Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՀԱՆՈՒՄ ԿԱՄ ՄԱՀԱՑԱԾ ԵՆ ԾՆՎՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ

Հուլիս 27,2011 00:00

Առողջապահության դերն այս գործում 20%-ից ավել չէ

\"\"

Ըստ վիճակագրական ծառայության, այս տարվա առաջին եռամսյակում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, մեռելածնության դեպքերն ավելացել են 17-ով՝ հասնելով 219-ի։ Ըստ 2011-ի առաջին եռամսյակի տվյալների, կենդանի ծնվածների թիվը կազմում է 10251 նորածին, ինչը 2010-ի առաջին եռամսյակի համեմատությամբ՝ 3,5%-ով պակաս է։ 2010-ին այդ թիվը կազմում էր 10625 նորածին։ 2-րդ եռամսյակի տվյալները դեռ ամփոփված չեն, դրանք պատրաստ կլինեն այս ամսվա վերջին, բայց կրկին չի բացառվում, որ մեռելածնության մի փոքր աճ լինի, քանի որ մեռելածնության հաշվառման համակարգում բարեփոխումներ են կատարվել. եթե նախկինում Երեւանում ծննդաբերած մարզերի բնակիչների շրջանում մեռելածնություն էր լինում եւ դա չէր գրանցվում օրենսդրորեն, ապա այժմ, անկախ նրանից, տեղի բնակիչ է, թե՝ ոչ, մեռելածնությունը օրենքով գրանցվում է։
Բացի այդ, մեր երկրում փոխվել են մեռելածնության եւ կենդանածնության սահմանումները: Եթե նախկինում երեխան ծնվում էր եւ չէր ճչում, համարվում էր մեռելածին, իսկ հիմա Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանումով՝ կենդանածին են համարվում բոլոր այն երեխաները, որոնք ծնվել են կենդանության գոնե մեկ ցուցանիշով՝ սրտխփոց, ճիչ, պորտալարի պուլսացիա, կամային մկանների ակնհայտ շարժումներ։ Ընդ որում՝ անկախ երեխայի քաշից։ Նախկինում 500-1000 գրամանոց երեխաների մահերը չէին գրանցվում, ինչպես նաեւ չէր գրանցվում 28 շաբաթականից առաջ ծնված երեխաների ծնունդը եւ եթե, ասենք, 22 շաբաթական հղիության ժամանակ կինը ծննդաբերել էր եւ պտուղը կենդանության նշաններ ցույց չէր տվել, ապա դա համարվում էր վիժում, իսկ հիմա բոլորը գրանցվում են իրենց հստակ անուններով։ Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը։ Ըստ նրա, մայրամահացությունը, մանկամահացությունը եւ մեռելածնությունը փոխկապակցված են եւ դրանց մեջ առողջապահության դերն ընդամենը 20% է, մնացած ամեն ինչը սոցիալ-տնտեսական են՝ սնունդը, գենետիկ գործոնը, շրջակա միջավայրը եւ այլն։
Իսկ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Մանկաբարձներն աշխարհում» զեկույցում նշվում է, որ ամեն տարի 358 000 կին է մահանում հղիության կամ ծննդաբերության ընթացքում, մոտ 2 միլիոն նորածին մահանում է կյանքի առաջին 24 ժամվա ընթացքում, գրանցվում է մեռելածնության 2,6 միլիոն դեպք։ Եվ այս ամենը տեղի է ունենում անբավարար կամ ոչ պատշաճ բժշկական օգնության պատճառով: Ողջ աշխարհում դեռեւս 350 000 մանկաբարձի պակաս կա: Եթե բավարար հնարավորություններ առկա լինեին բարդությունների վերացման համար, երբ վերջիններս նոր-նոր են ի հայտ գալիս, հնարավոր կլիներ խուսափել ահռելի թվով մահերից՝ բոլոր մայրական մահերի 61%-ից, մեռելածնության դեպքերի 49 եւ նորածինների մահերի 60 տոկոսից: Հարկ է նշել, որ, ըստ այս զեկույցի, մահերի մեծամասնությունը տեղի է ունենում ցածր եկամուտներ ունեցող երկրներում. կանայք հաճախ աղքատ են լինում եւ հնարավորություն չունեն օգտվելու գործող առողջապահական հաստատությունների կամ որակյալ բուժաշխատողների ծառայություններից։ Ու քանի որ մեր երկրի աղքատության ցուցանիշը մտահոգիչ է, ապա մենք էլ ունենք մայրական, նորածնային եւ մեռելածնության բարձր ցուցանիշներ։ «Հայաստանում երեխաների իրավիճակի մասին» 2011 թվականի վերլուծությունից պարզվել է, որ 0-5 տարեկան երեխաների 33%-ն ապրում է աղքատ ընտանիքում, այնինչ մինչեւ վերջերս այդ տոկոսը 26-ը չէր գերազանցում։ Իսկ ինչպես ցույց է տալիս կյանքը, ավելի շատ երեխաներ ունենում են հենց աղքատ ընտանիքները։ Ու եթե հղի կինը լավ չի սնվում, ֆիզիկապես ակտիվ չէ, ապա հավանական է, որ նրա հղիությունն ուղեկցվի բարդություններով։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Երիտասարդ մարդկանց սեռական եւ վերարտադրողական առողջությունը Հայաստանում» զեկույցում էլ նշվում է, որ ծննդաբերական բարդությունների ցուցանիշը բավականին բարձր է ու մեռելածնությունը կազմում է բոլոր ծնունդների 6%-ը:
Չնայած այս անհանգստացնող ցուցանիշներին, Կ. Սարիբեկյանը հավաստիացնում է, որ մեր երկրում այդ ցուցանիշները բարենպաստ են ԱՊՀ երկրների շրջանակում. «Մայրական մահացուցության ցուցանիշի անկում է արձանագրվել։ 2008-ին 15 մայրական մահացության դեպք է եղել, 2009-ին՝ 13, անցյալ տարի՝ 3։ ԱՊՀ երկրների համեմատությամբ բարենպաստ ենք, իսկ զարգացած երկրների համեմատ մեր ցուցանիշները բարձր են»։ Նա նաեւ նշեց, որ մայրական մահացության մեջ բուն մանկաբարձական խնդիրները 48% են կազմում, իսկ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է միջոցներ մայրական մահացության ցուցանիշն իջեցնելու՝ հենց այդ ուղղությամբ. «Մենք նաեւ կադրային հագեցվածության առումով ենք զարգացող երկրներից ավելի լավ վիճակում, բայց, միեւնույն է, մարզերում նման խնդիր ունենք։ Այդ ուղղությամբ էլ է աշխատանքներ տարվում»։ Մեր այն հարցին՝ շատ չէ՞, արդյոք, մեռելածնության ցուցանիշը մեր երկրի համար, նա պատասխանեց. «Աշխարհում 2,6 միլիոն երեխա ծնվում է մահացած, դրա մեջ 219 դեպքը շատ չէ։ Բոլոր երկրներում կա մեռելածնություն, մենք չէինք կարող զերծ մնալ։ Մի բան էլ ասեմ, որ 1990-ական թվականներին, մինչեւ 2000-ը, մենք ունենում էինք 800-1000 մեռելածնության դեպք»։ Մեր այն հարցին էլ, թե որո՞նք են մեռելածնության բժշկական պատճառները, տիկին Սարիբեկյանը պատասխանեց. «Ցավոք, մեռելածնության պատճառների հետազոտություն չկա, քանի որ միշտ չէ, որ մահացած ծնված երեխաները հերձվում են։ Միայն կարող եմ ասել, որ դրանք հիմնականում համահունչ են նորածնային մահերի հետ։ 0-5 տարեկանների մահացության պատճառները կարող են լինել ներարգանդային ինֆեկցիաները, անհասությունը կամ թերհասությունը, ծննդաբերության ժամանակ եղած բարդությունները, բնածին արատները, շնչառական հիվանդությունները, փորլույծությունները, որի հաշվին էլ հիմա մենք կրճատել ենք մանկական մահացությունների ցուցանիշը»։ Նշենք, սակայն, որ վիճակագրական տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում մինչեւ 1 տարեկանների մահացության դեպքերը աճել են 12%-ով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել