Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻՆ» ՄԱՐԶՈՒՄ «ԵՐԵՎԱՆ ՍԵԹ» Է

Հուլիս 27,2011 00:00

Կոտայքում Սամվել Ալեքսանյանի հետ խոսում են իր ոճով

\"\"
Սա «Երեւան Սիթիի» կեղծ տարբերակն է:

\"\"
Այս ապրանքները վաճառվում էին
խախտումներով:

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ ուկրաինական օղիներին շփոթության աստիճան նմանեցված արտադրանքին բոլորն են ծանոթ: Տարիներ շարունակ նրան պատկանող «Ֆլիտֆուդ», «Սալեքս», «Ալեքս գրիգ» ընկերությունները փորձել են «Մեդոֆֆ» փնտրող սպառողներին «Մեդոֆե»-ով խաբել, «Պրեմիումի» փոխարեն նմանատիպ շշով «Պրայմին» ծախել, «Ուկրաինկայի» փոխարեն էլ՝ «Ուկրաինա» տալ: Ասում են՝ ինչ ցանես՝ այն էլ կհնձես: Հիմա պարոն Ալեքսանյանը «շանս» ունի իր սեփական մաշկի վրա զգալու, թե անբարեխիղճ մրցակցությունն ինչ է ու ինչու էին այդքան զայրացել իր վրա ուկրաինական արտադրողները: Երեկ «Առավոտը» հայտնաբերեց, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ինչ-որ մեկի մտքով անցել է «կեղծել» Ս. Ալեքսանյանի հայտնի սուպերմարկետների ցանցի՝ «Երեւան սիթիի» նույնքան հայտնի ապրանքանիշը. Օգոստոսի 23-ի փողոցում կա նույնատիպ լոգոյով, նույն գույներով «Երեւան Սեթ» սուպերմարկետ: Հիշեցնենք, որ անբարեխիղճ մրցակցության համար վերջին տուգանքի ժամանակ «Ալեքս գրիգի» ներկայացուցիչն արդարանում էր հանձնաժողովում, որ բոլորովին էլ նմանեցնելու միտում չեն ունեցել, որ ամեն ինչ միամիտ է այդպես ստացվել, ուստի չի բացառվում, որ նույն պատասխանը տան նաեւ «Երեւան Սեթի» տերերը:
Կոտայքի մարզ լրագրողների այցելությունը կազմակերպել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Հաշվի առնելով, որ մարզերից հաճախ դժգոհություններ են լինում, որ մայրաքաղաքում չիրացվող անորակ, ժամկետանց արտադրանքը տանում են մարզեր, որ այնտեղ բազմաթիվ մրցակցային խնդիրներ են առաջանում, չհիմնավորված գներ են կիրառվում՝ հանձնաժողովը լրագրողների հետ պատահական այցելեց Հրազդանի մի քանի սուպերմարկետներ եւ տեղում սկսեց մոնիտորինգ իրականացնել: «Հրազդան» սուպերմարկետում հանձնաժողովը մի քանի գնումներ կատարելով՝ արձանագրեց 4-5 խախտում: «Գեւորգ Բադալյան» ՍՊԸ-ի արտադրած մեղրի վրա, բացի արտադրողի անունից, որեւէ մակնշում չկար, թե ինչ բաղադրություն ունի այդ մեղրաջուրը, երբ եւ որտեղ է արտադրվել: «Ferrero» հայտնի ապրանքանիշի շոկոլադի վրա չկար հայերեն մակնշում եւ ժամկետանց էր, «Seara» եւ «Sadia» ֆիրմաների սառեցված հավերի վրա նույնպես բացակայում էին հայերեն պարտադիր մակնշումը եւ ժամկետները: Հանձնաժողովի նախագահի խորհրդական Արտյոմ Հովհաննիսյանի խոսքերով՝ «Այստեղ անբարեխիղճ մրցակցության խնդիրներ են, հանրությանը մոլորության մեջ են գցել: Հաճախորդը այդ հավերը գնելով՝ չի կարող հասկանալ՝ ինչ է դա, պիտանելիության ժամկետ չունի: Նման դեպքերում պատասխանատվություն կրելու է ոչ միայն խանութը, այլեւ արտադրողը, տվյալ ապրանքը Հայաստան ներկրողը եւ իրացնողը»: Մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ «Հրազդան» սուպերմարկետի որեւէ պատասխանատուից, սակայն ոչ տնօրենին, ոչ սեփականատիրոջը գտնել չհաջողվեց, անգամ մենեջերը խանութում չէր:
«VEV» «3 աստղանի» սուպերմարկետում հանձնաժողովը 8900 դրամի գնումներ կատարելով՝ մի շարք խախտումներ արձանագրեց: Հայտնաբերվեց «Frosch» ընկերության լվացքի միջոց եւ «ՀցրրՍՌպ ՑՐՈՉօ» ընկերության հեղուկ օճառ, որոնք չունեին հայերեն մակնշում, ինչպես նաեւ 4 տեսակի սառեցված հավեր ու հավի բդիկներ, որոնց փաթեթավորման վրա բացակայում էին կամ պիտանելիության, արտադրման ժամկետները, կամ հայերեն մակնշումները: «Գետամեջի» «հավի տոտիկների» վրա գրված է՝ պահպանել 12 ամիս, բայց թե երբվանի՞ց, պիտի սպառողները հաշվեն այդ ամիսները՝ ոչինչ չի ասվում: «Հայերեն մակնշումները կարող են չլինել, ասենք, պոկված լինել, մեզ այդ հավերը բերում են արկղերով, արկղի վրա կա մակնշում»,- «Առավոտին» պարզաբանեց խանութի տնօրեն Աիդա Առաքելյանը, որը մենեջերի հետ ջանասիրաբար մեզ համոզում էր, որ «Գետամեջի» հավի փաթեթավորման վրա պիտանելիության ժամկետները եղել են, ուղղակի սառնարանում հենց այդ հատվածը ջնջվել է:
Մինչ մոնիտորինգը սկսելը՝ լրագրողները նաեւ հանդիպում ունեցան Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ: «Առավոտը» մարզպետից հետաքրքրվեց, թե որպես սպառող՝ ե՞րբ է գնումներ արել խանութներից, պատահաբար, ասենք, «Մեդոֆֆի» տեղը «Մեդոֆե» չի՞ գնել կամ չհիմնավորված գների չի՞ հանդիպել: Կ. Շահգալդյանի խոսքերով՝ «Ես շատ ծանրաբեռնված եմ եւ շատ հազվադեպ է պատահում, որ գնումներ կատարեմ, բայց գիտեմ, որ այստեղ կան ե՛ւ ժամկետանց ապրանքներ, ե՛ւ տարբեր խախտումներ»:
Երեկ նաեւ հանձնաժողովը ԵՄ փորձագետների հետ քննարկում էր, թե պետության կողմից տնտեսվարողներին տրվող հարկային արտոնությունները կամ ֆինանսական աջակցությունը ի՞նչ խնդիրներ կարող են առաջացնել մեր մրցակցային դաշտում: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը վստահեցրեց, որ իրենք չեն վախենում որեւէ գործարարի «ոտքը տրորել», ու եթե խախտում գտնեն՝ անպայման կարձանագրեն: Մեզ հետ զրույցում պարոն Շաբոյանը տեղեկացրեց, որ դեռեւս չգիտեն մի ընկերության, որին պետական աջակցություն տված լինեն, ու դա մրցակցային խնդիրներ առաջացրած լինի. «Դեռ չենք ուսումնասիրել, նոր ենք սկսում: Այս պահին նույնիսկ բողոքներ էլ չկան, տնտեսվարողները դեռ տեղյակ էլ չեն ու չեն բողոքել, բայց մենք մեր նախաձեռնությամբ էլ կարող ենք որոշակի ինֆորմացիա ունենալու դեպքում գործողությունների դիմել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել