Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՊԱՀԵԼ ԱՎԵԼՈՐԴ ԿԱՌՈՒՅՑԸ

Հուլիս 27,2011 00:00

Ապրիլի 1-ից մեր երկրի անապահով խավը կամ «փարոսակիրներն» օգտվում են մեկ խմ գազը 100 դրամով օգտագործելու հնարավորությունից։ Անշուշտ, լավ որոշում է։ Բայց նախ եկեք ճշտենք, թե ովքե՞ր են «Փարոսում» ընդգրկվածների մեծ մասը։ Թերեւս 1-2 տարի էլ կպահանջվի, որպեսզի պարզվի, որ նրանք տարիներ շարունակ թոշակ ստացող (հետմահու) «մեռած հոգիների» նմանակներն են։
Քիչ է, որ «Փարոսի» ցուցակներում հայտնվածներին հնարավորություն տրվեց առաջինը եւ արտահերթ ստանալու իրենց ավանդները, քիչ է, որ նրանք պարբերաբար օգտվում են տարաբնույթ բարեգործական եւ այլ արտոնություններից, հիմա էլ գազի սակագնի իջեցումը միայն նրանց վրա է տարածվում։
«ՀայՌուսգազարդը» միայն անապահովների հոգսը թեթեւացնելու մասին չպետք է մտածի, այլ նաեւ այն մարդկանց, որոնք որեւէ ցուցակում ընդգրկված չեն, բայց ավելի կարիքավոր են իրականում։ Գուցե հնարավորությո՞ւն ընձեռվի նրանց՝ վերջապես ազատվելու գազի սպասարկման համար ամենամսյա շուրջ 600-900 դրամ հենց այնպես վճարելուց։
Ի՞նչ եմ ես առաջարկում։ Բոլորն էլ գիտեն, բոլորն էլ դժգոհում են գազի սպասարկման գրասենյակների անիմաստ գոյության փաստից։ Նրանց գործառույթի մեջ մտնում են լոկ տարին 1-2 անգամ գազ սպառողների տուն այցելելը, առանց որեւէ բան ստուգելու իրենց մատյանում բնակիչների ստորագրության ֆիքսումը։ Ուրիշ ոչինչ։ Իսկ եթե հանկարծ գազի որեւէ սարքի հետ կապված խնդիրներ են առաջանում եւ դուք փորձում եք մասնագետների հրավիրել, սկսվում է քաշքշուկը, ներողությունների շարքը եւ, ի վերջո, մի քանի օր անց ներկայացող «ամենալավ» մասնագետը, պարզվում է, որ գազի անսարքությունից այնքան է հասկանում, որքան բնակիչը։ Վերջինս ստիպված հրավիրում է այլ մասնագետի եւ վճարում կատարած աշխատանքի դիմաց: Իսկ ավելի ճիշտ չի՞ լինի, եթե գազի գրասենյակներում աշխատեն մի քանի սպասարկող, որոնք էլ անհրաժեշտության դեպքում պետական սակագնով կկատարեն նորոգումը, եւ բնակիչը կազատվի անտեղի եւ ավելորդ վճարումներից։
Վաղուց ժամանակն է, որ վերանան գազի սպասարկման գրասենյակները՝ որպես ավելորդ կառույց։ Եթե պետությունը մարդկանց համար ավելի էժան գնով գազից օգտվելու հնարավորություն չի կարող ընձեռել, գոնե թող նրանց ազատի սպասարկման համար վճարվելիք անիմաստ գումարից։ Այս մասին, իրոք, արժե մտածել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել