Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձում են չկրկնվել, տարբերվել

Հուլիս 26,2011 00:00

Ըստ Վլադիմիր եւ Մարգարիտա Բարխոյանների՝ երաժշտությունն իրենց երակներում է

\"\"

Կուլիսներից բեմ հասան ընդամենը մեկ քայլով՝ կուլիսներից մայրիկի համերգներին հետեւելով ու գիտակցելով, որ ուզում են հենց այդ ճանապարհով քայլել: Ահա թե ինչպես են Վլադիմիր եւ Մարգարիտա Բարխոյանները մուտք գործել երգարվեստ:
«Փոքր տարիքում մայրիկի համերգներին միշտ մասնակցում էինք: Միշտ բեմի հետեւում ենք եղել, կարելի է ասել՝ բեմի հետեւում ենք մեծացել: Այնպես որ, երաժշտությունը մեր երակներում է»,- մեզ հետ զրույցում ասաց Մարգարիտա Բարխոյանը: «Մեր կյանքում ուրիշ ուղի չէինք կարող պատկերացնել, թեեւ հայրիկս մասնագիտությամբ իրավաբան է, կարող էինք նաեւ այդ ճանապարհով գնալ»,- քրոջը շարունակելով հավելեց Վլադիմիր Բարխոյանը:
Որպես կանոն, մանկության տարիներին մի շրջան է լինում, երբ երեխաները երազում են այս կամ այն մասնագիտության մասին եւ այդ մասնագետի դերը ստանձնում իրենց հորինած խաղերում: Վլադիմիրն ու Մարգարիտան էլ այդ իմաստով բացառություն չեն: Միայն թե նրանք ոչ թե իրենց սիրած խաղում, այլ իրական կյանքում են հայտնվել:
Նրանց փոխանցմամբ, իրենք սկսել են երգել շատ փոքր տարիքից, իսկ համատեղ հանդես գալը ինքնաբերաբար է ստացվել: Դուետի կերտման համար ինչ-որ իմաստով խթան է հանդիսացել նաեւ հատուկ իրենց համար գրված «Սերն է քո արեւը, հայրենիք» երգը: Հենց այդ երգն էլ երգարվեստում դարձավ իրենց գլխավոր այցեքարտը: Մարգարիտան նույնիսկ ժպիտով մեջբերեց, որ շատերն այն հիշում են որպես քրոջ եւ եղբոր երգ:
«Մինչ օրս այդ երգը այնքան խանդավառությամբ եւ հիացմունքով է ընդունվում, որ հատուկ համերգների ժամանակ ենք երգում: Հասկանում ենք, որ մեծացել ենք արդեն, բացի այդ՝ պահում ենք ամենաքաղցր պահերի համար»,- խոստովանեց Վլադիմիրը:
Նրանց ոչ պակաս հաջողություն է բերել նաեւ «Շատ-շատ-շատ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Բարխոյաններն ասում են, որ անում են հնարավոր ամեն ինչ՝ ուրույն, չկրկնվող ձեռագիր ունենալու եւ մյուսներից տարբերվելու համար: Նրանք հավաստիացրին, որ մինչ օրս ոչինչ չեն արել հենց այնպես, ուղղակի. «Մեզ համար առաջնայինը որակն է, հետո նոր մյուս հարցերը»:
Բարխոյանները սկսնակներին հորդորում են այս ասպարեզում քայլեր անելիս ճիշտ կողմնորոշվել, լավ մասնագետների հետ աշխատել. «Դրանից շատ բան է կախված: Մենք մեր գործունեությունը սկսելիս եւ մինչ օրս էլ պրոդյուսեր չենք ունեցել: Կարեւորն այն է, որ դու անես այն, ինչ որ զգում ես հոգուդ խորքում, ոչ թե հետեւես այս կամ այն, երբեմն նաեւ ճանապարհից շեղող խորհուրդների: Կարեւորը ճիշտ սկսելն է, սկիզբն է: Հետո ամեն ինչ իր հունով կգնա»,- վստահեցնում է Վլադիմիրը:
Թեեւ վերջին ժամանակներում Բարխոյաններն այնքան էլ հաճախակի չեն երեւում էկրաններին, այդուհանդերձ, հավաստիացնում են, որ իրենց աշխատանքը երբեք չի դադարում:
«Միշտ ստեղծագործական աշխատանքների մեջ ենք: Նախընտրում ենք, որ մեր տեսահոլովակները եթերում շատ չլինեն, որովհետեւ շատ երեւալը հաճախ կարող է հակառակ արդյունքը տալ, բայց մենք միշտ զգում ենք, որ շատ սպասված ենք: Իսկ փոքրիկ դադարը նպաստում է, որ մարդիկ սիրով սպասեն»,- նկատում է Մարգարիտան:
Նշենք, որ առաջիկայում եթերում կլինի նրանց նոր զուգերգը՝ տեսահոլովակով, Բարխոյանները նաեւ պատրաստվում են թողարկել իրենց երրորդ ձայնասկավառակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031