Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՆՈ՞ՒՄ ԵՆ ՀԱՅ ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁԻՆՔ

Հուլիս 27,2011 00:00

\"\"Հուլիսի 24-ին թույլ չեն տվել Վրաստան մուտք գործել  «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանին: Բացի այդ՝ սահմանին առգրավել են Վրաստան տարվող տպագիր նյութերը:

Ի տարբերություն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի եւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի, որոնց ընդհանրապես թույլ չէին տվել ելույթ ունենալ հուլիսի 24-ին Ջավախքում կազմակերպված Տերյանական օրերին նվիրված միջոցառման ժամանակ՝ «Ժառանգության» վարչության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության մշակութային հարցերով հանձնաժողովի նախագահ Անահիտ Ուզունյանը կարողացել է խոսք ասել, սակայն նրա ելույթը կոպտորեն խոչընդոտվել է՝ անջատել են բարձրախոսը: «Առավոտին» ներկայացնելով կատարվածի մանրամասները՝ Անահիտ Ուզունյանն ասաց, թե պետք է խոսք ասեր «Ջավախք» հայրենակցական միության անունից. «Ասացի, որ այս երկրամասը կարոտած ու իրենց ողջունել ցանկացող մարդիկ կան, եւ այս պահին փորձում եմ նրանց անունից ողջույնի խոսք հղել: Եվ հնչեցրի Շիրակ Թորոսյանի անունը, ու մարդիկ սկսեցին ծափահարել»:
Ցանկացել էր անդրադառնալ մեկ այլ փաստի, որ այդ օրը համալրվել էր այն հայերի թիվը, որոնց արգելում են անցնել Վրաստանի տարածք: «Մեզ համար անակնկալ էր՝ ուղղակի զարմանալի եւ անհեթեթ իրողություն, որ Վրաստանի սահմանը հատել թույլ չտվեցին նաեւ «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանին (հիշեցնենք, որ մինչեւ Շիրակ Թորոսյանը՝ նա էր ղեկավարում «Ջավախք» հայրենակցական բարեգործական միությունը.- Ա. Ի. ): Եթե Շիրակ Թորոսյանի դեպքում հասկանում ենք, որ խնդիրը նրա քաղաքական գործունեությունն է, այն, որ շատ հիմնախնդիրների վերաբերյալ նա այլ կարծիք ունի՝ զարմացանք, որ ընդհանրապես քաղաքականությամբ չզբաղվող եւ իր տեսակետների, դիրքորոշումների մեջ զուսպ եւ հավասարակշռված, ճանաչված անձի նկատմամբ էլ է կիրառվում արգելանք: Կամայականության այս էլ երկրորդ նախադեպը շատ վիրավորական է,- ասաց Անահիտ Ուզունյանը:- Ես ուզում էի այս մասին էլ խոսել ելույթում, թե չունենք որեւէ կանխակալ բացասական վերաբերմունք Վրաստանի իշխանության նկատմամբ, եւ մտածում ենք, թե սա որոշ անհատների դիրքորոշումն է: Ուզում էի ասել, թե որքան մեզ է պետք Վրաստանում լինելը՝ նույնքան վրացական իշխանություններին: Եվ կարծում եմ, որ նման անտրամաբանական վերաբերմունքը հաստատապես չի կարող լինել երկու երկրների ժողովուրդների բարեկամության երաշխավորը: Բայց բարձրախոսը անջատվեց: Ես չիջա հարթակից, ասացի, որ բարձր ձայն ունեմ՝ կարող եմ առանց խոսափողի էլ խոսել, ինչը եւ ուզում էին ներքեւում կանգնածները»:
«Ջավախք» հայրենակցական միության մշակութային հարցերով հանձնաժողովի նախագահը զարմանք արտահայտեց նաեւ հետեւյալ առիթով. «Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը խոսեց բեմից ու որեւէ մտահոգություն չարտահայտեց այն առիթով, որ սահմանին իրենց ձեռքից տպագիր նյութեր էին վերցրել: Մարդիկ մեծ քանակությամբ պարբերականներ էին տանում ջավախքցիներին տալու այդ օրվա կապակցությամբ՝ մշակութային անդրադարձներ եւ այլն: Առանց որեւէ պատճառաբանության՝ սահմանին նրանց ձեռքից վերցրին այդ ամենը եւ հետո վերադառնալիս վերադարձրին: Գուցե տեղը եւ ժամանակը չէր այդ մասին խոսելու՝ ուզում եմ այդպես մտածել: Բայց հուսով եմ, որ այս փաստին որեւէ անդրադարձ կլինի Գրողների միության նախագահի կողմից, քանի որ համագործակցում են Վրաստանի գրողների միության հետ: Ո՛չ թերթ, ո՛չ գիրք՝ տպագիր որեւէ նյութ այնտեղ հնարավոր չէ հասցնել. թող փորձի ցանկացած մեկը տանել՝ հենց սահմանին է իրականացվում խիստ գրաքննությունը»:
Ի դեպ, պատմեց, որ իր ելույթին բացասաբար էին արձագանքել որոշ հայեր. «Չեմ ուզում անուններ տալ: Բայց երբ հարթակից իջա ներքեւ՝ մարդիկ, որոնք «Ջավախք» հայրենակցական միության նիստերում միշտ ներկայացել են իբրեւ առավել արմատական գաղափարախոսության կրողներ եւ վճռական քայլերի կողմնակից ու Հովհաննես Այվազյանին էին մեղադրում, որ ծուլանում է խնդիրներին լուծումներ տալ եւ այլն՝ ինձ շատ մեղադրական տոնով ասում էին, թե ինչո՞ւ քաղաքականացրիր: Բայց ես ուղղակի փոխանցեմ այն բառերը, որոնք ասել եմ այնտեղ՝ կարոտում եմ այն ժամանակները, երբ Հայաստանից Վրաստան անցնելիս անձնագրին անգամ ուշադրություն չէին դարձնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել