Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՐԵԹԵ ՄԱՀԱՊԱՐՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ

Հուլիս 26,2011 00:00

\"\"Չինաստանի Նինբո քաղաքում այսօր շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության վերջին օրն է: Այսօր հայտնի են դառնալու թե չեմպիոնը, թե մեդալակիրները:

Պաշտոնապես մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճած ինը երկրներին ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի որոշմամբ միացել է նաեւ Հայաստանը: Առաջնության մեկնարկի նախորդ օրերին հաղթողի հիմնական հավակնորդ համարվող երկրները՝ հատկապես Ռուսաստանը, վստահ իր հնարավորություններին, նշում էր, որ իր գլխավոր մրցակիցն Ադրբեջանն է, իսկ Հայաստանին կանխատեսում էր հաղթելու ընդամենը 20% հավանականություն: Ու ինչպես հաճախ է պատահում, այս անգամ էլ ինքը հայտնվեց սեփական երազանքների զոհի դերում:
Մեր ընտրանին, որ նվաճել է մարզաձեւի թիմային հնարավոր գրեթե բոլոր տիտղոսները՝ օլիմպիական կրկնակի չեմպիոն եւ եռակի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր ու Եվրոպայի չեմպիոն, այսօր կանգնած է նաեւ աշխարհի առաջին թիմը ճանաչվելու ամենաիրատեսական «վտանգի» առջեւ: Այդ թափուր տիտղոսը լրացնել մեր հրաշալի հնգյակը կարող էր երեկ, եթե Ադրբեջանի հետ դիմակայությունում առավելության հասներ: Ժամկետից շուտ դա անել չստացվեց՝ 2:2, եւ ամեն ինչ մնաց այսօր կայանալիք եզրափակիչ տուրին:
Հարեւան երկրի շախմատի ֆեդերացիան, որի հավաքականն, իսկապես, ուժեղագույններից է աշխարհում եւ միջին վարկանիշով՝ Նինբոյում երկրորդը՝ Ռուսաստանից հետո, մրցավայր մեկնելուց առաջ, հույսը դնելով, իր պատկերացմամբ՝ «խորամանկ» ռազմավարության վրա, վստահ էր, որ պահանջվող առավելագույն թիմային միավորներ կվաստակի ու կնվաճի չեմպիոնի կոչումը: Ու հենց այդ նպատակով էր ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման վերջին ցուցակում այդ երկրի ամենաբարձր՝ 9-րդ հորիզոնականն զբաղեցնող Շախրիյար Մամեդյարովին ամենաթույլ խաղատախտակում հայտավորել: Ամենայն հավանականությամբ, նրանք հույս ունեին, որ հենց չորրորդ խաղատախտակի առջեւ հնարավոր առավելագույն միավոր վաստակելով՝ կկարողանան թիմային ընդհանուր հաղթանակ ապահովել: Սակայն նրանց այդ պլանները Չինաստանում չարդարացան: Ադրբեջանը վերջին տուրից առաջ թիմային 7,0 միավորով ոչ միայն ընթանում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հատվածում, այլեւ մրցանակային տեղի հավակնելու ոչ մի շանս չունի: Իսկ բոլոր հարցերի պատասխանն ստանալու ենք այսօր: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող Հայաստանի հավաքականից վստահաբար աշխարհի չեմպիոնական ոսկուն տիրանալու համար այսօր պահանջվում է ընդամենը եզրափակիչ տուրում չպարտվել Ուկրաինային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել