Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատապարտյալը պահանջում է ցմահ բանտարկություն

Հուլիս 27,2011 00:00

Մենք՝ դատապարտյալներս, հույսեր էինք փայփայում, որ փոփոխություններին զուգընթաց, կկարգավորվի վաղաժամկետ-պայմանական ազատման հարցը, որ «ներքին բանավոր կարգը» կվերանա, սակայն ոչ մի տեղաշարժ, ոչ մի առաջընթաց քայլ չարվեց այդ ուղղությամբ: Նորից ամեն ամիս 30-50 դատապարտյալից 3-4 դատապարտյալի գործ է հասնում դատարան: Պարզից էլ պարզ է, որ սա պատվեր է, աննախադեպ ակցիա է դատապարտյալի դեմ, եւ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի իշխանական բուրգ: Նույնիսկ չեն ուզում, թեկուզեւ բացառության կարգով, վաղաժամկետ ազատել հիվանդ եւ տարիքն առած դատապարտյալներին, որոնց ոչինչ չի մնացել ապրելու. նրանք հիվանդացել են պատիժը կրելու ընթացքում:
Այդ առումով կուզենայի ընթերցողի ուշադրությանը ներկայացնել իմ բախտակից ընկերներից մեկին, որը կալանավայրում ինֆարկտ ստացավ եւ այժմ գտնվում է «Վանաձոր» ՔԿՀ-ում ու պատրաստվում է 4-րդ անգամ ներկայանալու վաղաժամկետ ազատման: Դա Գագիկ Ալբերտի Գյոզալյանն է: Նա «Սեւան» ՔԿՀ-ում եղած ժամանակ բազմաթիվ դիմումներ ուղարկեց տարբեր ատյաններ, որպեսզի տեղափոխվեր «Վանաձոր» ՔԿՀ, քանի որ ոչ ոք չունի՝ բացի ծեր հորաքրոջից, որը բնակվելով Լոռու մարզում, ճանապարհի պատճառով չէր կարողանում այցելել իր եղբորորդուն: Ճարահատյալ նա հայտարարեց անժամկետ հացադուլ եւ 1 ամսից ավելի մնալուց հետո, դուրս եկավ այնտեղից լրիվ հյուծված եւ տկար վիճակում: Մի որոշ ժամանակ անց նա ինֆարկտ ստացավ եւ միայն առողջության քայքայման գնով տեղափոխվեց «Վանաձոր» ՔԿՀ: Ներկայումս ապրում է դեղորայքով: Նրա նկատմամբ ներկա պահին չեն ուզում նույնիսկ համաներումը կիրառել՝ ՀՀ քրօրի 112 հոդվածի 1-ին մասի համաձայն, ըստ որի՝ չկրած պատժի 1/4-ը պետք է կրճատեն, սակայն պատճառաբանում են, որ նրա վրա կա «ռեցիդիվի» կնիքը:
1992 թ.-ին ՌԴ-ում պատիժը կրելու ժամանակ, Գագիկի հետ պատիժը կրող ազերիներից մեկը ցինիկաբար է արտահայտվել հայ ժողովրդի հասցեին: Գագիկը չտանելով այդ վիրավորանքը, վրեժխնդիր է եղել: Ադրբեջանն իր դատապարտյալին ազգային հերոսի կոչում կտար, իսկ մեզ մոտ «ռեցիդիվիստի» պիտակ են կպցրել վրան:
Շուտով նրան 4-րդ անգամ կներկայացնեն վաղաժամկետ պայմանական ազատման: «Սա իմ վերջին շանսն է,- ասում է Գագիկը,- այս անգամ էլ եթե մերժեն, ես պահանջելու եմ ցմահ բանտարկություն: Գոնե գիտեմ, որ այնտեղ վաղաժամկետի մասին բնավ չի խոսվում»:
Ցավոք, Գագիկը միայնակ չէ իր տեսակի մեջ, հայաստանյան քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների 2/3-ը վաղաժամկետ պայմանական ազատման փուլում է գտնվում: Դեռ սպասում ենք, որ մի օր թունելի վերջում երեւալու է լույսը, եւ մեր արդար ու ճշմարիտ խոսքը չի մնալու ստվերում, այլ ելնելու է առ Աստված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել