Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-ը փոշիանում է»

Հուլիս 27,2011 00:00

\"\"Ժիրայր Սեֆիլյանը պատահական չի համարում,  որ Սերժ Սարգսյանը հիմա է ընդունել Տեր-Պետրոսյանի՝  երկխոսելու առաջարկը:

«Մոտ ապագայում քաղաքական դաշտում կձեւավորվի մի երրորդ ուժ, որը կառաջնորդի ժողովրդին ու նրան դուրս կբերի ստեղծված անելանելի վիճակից»,- երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարել է «Սարդարապատ» շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանը՝ հավելելով, որ Հայաստանը գտնվում է դասական հեղափոխության շեմին։ Tert.am-ի փոխանցմամբ, նա նաեւ ասել է. «Ժամանակը եկել է՝ գտնելու լուրջ եւ ազնիվ մարդիկ, որոնք պատրաստ են զոհաբերությունների, որոնց գործն ու խոսքն իրարից չի տարբերվում: Նման մարդկանցով պետք է իրականացվի այլընտրանքային ուժի ձեւավորումը»։ Հայաստանում այս ամռանը քաղաքական առանձնահատկությունների ու հնարավոր զարգացումների մասին խոսելիս Սեֆիլյանը նկատել է, որ նախորդ տարիների համեմատությամբ շատ բան չի փոխվել, քանի որ քաղաքական դաշտ իր տրամաբանական իմաստով չի ձեւավորվել. «Չգիտես ինչու, ամռանը քաղաքական գործիչները, կազմակերպություններն իրենց վերապահում են արձակուրդի գնալ, սա նորմալ կլիներ, եթե իրավիճակը սարդարապատային չլիներ: Սա մեծ հաշվով զավեշտալի է: Բայց ես չեմ ասում, թե մենք իրավունք չունենք մի քանի օր գնալ օդափոխության, բայց պետք է միշտ հիշել, որ ամենօրյա աշխատանքի արդյունքում պետք է արդյունքների հասնենք»:
Անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը՝ նա նշել է, թե այդ «գործի ղեկավարը» Սերժ Սարգսյանն է, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն, ըստ նրա, առաջին անգամ չէ, որ ցանկություն է հայտնել երկխոսելու, եւ նկատել է, որ Սերժ Սարգսյանը բնավ էլ պատահականորեն չի ընդունել երկխոսության հրավերը: Նրա կարծիքով՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ նախագահը երկխոսությամբ ցանկություն ունի փոշիացնել Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված մոբիլիզացված ժողովրդին: Սեֆիլյանի համոզմամբ՝ օր օրի մոբիլիզացված ժողովրդի թիվը պակասում է, ու դա հօգուտ ընդդիմության չէ։
Ի դեպ, երեկ երեկոյան «Սարդարապատը» հաղորդագրություն տարածեց, որ հերթական անգամ շարժմանը թույլ չեն տվել միջոցառում անցկացնել: Այսօր «Կոնգրես» հյուրանոցում պետք է տեղի ունենար Policy Forum Armenia կազմակերպության համանախագահ Դավիթ Գրիգորյանի բանախոսությամբ «Սփյուռք-Հայաստան փոխհարաբերություններ. ներկան եւ հեռանկարները» թեմայով քննարկում։ Չնայած նախնական պայմանավորվածությանը, երեկ հյուրանոցի ներկայացուցիչը նախաձեռնության պատասխանատուին իրազեկել է, որ «դահլիճը տեխնիկական պատճառներով չի կարող սպասարկել այդ միջոցառումը»։ «Հայաստանի իշխող ռեժիմը, հավատարիմ իր որդեգրած ներքին հակաժողովրդական քաղաքականության, վերջին երկու ամսում երկրորդ անգամ անուղղակի միջամտությամբ արգելում է «Սարդարապատ» նախաձեռնության կազմակերպած միջոցառումները»,- ասված է հաղորդագրության մեջ։
.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել