Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԻՄԻ ՄԻ ՄԱՍԸ ՀԱԼԱԾՈՒՄ ԷՐ ՄՅՈՒՍԻ՞Ն

Հուլիս 27,2011 00:00

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը երեկ «Արցախ» ակումբում արեց նույն պնդումը, որը կրկնվում է խորհրդարանական ընդդիմադիրների բազմաթիվ ելույթներում, այն է՝ թե ՀԱԿ-ը եւ իշխանությունը հանդես են գալիս քաղաքական նույն դիրքորոշումներով, մասնավորապես՝ համընկնում են սկզբունքները Արցախի խնդրի լուծման հարցում, նաեւ տնտեսական, սոցիալական ոլորտներում են հիմնականում նույն քաղաքական դիրքորոշման կողմնակիցը: Լարիսա Ալավերդյանը նաեւ կարծիք հայտնեց, թե երկխոսությունը միայն պաշտոնների բաժանման եւ իշխանությունը կիսելու շուրջ է. «Այլ հարցերի շուրջ չկա՛ն հակասություններ»:
«Առավոտը» հետաքրքրվեց՝ եթե իրոք, ինչպես ինքը համոզված է՝ սա նույն թիմն է, ինչպե՞ս է բացատրում, որ 2008 թվականից ի վեր՝ այդ «թիմի» մի մասը բանտերում էր, հետապնդվում էր «թիմի» մյուս մասի կողմից՝ մինչեւ այս երկխոսության մեկնարկը: Ի պատասխան Լարիսա Ալավերդյանն ասաց. «Անձամբ ես եւ «Ժառանգությունը» երբեք չենք թաքցրել, որ այդ շարժումը, բողոքի ալիքը կարելի է դիտարկել երկու տեսանկյուններից: Մեկը դրա ղեկավարներն ու կորիզն են, որոնք այսօր լուծում են նշածս խնդիրները, մյուսը ժողովրդի եւ լայն խավերի՝ իրապես խնդիր ունեցողների բողոքն է: Եվ ես ՀԱԿ-ը միշտ գնահատել եմ իբրեւ այս 3 տարվա մեջ դրական գործ արած՝ գոնե այն առումով, որ այդ բողոքի ալիքը պահպանվել է, չի մարել, ինչպես տեղի է ունեցել մինչ այդ. վերջինը 2004 թվականի ապրիլյան դեպքերից հետո, երբ շատ արագ մարեց: Գտնում եմ, որ ժողովրդի պահանջատիրությունը պետք է օրեցօր ավելի ու ավելի ամրապնդվի, բայց թե որքանո՞վ են այս առումով համընկնում 2008 եւ 2011 թվականները՝ բոլորովին այլ հարց է»:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղարը նաեւ հավելեց, թե պետք է շարունակվի պայքարը հասարակության մեջ գոյություն ունեցող իրական խնդիրների համար. «Որեւէ առումով ես չեմ նսեմացնում 3,5 տարվա այն շարունակական պայքարը, որը ե՛ւ հույզերի, ե՛ւ հույսերի, եւ ամեն ինչի կուտակում է եղել: Եվ մենք ինչպես եղել՝ այնպես էլ մնալու ենք ժողովրդի պահանջատիրության կողքին կանգնած: Այնպես որ՝ այս երկու երեւույթները ես իրար չեմ խառնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել