Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՑԵՔԱՐՏԵՐԸ՝ ՁԵՐ ՄԱՍԻՆ

Հուլիս 26,2011 00:00

Յուրաքանչյուր բնագավառ պետք է ունենա  իրեն հարմար այցեքարտ

\"\"

Այցեքարտն առաջին հայացքից ոչինչ չասող մի ստվարաթուղթ է, սակայն այն հասցեատիրոջ մասին կարող է շատ բան ասել: Այցեքարտը կարեւոր դեր է խաղում հատկապես գործնական հարաբերություններում: Երբեմն դրանցում օգտագործված գույները, տառատեսակը կամ պատկերներն ընտրվում են հատուկ նպատակով, իսկ մրցակցությանը դիմանալու համար պետք է ստեղծել, որքան հնարավոր է, չկրկնվող այցեքարտեր:
Այցեքարտի ստեղծման եւ տարածման պատմությունն այնքան էլ երկար չէ: Ըստ որոշ տվյալների՝ այն առաջին անգամ ի հայտ է եկել Հին Չինաստանում՝ մ.թ.ա. I-II դդ.-ում, իսկ այլ աղբյուրների համաձայն՝ այցեքարտերի գործածումը սկսվել է XV դարում: Այդ ժամանակ այցեքարտերն անվանվում էին «կանչող խաղաքարտեր» կամ «այցելող քարտեր», սակայն դրանց գործածման իրավունք ունեին միայն ազնվականները: Այս այցեքարտերի դերը՝ դրանց սեփականատիրոջ «հյուրընկալության» մասին հայտնելն էր, որոնք ծառաների միջոցով նախօրոք էին ուղարկվում: XVII դարում այցեքարտերը սկսեցին կիրառվել նաեւ Եվրոպայում, Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում: Սակայն դրանք Անգլիայում ավելի մեծ կիրառություն ունեին, քան Չինաստանում: Այդ ժամանակաշրջանում այցեքարտերն անվանվում էին «առեւտրաքարտեր», որոնք այսօր եւս կիրառվում են:
Առաջին տպագրված այցեքարտերն ի հայտ եկան 1786թ.՝ Գերմանիայում: Սակայն XVI-XVII դդ. Իտալիայում կատարվում էին այցեքարտերի ամենաորակյալ տպագրությունները՝ պոլիգրաֆիայի կիրառման շնորհիվ: 1830 թվականից վիմագրության՝ որպես տպագրական մեթոդի գործածման շնորհիվ այցեքարտերի կիրառումը սկսվեց տարածվել ամբողջ աշխարհով, որի ընթացքում սկսվեց զանազան գույների, տառատեսակների եւ դիզայնի լայն գործածումը:
Այսօր այցեքարտերի նպատակը փոխհարաբերությունների մեջ մտնելը եւ մարդու կամ տվյալ կազմակերպության մասին կարեւոր տեղեկություններ հայտնելն է: Այցեքարտերը հիմնականում լինում են երեք տեսակի՝ անհատական, կորպորատիվ եւ գործնական: Առաջին տեսակի այցեքարտերը ոչ պաշտոնական են, որոնց մակերեսին նշվում են միայն հասցեատիրոջ անունն ու ազգանունը, հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն: Կորպորատիվ այցեքարտերի պարագայում վերոհիշյալ տվյալներին ավելանում են նաեւ հասցեատիրոջ անունը, հայրանունը եւ ազգանունը, ընկերության, կազմակերպության անունը, հասցեն, պաշտոնական կայքը եւ բնագավառը: Երրորդի դեպքում, այդ բոլոր տեղեկություններից բացի, անպայման նշվում են հասցեատիրոջ պաշտոնը եւ կազմակերպության կամ ընկերության լոգոն: Այս բոլորը այցեքարտի պարտադիր բաղադրիչներն են, սակայն պետք է մեկընդմիշտ հիշել, որ պետք չէ այն ծանրաբեռնել բազմատեսակ հեռախոսահամարներով կամ ավելորդ տվյալներով: Հաղորդագրության ճիշտ հաղորդելու մեկ այլ կարեւոր հանգամանք է նաեւ այցեքարտի գրաֆիկան: Յուրաքանչյուր բնագավառ պետք է ունենա իրեն հարմար այցեքարտ, որը կարողանա պատշաճորեն ներկայացնել այն: Օրինակ՝ երեխաների հետ աշխատողների այցեքարտը պետք է որքան հնարավոր է գունագեղ լինի, քանի որ երեխաների համար երեւակայությունն ու ստեղծագործականությունն ամենակարեւոր գործոններից են: Որպես գույն նախընտրելի է կիրառել մանուշակագույնը, քանի որ այն խորհրդանշում է հոգեւոր աշխարհը, անմիջականություն եւ շքեղություն: Եթե մասնագիտությամբ բժիշկ եք, ուրեմն այցեքարտում օգտագործեք այնպիսի պատկերներ, գույներ եւ տառատեսակներ, որոնց միջոցով հնարավոր լինի հաղորդել վստահություն եւ լրջություն: Լրատվամիջոցներում աշխատողների այցեքարտերը պետք է պատրաստվեն յուրահատուկ ոճով, որ հնարավոր լինի ներկայացնել տվյալ ոլորտը: Եվ քանի որ այս բնագավառը ընդարձակ է, այն թույլ է տալիս կիրառել տարբեր պատկերներ եւ գույներ: Եթե գործունյա անձ եք, լուրջ բնագավառի ներկայացուցիչ, ուրեմն ձեր այցեքարտը պետք է լինի հասարակ եւ պաշտոնական՝ ներշնչելով վստահություն, լրջություն, էլեգանտություն եւ ոչ թե գերհագեցած կամ ծանրաբեռնված ավելորդ թիթիզություններով: Պետք չէ կիրառել վարդագույնը հատկապես այն ժամանակ, երբ հանդիպումները տեղի են ունենում կառավարող բնագավառի աշխատակիցների հետ: Ստեղծագործական բնագավառում, օրինակ՝ գեղեցկության սրահում աշխատողների այցեքարտը պետք է հագեցած լինի տարբեր համարձակ գույներով եւ պատկերներով՝ այցելուներին հրապուրելու նպատակով:
Այցեքարտ պատրաստելիս փորձեք հրաժարվել եւ չառաջնորդվել «ինձ դուր է գալիս» սկզբունքով: Ստեղծեք այնպիսի այցեքարտեր, որոնք միայն դրականը հիշեցնեն ձեր անձի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031