Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ԿՈԱԼԻՑԻԱ՝ ԵՐԿՐՈՐԴ ՌԱՈՒՆԴ

Հուլիս 27,2011 00:00

Օրակարգը ձեւավորվեց՝ արտահերթի հարցի քննարկում եւ  պատշաճ ընտրությունների անցկացման նպատակով քաղաքակիրթ  մրցակցության ապահովում:

ՀԱԿ-կոալիցիա աշխատանքային խմբերի երկրորդ հանդիպումը լուսաբանելուց առաջ, մինչ ԶԼՄ-ների ներկայացուցիչները սպասում էին հանդիպման ավարտին, մտքումս շարունակ մի երգ էր պտտվում, որը ֆրանսերենից թարգմանված հնչում է այսպես՝ «Կլոր սեղանի ասպետներ, համտեսենք գինին, եթե լավն է»: Նյութը եւս մտադրվել էի այդպես էլ վերնագրել, բայց հետո մտածեցի, որ նախ՝ երկխոսողները բոլորովին ասպետներ չեն (ասպետների ժամանակն անցել է), եւ երկրորդ՝ ինչ գինի, ինչ բան, երկխոսողներն ընդամենը սուրճ են խմում:

Ինչպես առաջին հանդիպումը, երկրորդը եւս տեւեց մոտ երկու ժամ, ըստ էության, այդ ժամանակահատվածի համար է բավարարում կողմերի շնչառությունը, եւ հանդիպումից հետո այս անգամ առաջինը լրագրողներին մոտեցավ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը (առաջին հանդիպումից հետո այդ բանն արել էր կոալիցիայի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը) եւ հայտարարեց, թե կարող է շնորհավորել լրագրողներին, քանի որ արդեն ձեւավորվել է երկխոսության օրակարգը. «Կարող եմ շնորհավորել ձեզ եւ ասել, որ օրակարգը ձեւավորված է: ՀԱԿ-իշխանություն երկխոսության օրակարգ, քննարկման ենթակա հարցեր՝

1. ՀԱԿ առաջարկ. «Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձեւավորման նպատակով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում եւ դրանց ազատության, արդարության եւ օրինականության ապահովման անհրաժեշտ միջոցառումներ»։

2. Կոալիցիայի առաջարկ. «Ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձեւավորում»։

Լեւոն Զուրաբյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, թե ՀԱԿ-ի ներկայացրած պահանջներին տրվել են պատասխաններ. «Նրանք մերժում են հանրային եթերի տրամադրումը, մերժում են եւ ուղիղ հեռարձակումը, դրա փոխարեն ինչ-որ առաջարկներ ունեն, պատրաստված տեսահոլովակների վերաբերյալ դեռեւս պատասխան չունեն, եւ երրորդը, ոստիկանության կողմից ահաբեկման, տրանսպորտի աշխատանքների կազմալուծման վերաբերյալ կոալիցիան առաջարկել է փաստերը տրամադրել իրենց պատվիրակությանը»:

Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ երեկ իրենց տարածած հայտարարության մեջ ՀԱԿ-ը պահանջում է նախ՝ նախագահական արտահերթ ընտրություններ, Լեւոն Զուրաբյանն ասաց. «Որովհետեւ, մեր կարծիքով, նախագահական արտահերթ ընտրությունները կստեղծեն լրջագույն երաշխիքներ նաեւ խորհրդարանական ընտրությունների արդար, ազատ եւ օրինական անցկացման համար»:

«Առավոտի» հաջորդ հարցը հետեւյալն էր՝ ՀԱԿ-ը շարունակում է իշխանություններին համարել ոչ լեգիտիմ, այդ դեպքում ինչո՞ւ է նրանց հետ նստած երկխոսում, պարոն Զուրաբյանը այսպես պատասխանեց. «Դուք շատ լավ գիտեք, որ երկխոսությունը կամ բանակցելը չի նշանակում հակառակ կողմի լիազորության կամ լեգիտիմության ճանաչում, դա ընդամենը համատեղ փորձ է՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու: Հայաստանում լրջագույն քաղաքական ճգնաժամ է, եւ այդ քաղաքական ճգնաժամի հաղթահարման խաղաղ ճանապարհը մենք համարում ենք լավագույնը, դրա համար էլ բանակցում ենք, եթե խաղաղ ճանապարհով չստացվի, ուրեմն լինելու է առճակատում»:

Հետո լրագրողներին եւ տեսախցիկներին մոտեցավ Դավիթ Հարությունյանը: Նա էլ իր հերթին հայտարարեց, թե օրակարգը ձեւավորված է, եւ որ իրենք ներկայացրել են մի հարցադրում, որը ըստ իրենց՝ կարեւոր է, եւ որը կապահովի երկխոսության պատշաճ հիմքը. «Մենք մտահոգված էինք Կոնգրեսի վերջին գրավոր հայտարարությամբ (երեկ, կոալիցիայի ներկայացուցիչների հետ հանդիպման պահին, երբ մոտ մեկ ժամ արդեն հանդիպումն ընթանում էր, ՀԱԿ-ը տարածեց մի հայտարարություն, որով պահանջում էր հոկտեմբերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ եւ որով իշխանությանը համարում էր ոչ լեգիտիմ- Մ. Ե.), քանի որ եթե սկսված է երկխոսություն, ապա, մեր կարծիքով, կողմերը իրար հետ չպետք է խոսեն գրավոր հայտարարությունների լեզվով, դա հարցականի տակ է դնում այն ներկայացուցիչների լիազորությունները, ովքեր ներկայացվել են երկխոսությանը: Եվ կարծես թե մենք հանգեցինք ընդհանուր եզրակացության, որ այսուհետ կողմերը բոլոր հարցերը ներկայացնելու են երկխոսության սեղանի շուրջ»: Ասաց նաեւ, թե երկխոսության ուղիղ հեռարձակում չի լինի, ինչպես պահանջում էր ՀԱԿ-ը:

Դավիթ Հարությունյանը դիմեց բոլոր ԶԼՄ-ներին՝ «ապահովելու նույնպիսի հնարավորություններ նաեւ Կոնգրեսի ներկայացուցիչների համար, ինչպես եւ մեր աշխատանքային խմբի համար, ավելին՝ եթե մեր վեցից որեւէ մեկին կհրավիրեն որեւէ եթեր, ապա մենք առաջին հարցը կուղղենք համապատասխան հեռուստաընկերությանը. արդյոք նրանք համապատասխան հրավեր ուղարկե՞լ են նաեւ Կոնգրեսի ներկայացուցիչներին, եւ կհամաձայնենք եթերով հանդես գալ այն դեպքում, եթե հակառակ կողմը եւս ունեցել է նման առաջարկ»:

Պատասխանելով լրագրողների տարակուսանքին՝ փաստորեն կոալիցիան պատրա՞ստ է քննարկել արտահերթի հարցը, Դավիթ Հարությունյանը նկատեց՝ իրենք կանխավ են հայտարարել, թե պատրաստ են քննարկել ցանկացած հարց. «Եթե երկխոսության որեւէ կողմ ի սկզբանե հայտարարում է, թե սա է իր սահմանը եւ սրանից դուրս չի գա, դա այլեւս երկխոսություն չէ: Մենք, ինչպես եւ հայտարարել ենք, պատրաստ ենք քննարկելու ցանկացած ամենասուր հարց»:

Լրագրողները հիշեցրին Լեւոն Զուրաբյանի մի հայտարարությունը, որ եթե երկխոսությունն արդյունք չտա, իրենք պատրաստ են գնալ առճակատման: Դավիթ Հարությունյանը նկատեց. «Չեմ կարծում, որ դա իրական մտադրություն է, որովհետեւ իմ կարծիքը բանակցող մյուս կողմի մասին շատ բարձր է, եւ անգամ եթե նման հայտարարություն են արել, ապա, կարծում եմ, դա արել են զուտ մարտավարական նպատակներով, ոչ ավելին»:

Հաջորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 4-ին, ժամը 12:00-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել