Լրահոս
Օրվա լրահոսը

Ստերի՞ վրա են ուզում երկիրը կառուցել

Հուլիս 27,2011 00:00

\"\"Մի քանի օր առաջ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Ամասիայում բացվեց հայ-գերմանական «ՎԿՍ Արմենիա» ընկերության ու երեւանաբնակ փողատեր ամասիացիների աջակցությամբ կառուցված կարի ֆաբրիկան, որը, սակայն, պարզվում է՝ այդքան էլ չի ոգեւորել տեղաբնակներին: Բանն այն է, որ երբեմնի արդյունաբերական ձեռնարկություններով հարուստ շրջկենտրոնը, տարիներ շարունակ անտերության մատնվելով, արդեն իսկ դատարկվել է՝ այստեղ բնակչությունը 5000-ից դարձել է 2300: Մեզ հետ զրույցում տարեց ամասիացիաներից մեկը փաստում էր, որ իր ընտանիքի 8 անդամներից մնացել է միայն ինքը, չկա մի տուն, որից գոնե 2-3 անդամ Ռուսաստանում չլինի: «Շնորհակալ ենք՝ գոնե հիշել են, որ Ամասիան էլ է Հայաստան, բայց մի քանի կնոջ աշխատանքի տեղավորելով ու շատ-շատ 35000-45000 դրամ տալով տնտեսությո՞ւն են զարգացնում… Բա տղամարդիկ ինչո՞վ զբաղվեն: Եթե էս  քաղաքականությամբ շարունակեն մոտենալ սահմանամերձ գյուղերին, թող վստահ լինեն, որ 5 տարի հետո դրանք կկործանվեն: Այս տարի գյուղացին 14%-ով արտոնյալ վարկ է վերցրել՝ անցած տարվա վարկերի տոկոսները փակելու համար, էս տարվա տոկոսն էլ ֆռռում է, ու մարդիկ ստիպված են խոպան գնալ, որ պարտքերը փակեն: Գյուղ զարգացնելու համար պիտի երկարատեւ վարկ տան ու ցածր տոկոսով, օրինակ՝ 5-6%-ով եւ 7-8 տարով, ոչ թե 6 ամսով կամ 1 տարով, ինչպես հիմա: Գյուղատնտեսությունը ռիսկային է, չգիտես բնությունը ինչ է տալիս՝ մեկ կարկուտն է բերքը տանում, մեկ հողմն է անասունին տանում, մեծ արտոնություններ են պետք, եթե էսպես գնաց, կառավարության մշակած ծրագիրը ոչ թե գյուղափրկիչ կլինի, այլ գյուղակործանիչ: Ո՞վ է տեսել գյուղացին պարտք տալու համար անասունները ծախի»,- դժգոհում են ամասիացիները:
Նրանց ամենից շատ զայրացրել է, որ պաշտոնական աղբյուրներից անընդհատ ստեր են լսում Ամասիայի մասին, դեռ ամասիացի գյուղապետերին եւս հարկադրում են սուտ խոսել ու չափազանցված տվյալներ ներկայացնել բերքատվության մասին: Գյուղացիների ասելով, այստեղ հողն անբերրի է, 40 աստիճան թեքության վրա է, տեխնիկան ու պարարտանյութն էլ այնքան թանկ են, որ մշակել գրեթե հնարավոր չէ, սակայն գյուղնախարարությունից հայտարարում են, որ 60-70%-ը մշակում են: «Դա առասպել է: Սովետական տարիներին Ամասիայի շրջանում ցանում էին մոտ 4915-5000 հա հացահատիկ, գյուղ կար, որ ցանում էր 255 հա հացահատիկ, բայց էսօրվա դրությամբ 10-12 հեկտարից ավելի ցանող չկա: Թվերը, թե Ամասիայում էսքան ցանել են, փուչ են, թող գան գյուղ առ գյուղ ու տեսնեն՝ քանի հոգի է ցանել, ինչքան: Հիմա եթե ամբողջ Ամասիայում 500 հա հացահատիկ ցանած լինեն, ուրախ կլինեմ: Ազիզբեկովում 300 հա վարելահող կա, 15-20 հեկտարն է հացահատիկ ցանվում, մնացածը խոտ է, եթե Ազիզբեկովում հարցնես՝ քանի հեկտարի աշնանացանի տվյալ եք տվել, կապշես: Թիվը բոլորովին ուրիշ է՝ 80-100 հա, մարդուց թիվ են պահանջում, տալիս է, բայց էս ձեւով հո երկիրը չի՞ հարստանա»,- զայրանում էր մեր զրուցակիցներից մեկը:
 Ըստ գյուղացիների, ստերը սրանով չեն սահմանափակվում. գյուղնախարարը հայտարարում է, որ պարարտանյութը 7000 դրամ է, Ախուրյանում 10000 դրամից պակաս չկա, վառելանյութը 10000 դրամ է, բայց ինքը պնդում է, թե 7000 դրամ է, հայտարարում են, որ գյուղացուց 1 լիտր կաթը 160 դրամով են տանում, մինչդեռ, մեր զրուցակիցների պնդմամբ, «Աշտարակ կաթը» իրենցից 140 դրամով է ընդունում, ընդ որում՝ 3 ամիս «նիսյայով»: «Էսպես չի կարելի խաբել, ամոթ է, վերջացրեք ստի վրա երկիր կառուցելը, հետո էլ ասում եք՝ ինչո՞ւ են թքում ու հեռանում: Գյուղացուն տեխնիկա ու վառելանյութի գնի իջեցում է պետք, համաշխարհային շուկայում վառելանյութը բարձրանում է 10%-ով, մեզ մոտ՝ 90%-ով: Անցած տարի էս ժամանակ սալյարկան 5500 դրամ էր, հիմա՝ 9500… Հենց բերքահավաքը սկսվում է՝ վառելանյութը թանկացնում են, գիտեն, որ ուզես, չուզես՝ ստիպված ես գնել, գյուղատնտեսությունն էսպե՞ս են զարգացնում»,- վրդովվում էին մեր զրուցակիցները: Գյուղապետարանի աշխատակիցներից մեկն էլ ասաց, որ թեեւ Ամասիան յուրահատուկ արոտավայրեր ունի, սակայն անասուն պահում է ընդամենը 180 ընտանիք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել