Վարչապետի մոտ այսօր կքննարկվեն փոքր ու միջին բիզնեսի խնդիրները
«Առավոտը» երեկ տեղեկացրել էր, որ օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է մի քանի միջին ձեռնարկատերերի հետ, ովքեր բողոքել են իրենց համար ստեղծված պայմաններից, գործարար դաշտից: Տիգրան Սարգսյանը խոստացել էր առաջիկայում անդրադառնալ փոքր եւ միջին ձեռներեցների հարցերին: Ավելին, ձեռնարկատերերի հետ հանդիպման մշտական ֆորմատ է ստեղծել: Երեկ «Առավոտին» հաջողվեց ճշտել, որ այսօր արդեն տեղի է ունենալու ՀՀ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման խորհրդի նիստ: Խորհրդի կազմը ներկայացուցչական է՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյան, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգ, ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոս, ԵԱՀԿ տնտեսական հարցերով պատասխանատու Վիլյամ Հանլոն: Խորհրդի կազմում են նաեւ հայաստանյան հասարակական կազմակերպությունների՝ «Գործարար շահերի պաշտպանության ցանցի», «Փոքր եւ միջին բիզնեսի հիմնադրամի», ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի, Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի, «Հայաստանի տրանսպորտային առաքողների միության» ներկայացուցիչներ:
«Հայաստանի տրանսպորտային առաքողների միության» քարտուղար Դիանա Սարգսյանը երեկ պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ այս պահին առաջացած ուշադրությունը, քանի որ հարցը տարիներ շարունակ, մեղմ ասած, անուշադրության է մատնվել, իսկ փոքր ու միջին գործարարների ձայնը երբեք լսելի չի դարձել կառավարության համար, ասաց. «Կարծում եմ, հասարակության, բիզնեսի եւ կառավարության շահերը համընկել են: Դա է թելադրում նաեւ երկրի շահը»: Հետաքրքրվեցինք՝ կառավարության այս նախաձեռնությունը ոգեւորում եւ հուսադրո՞ւմ է շահագրգիռ կողմին, թե՞ դիտարկվում է իբրեւ առաջիկա նախընտրական արշավը համալրող միջոցառում: Դիանա Սարգսյանն արձագանքեց. «Միգուցե նաեւ այդպես, բայց այս պահին շատ ոգեւորված ենք եւ ուրախ ենք, որ փոքր ու միջին բիզնեսի շահը հավակնում է առաջնային դառնալ: Մենք ողջունում ենք կառավարության առաջարկը եւ շնորհակալ ենք այս քայլի համար: Հույսեր ենք կապում այս քայլի հետ: Մնացյալը ժամանակը ցույց կտա: Մեր կողմից աշխատելու ցանկություն կա»: Ոլորտին առնչվող այլ մանրամասների մեջ մեր զրուցակիցը չցանկացավ խորանալ, ինչպես նաեւ չցանկացավ ներկայացնել այն առաջնային խնդիրները, որոնք իրենց կազմակերպությունը պատրաստվում է բարձրաձայնել այսօրվա հանդիպման ժամանակ: Միայն տեղեկացրեց, որ օրակարգը եւ հարցերի առաջնահերթությունները կպարզվեն այսօրվա քննարկումից հետո:
«Առավոտը» փորձեց այս թեմայի շուրջ զրուցել նաեւ մյուս կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Վերջիններս ձեռնպահ մնացին՝ «գուցե այսօրվա հանդիպումից հետո» պատճառաբանությամբ: