկի մարման գործընթացը շարունակելու եւ գումարը վերականգնելու պահանջով ֆիննախը տան սեփականության վերաձեւակերպման հարց բարձրացրեց: Պահանջ դրվեց սեփականատեր ճանաչել մահացածի որդուն՝ Ազատ Բարսեղյանին, ով էլ պետք է մարեր վարկը: Մշտական աշխատանք եւ կենսաթոշակից բացի՝ այլ եկամուտ չունենալով, Ազատ Բարսեղյանը ֆիննախի հետ համաձայնության եկավ, որ վարկի մարումն իրականացնի իր թոշակից: 2008 թվականի օգոստոսից Ազատ Բարսեղյանը 30 000 դրամ կենսաթոշակի 50 տոկոսը չի ստանում, 30 000 դրամից 15 000-ը բռնագանձվում է հօգուտ ֆինանսների նախարարության:
Հանգիստ լինելով, որ վարկը մարվում է, Բարսեղյանը չի էլ պատկերացրել, թե իր թիկունքում ինչպես են պատրաստվում սեփական ձեռքերով կառուցած տունն իրենից խլել: Ազատ Բարսեղյանն ասաց, որ չի հասկանում, թե ով կամ որ ատյանում է սարքվում իր դեմ խարդավանքը: Մի բանում է վստահ, որ թոշակի ճիշտ կեսը ամեն ամիս ուղղվել եւ ուղղվում է հասցեատիրոջը: «Փաստորեն, համ թոշակիս կեսը պահել են, համ էլ՝ տունս վաճառել: Բացի դա, ԴԱՀԿ-ի գրությամբ նաեւ տեղեկացվում էր, որ դադարեցվում է թոշակի մասնակի փոխանցումը, այնինչ՝ դրանից հետո էլ եմ թոշակը կեսով ստացել: Իսկ իրենք տարած թոշակս կարո՞ղ են ետ տալ: Չէ՞ որ չենք կերել, չենք հագնվել, որպեսզի կարողանանք վարկը փակել: Ու ստացվում է, որ աջ ձեռքը չի իմանում, թե ինչ է անում ձախը»,- ասաց Ազատ Բարսեղյանը: Ըստ նրա՝ եթե նույնիսկ 2008-ից մարման գումարը հասցեատիրոջը չի հասել, ապա ինչո՞ւ են երեք տարի հետո նկատել, կամ՝ եթե ուշ են նկատել, ի՞ր մեղքը որն է: Չէ՞ որ իրեն կիսով չափ են վճարել: Կամ եթե գումարը տեղ չի հասել, բանկի իրավահաջորդը պե՞տք է արդյոք վարկառուին տեղեկացներ այդ մասին, պահանջեր վճարել, չլռեր ամբողջ երեք տարի: «Այս տարիներին որեւէ հիշեցում, առավել եւս՝ նախազգուշացում չեմ ստացել: Այսինքն՝ գումարի շարժի մեջ վստահ եմ եղել»,- ասաց Ազատ Բարսեղյանը:
Վերջինիս զարմացրել է ոչ միայն անհասկանալի աճուրդը, այլեւ՝ տան ու տնամերձի նախնական ու վերջնական գինը: 226,3 քմ ընդհանուր մակերեսով մեկ հարկանի առանձնատունը եւ 2870 քմ տնամերձ հողը աճուրդի կազմակերպիչները գնահատել են 306 170 դրամ, իսկ լոտի վաճառքն իրականացրել 307 500 դրամով: Այսինքն՝ նախնական գնից ընդամենը 1330 դրամով ավելի: «Համ լացս է գալիս, համ՝ ծիծաղս. ո՞նց կարող է առանձնատունն իր հողով 1000 դոլարից էլ պակաս արժենա, երբ մեր գյուղում միայն դատարկ հողի 1 քմ-ը 300 դոլար արժե»:
Տանը վերաբերող մեկ այլ «թվաբանություն» էլ կա, որ տրամաբանություն չունի: Ազատ Բարսեղյանի տունը վաճառողները մի փաստաթուղթ էլ են ուղարկել, որով ընդունել են, որ նա երեք տարում պարտքից մոտ 700 հազար դրամ արդեն մարել է, բայց քանի որ դեռ մի 300 հազար դրամ էլ պարտք է, որոշել են տունը վաճառել: Բարեխիղճ վճարողին վճարելու հնարավորություն չտալը Ազատ Բարսեղյանը չի հասկանում:
Բարսեղյանների տան առեղծվածային աճուրդից հետո Լեռնամերձի գյուղապետարան է դիմել էլեկտրոնային աճուրդով տան տեր դարձած Գոհար Մարտիրոսյանը՝ պետական գրանցում ստանալու նպատակով գյուղապետարանից հասցե ստանալու խնդրանքով:
Ինչպես ամբողջ Լեռնամերձին, այնպես էլ համայնքի ղեկավար Վարդան Միրզոյանին ցնցած աճուրդը ոչ կողմնորոշվելու, ոչ էլ կոնկրետ գործելու հնարավորություն չի տալիս: Հասկանալով, որ գործ ունի համայնքի միասնական ուժի հետ, Գոհար Մարտիրոսյանը հասցե ստանալու գործընթացն արագացնելու համար ծանոթ-բարեկամներ է «գործուղել» գյուղապետի մոտ: Սա էլ չի անցնել: Իսկ երբ գյուղապետը «պատգամախոսներին» լուսավորում է իրական պատմության մանրամասներով, վերջիններս հրաժարվում են ծառայություն մատուցել Գոհարին:
Բարսեղյանի ձեւակերպմամբ՝ ինքը բախտախնդիրներին զոհ դառնալ չի պատրաստվում: Տունը ետ ստանալու համար կդիմի օրենքով չարգելված բոլոր միջոցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել