Լրահոս
Օրվա լրահոսը

«PINCET»-ը՝ «LGBTT»-ում

Հուլիս 26,2011 00:00

\"\"Հայ միասեռականները Թուրքիայում դժգոհել են

Ստամբուլում անցկացվել է միասեռականների, լեսբուհիների, բիսեքսուալների, տրանսվիստիտների ու տրանսսեքսուալների՝ «LGBTT» միջոցառումը: Հայաստանյան մասնակիցների թվում նշվում է «PINCET» ռոք խումբը:
Ստամբուլում Հայաստանի «LGBTT» խմբավորման անդամները դժգոհել են, որ չեն կարող դուրս գալ փողոց՝ իրենց իրավունքների պաշտպանության համար: Ավելին, նրանցից շատերը չեն ցանկանում բարձրաձայնել իրենց սեռական ուղղվածության մասին՝ վախենալով աշխատանքը կորցնելուց, հալածանքների ենթարկվելուց, ընտանիքի կողմից մերժվելուց եւ այլն: 
Աշխարհի տարբեր քաղաքներում ամեն տարի անցկացվում են գեյ-շքերթներ՝ ընդ որում, արտոնված: Ստամբուլում անցկացվածն էլ այդպիսին էր։ Մասնակիցների թիվն անցել է 7000-ը: Ստամբուլյան գեյ-շքերթը, սակայն, առանձնանում էր նրանով, որ մասնակիցների շարքերում 4 հայ կար՝ «PINCET» աղջիկների ռոք խումբը:
«Հայերը՝ Ստամբուլի գեյ-շքերթում» թեման լրատվական կայքերում քննարկման նյութ է դարձել եւ հանդիպումներն ու հանրային շփումները դիտարկվել են հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում: Խոսքը հունիսի 20- 26-ը Ստամբուլում ընթացող սեռական փոքրամասնությունների «Ինքնասիրության շաբաթվա» մասին է եղել, որի ժամանակ էլ մասնակիցները բողոքել են իրենց հանդեպ կիրառվող խտրականության դեմ:
«PINCET» աղջիկների ռոք խմբի հիմնադիր-տնօրենը Ծոմակն է, ով ղեկավարում է Երեւանի կենտրոնում գտնվող «D.I.Y.» ակումբը, որտեղ էլ սովորաբար հավաքվում են իրենք: Ծոմակը Թուրքիայում եղել է մի քանի անգամ ու, ինչպես ինքն է ասում, ամեն անգամ նոր ծանոթություններ է ունենում, ջերմ ընդունելության արժանանում:
«Այնտեղ շատ լավ թուրք արվեստագետ ընկերներ ունեմ եւ ամեն տարի՝ 1993 թվականից, իրենց մոտ գեյ-պարադներ են կազմակերպվում. մեզ էլ անհամբեր սպասում էին։ Ինձ դուր եկավ հայ-թուրք հարաբերությունների վիճակը, որովհետեւ հատուկ էին Հայաստանից խումբ հրավիրել: Մենք, ճիշտն ասած, որոշեցինք էդ թեմայով շատ չխորանալ էնտեղ, որովհետեւ ամեն ինչ շատ լավ էր»,- պատմեց Ծոմակը:
Yerkirmedia.am կայքի փոխանցմամբ՝ Ծոմակի ու իր խմբի անդամների համար առաջնայինը սեփական իրավունքներն են, մտքի ու մարմնի ազատությունը, նաեւ՝ հասարակության ընկալումը: Նա ագրեսիա ծնող բացասական զգացողություն է համարում նաեւ հայ-թուրքական չկայացած երկխոսությունը: «Ընդունելի», ավելի ճիշտ՝ «սովորական» է որակում փակ դուռ հիշեցնող հայ-թուրքական հարաբերությունները: Պետական մակարդակով դուռը ճեղքել չի հաջողվում, իսկ նրա համոզմամբ՝ ժողովուրդը կարող է ավելին:
Հայկական խումբն էլ՝ Ծոմակի գլխավորությամբ, հասցրել է դժգոհել, որ Երեւանում նմանատիպ միջոցառում անցկացնելը հեռավոր երազանք է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել