Երեկ «Առավոտի» խմբագրություն էին դիմել «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից խաբված բնակիչներ՝ հայտնելով, որ Հատուկ քննչական ծառայությունը, որն արդեն քանի ամիս քննում է իրենց գործը, քրգործում ներգրավված բնակարանների կեղծ սեփականատերերին ընտրողաբար է մոտենում: Օրերս էլ այդ գործով ձերբակալվել է Ցոլակ Պետրոսյանը, որը մեղադրվում է կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանի եւ Լուսաբեկ Սամվելյանի հետ համագործակցելով՝ մի շարք քաղաքացիների պատկանող առանձնապես խոշոր չափի գույքը խարդախությամբ հափշտակելու մեջ: Սակայն այս գործում խառնված որոշ «բնակարանատերեր» ՀՔԾ-ի ուշադրությունից վրիպել են: Բնակիչների խոսքերով, այդ ամենն իրենց հիմք է տալիս մտածելու, որ այդ մարդկանց «վերեւներից են պահում»: Նրանցից մեկը ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինն է՝ Դավիթ Բեգլարյանը: Պարոն Բեգլարյանը այդ շենքից միանգամից 14 բնակարան է ձեռք բերել: Ճիշտ է, բնակարանների մի մասի՝ իրական սեփականատերերի հետ որոշակի պայմանավորվածություններ ձեռք է բերել եւ դրանք հանձնել, բայց դեռ մի քանի բնակարան նրա ձեռքում է: Նշենք, որ պարոն Բեգլարյանը, բացի այն, որ բնակարանների առուվաճառքով է զբաղվել, նաեւ պաշտոնատար անձ է՝ ներկայումս զբաղեցնում է Էջմիածնի հարկայինի պետի պաշտոնը: Թե ինչո՞ւ ՀՔԾ-ն նրան չի նեղացնում, բնակիչների համար թերեւս պարզից էլ պարզ է: Առաջիկա օրերին բնակիչները մտադիր են բողոքի ակցիա կազմակերպել: