70-ամյա Սոս Այվազյանը վերջերս որոշեց իր ավտոտնակի հողի վարձակալության պայմանագիրը երկարացնել ու «կրակի» մեջ ընկավ: Ամբողջ փաստաթղթային ձեւակերպումն ու նոր հասցե տրամադրելը թոշակառուին արժեցել է 45800 դրամ: Նա պարզել է, որ ավտոտնակի հողի տարեկան վարձը ավագանու որոշմամբ բարձրացվել է՝ դառնալով 59400 դրամ՝ նախկին 7500 դրամի փոխարեն:
Ս. Այվազյանի խոսքերով՝ «Պետությունը թոշակս ընդամենը 2500 դրամով է բարձրացրել. ստանում եմ՝ 32500 դրամ: Ստացվում է՝ ես պետք է էդ իրենց տված գումարը հավաքեմ ու նորից վերադարձնեմ իրենց: Լավ, ասենք, 200 դրամը հավաքեցի ու 59400-ի 25 հազարը վճարեցի, բա էն 34 հազա՞րը ոնց վճարեմ: Եղած թոշակը ամսական ծախսերին չի բավականացնում, էլ ուր մնաց հավաքեմ հողի վարձի համար: Եթե դա սեփականաշնորհված հող լիներ, գոնե կհասկանայի, որ իմ սեփականության համար եմ վճարում: Բայց վաղը, մյուս օրը կգան կասեն, այս տարածքը պետության կարիքների համար գերակա շահ ենք ճանաչել, ազատեք տարածքը եւ վերջ: Չեմ հասկանում, թե ավագանին ի՞նչ է մտածել, որ 800%-ով հողի վարձակալության վճարը բարձրացրել է: Իրենց բյուջեն լցնելու այլ տարբերակ չունե՞ն»: Բայց մինչ քաղաքապետարանի հետ հողի վարձակալության պայմանագիրը թարմացնելը, թոշակառուն ստիպված է եղել մի շարք ատյաններում կրկին մի քանի տասնյակ հազար դրամ մուծել:
Ս. Այվազյանի պատմելով՝ թեեւ քաղաքապետարանը որոշել էր հողի վարձակալության պայմանագիրը ավտոմատ երկարացնել մինչեւ 2015 թվականը, սակայն քաղաքացին իր նախաձեռնությամբ գնացել է պայմանագիրը թարմացնելու: Նրա դիմումը քաղաքապետարանն արձանագրում է եւ ուղարկում Կենտրոն վարչական շրջան, որտեղ նրանից պահանջում են 5000 դրամ վճարել, որպեսզի ավտոտնակը համարակալեն 4-րդ համարի տակ եւ եւս 14400 դրամ՝ գործարքների ու փաստաթղթերի համար:
Հետո թոշակառուին ուղարկել են նոտարիատ՝ հողի վարձակալության պայմանագիրը վավերացնելու համար: Այստեղ էլ 10 հազար դրամ է վճարել՝ որպես պետտուրք: Ս. Այվազյանը հույս է ունեցել, որ այս վճարներով վերջապես գործը գլուխ կգա, բայց սխալվել է: Վարձակալության պայմանագրի պատճենը Ս. Այվազյանը պետք է ներկայացներ Կադաստրի պետական կոմիտե, որպեսզի նոր վկայական տրամադրեին: Կոմիտեում էլ նորից 14400 դրամ են պահանջել գործարքի համար: 2000 դրամ էլ պահանջել են արդեն թաղապետարանի կողմից համարակալված, վկայականում նորից 4 թիվ գրելու համար: Ս. Այվազյանի խոսքերով՝ «Ուր գնում ես՝ կլպում են, թալանում են: Ի՞նչ կարիք կար մի հատ համար գրելու համար ատյաններով անցնել ու մեծ գումարներ վճարել: Նոր վկայականը մի քանի տասնյակ հազար արժեցավ: Այնինչ՝ կարելի է հին վկայականում ուղղակի գրել ավտոտնակի համարը, որպեսզի քաղաքացիներին նոր վճարների տակ չգցեն»: