Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԲԱՐԵՓՈԽԵԼ «ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ»

Հուլիս 27,2011 00:00

Ընդ որում՝ ակնկալվում է, որ դա պետք է արվի մինչեւ հոկտեմբերի կեսերը՝  պահանջվող արտահերթ նախագահական ընտրություններից առաջ:

\"\"

Երեկ Հայ ազգային կոնգրեսը հրապարակել է իշխանության պատվիրակության հետ բանակցությունների օրակարգը, որը ՀԱԿ եւ կոալիցիոն ուժերի պատվիրակների երկրորդ հանդիպման ժամանակ արդեն իսկ համաձայնեցվել է, այն է՝ «Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձեւավորման նպատակով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում եւ դրանց ազատության, արդարության ու օրինականության ապահովման անհրաժեշտ միջոցառումներ»: Բայց սա օրակարգի, ըստ էության, ամփոփումն է, մինչդեռ Կոնգրեսն այն համարում է «երկրում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված» քայլ: Իսկ ստեղծված քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամի պատճառը, Կոնգրեսի նկարագրմամբ, այս է՝ բռնություններով եւ հարյուր հազարավոր ձայներով կեղծված նախագահական ընտրություններ, դրա հիման վրա իշխանության ոչ լեգիտիմության իրողության համընդհանուր ճանաչում, Մարտի 1-ի սպանդը եւ երեքուկես տարի անց մեղավորների չբացահայտում, ընտրական գործընթացի համակարգային արատներ, իշխանության բոլոր թեւերի եւ պետական ինստիտուտների նկատմամբ ժողովրդի հավատի կորուստ ու խորացած համատարած անվստահություն, կառավարման բոլոր բնագավառներում առկա ձախողումներ՝ ապօրինի հարկային եւ մաքսային արտոնություններ, ապօրինի մենաշնորհների տիրացած օլիգարխների շահերի սպասարկում, կամայականություններ, մոլեգնող կոռուպցիա ու արդյունքում՝ տնտեսական անկում, սոցիալական վիճակի վատթարացում, համատարած դժգոհության աճ, աղետալի չափերի հասնող արտագաղթ: «Չկարգավորված ղարաբաղյան հակամարտության պայմաններում ռազմական բալանսը կայուն փոփոխվում է հօգուտ Ադրբեջանի՝ սպառնալով մեր ազգային անվտանգությանը»,- ՀԱԿ-ը նաեւ սա է շեշտել ու արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ու լեգիտիմ իշխանության ձեւավորումը համարել հիշյալ բոլոր մարտահրավերների ու խնդիրների լուծման միակ տարբերակը: «Հայաստանում լեգիտիմ, ժողովրդի կողմից ընտրված եւ նրա կողմից վերահսկվող իշխանության ձեւավորումն է, որը կվերադարձնի հավատը պետական իշխանության ինստիտուտների նկատմամբ։ Ժողովրդի անվերապահ աջակցությունից օգտվող լեգիտիմ իշխանությունը միայն կկարողանա կազմաքանդել ապօրինի մենաշնորհների եւ մաքսային/հարկային ապօրինի արտոնությունների վրա հիմնված արատավոր տնտեսական համակարգը, նպաստել նախաձեռնողականությանը, ստեղծել ազատ եւ արդար տնտեսական մրցակցության հիման վրա գործող արդյունավետ տնտեսական համակարգ»,- արձանագրել է Կոնգրեսը։
Այս էքսկուրսից հետո վերադառնալով իշխանական կոալիցիայի հետ երկխոսության բուն նյութին՝ ՀԱԿ-ն իր հաղորդագրության մեջ որպես քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման քայլեր անհրաժեշտ է համարում, ինչպես արդեն ասվեց՝ հոկտեմբերի կեսերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ, անմիջապես հետո, սահմանված ժամկետների պահպանմամբ, անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նախապես ընդունել ընտրությունների օրինականության ապահովման բավականին տարողունակ մի փաթեթ (չգիտես ինչու, այդ փաթեթը լատինատառ է համարակալված):
«a. Կենտրոնական ընտրական եւ ստորադաս հանձնաժողովները ձեւավորել պետության կողմից, որը ստանձնում է ընտրությունների պատասխանատվությունը՝ դառնալով ընտրական ողջ գործընթացի օրինականության երաշխավորը: b. ԱԺ ընտրական համակարգից իսպառ բացառել մեծամասնական ընտրակարգը եւ բոլոր 131 տեղերը համալրել համամասնական ընտրակարգով: c. Առնվազն հնգապատկել Հանրային հեռուստատեսությամբ համապետական ընտրությունների համար նախատեսված անվճար եթերաժամի տեւողությունը, հաղորդումները հեռարձակել հիմնականում ժ. 20-24-ին։ Վճարովի եթերի համար վճարը սահմանել ոչ ավելի, քան բիզնես գովազդների համար։ d. Ստորագրված ցուցակները կախել՝ ծանոթանալ ցանկացողների համար մատչելի տեղում, վստահված անձանց եւ դիտորդներին, ըստ պահանջի, տրամադրել դրանց պատճենները: e. Ապահովել քաղաքացիական վերահսկողության հնարավորություն զինվորական մասերում կազմվող ընտրողների ցուցակների նկատմամբ: Բազմակի քվեարկումը կանխելու նպատակով զինվորականների ընտրական ցուցակները տրամադրել ԿԸՀ-ին եւ հնարավորություն ընձեռել այնտեղ գրանցված վստահված անձանց ունենալ այդ ցուցակների ինչպես ամբողջական, այնպես էլ ըստ տեղամասերի տարանջատված թվային տվյալները։ f. Բազմակի քվեարկությունը բացառելու նպատակով քվեարկության մասնակցած անձի ձեռքին թողնել թանաքի կայուն հետք: g. Բոլոր տեղամասերում եւ դրանց մուտքի մոտ տեղադրել տեսախցիկներ, որոնք կտեսագրեն քվեարկության, ձայների հաշվարկման եւ արդյունքների ամփոփման ողջ ընթացքը: Վստահված անձի պահանջով տեսագրության պատճենը պետք է տրամադրվի նրան: h. Ապահովել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2000 դիտորդների հրավեր՝ յուրաքանչյուր տեղամասում մեկ արտասահմանյան դիտորդ։ i. Քարոզչության եւ իրական բազմակարծության ապահովման նպատակով հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառում ստեղծել հեռարձակման արտոնագրերի շնորհման այնպիսի համակարգ, որը քաղաքական դաշտի ողջ ներկապնակին, այդ թվում նաեւ Հայ ազգային կոնգրեսին թույլ կտա ստանալ հեռարձակման արտոնագիր եւ օգտվել հավասար հնարավորություններից»։
«Առավոտի» ճշտող հարցին, թե՝ այս փաթեթը, որը նախատեսում է ՀՀ «Ընտրական օրենսգրքի» նոր ու արմատական փոփոխություններ, առաջարկվում է անել նախագահական ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո՝ խորհրդարանականին ընդառաջ, ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը պարզաբանեց. նախագահական ընտրություններից առաջ: Բայց եթե Կոնգրեսն անվերապահորեն պահանջում է հոկտեմբերի կեսերին նախագահական ընտրություններ անցկացնել ու սպառնում հակառակ դեպքում առճակատումների գնալ, ապա նշանակում է, որ ԱԺ-ում, որի հերթական նստաշրջանը միայն սեպտեմբերի կեսերից է մեկնարկելու, վերստին պետք է շրջանառության մեջ դրվի ԸՕ-ն բարեփոխող օրենսդրական նախաձեռնություն, որն, անշուշտ, դեռ պետք է մշակել՝ եթե, իհարկե, կոալիցիան դեմ չէ (իսկ դեմ է, թե ոչ՝ կերեւա, թերեւս, երկխոսության ընթացքում): ՀԱԿ-ում՝ երկխոսության համատեքստում այս պահանջի իմպերատիվ լինել-չլինելու վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ ասվեց, որ դա Կոնգրեսի պատկերացմամբ՝ օրինական ընտրությունների ապահովման մեխանիզմ է, որը հնարավոր է, որ կատարվի, ասենք՝ 90 տոկոսով: Ինչ վերաբերում է մինչեւ հոկտեմբերի կեսերը նման ծավալի աշխատանք կատարելու իրատեսական լինելուն, ապա Կոնգրեսում կարծում են, որ ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է:
«Առավոտը» երեկ ճշտեց նաեւ, որ ՀԱԿ-իշխանական կոալիցիա երկրորդ հանդիպման ժամանակ ներկայացվել է նաեւ այս պահանջը, որի վերաբերյալ, սակայն, կոալիցիոն պատվիրակությունը դեռ դիրքորոշում չի հայտնել: Թերեւս ենթադրելի է, որ այն կարող է դառնալ երկխոսության գործընթացի «օբյեկտիվ» պատճառաբանություններով ձգձգման հիմնական թեմա, մանավանդ որ՝ ե՛ւ Կոնգրեսի, ե՛ւ իշխանությունների օրակարգը բացառապես ընտրություններն են ու դրանց օրինական անցկացումը, նաեւ քաղաքակիրթ մրցակցության կանոնների ձեւավորումը, ինչը, գոնե ըստ Կոնգրեսի, բխում է հենց արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջի տրամաբանությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել