Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայ առաքելական եկեղեցին հիվանդ է»

Հուլիս 26,2011 00:00

\"\"Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի տպավորությունները

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հունիսի 10-ին մեկնել էր Իրան՝ հայկական գաղթավայրերում հուշարձանների ուսումնասիրության նպատակով եւ հուլիսի 10-ին վերադարձել: Երեկ նա իր մեկամսյա ուսումնասիրության մասին պատմեց լրագրողներին: «Իրանում երկար ժամանակ ուսումնասիրություններ չէին կատարվել: Անցած տարվանից պետական աջակցությամբ մենք արդեն այդ գործով զբաղվում ենք»,- ասում է Սամվել Կարապետյանը՝ նշելով, որ ծրագիրը իրագործվում է նաեւ իրանական կողմի աջակցությամբ՝ Թեհրանի «Արտակ Մանուկյան» պետական թանգարանի՝ ի դեմս թանգարանի տնօրեն ճարտարապետ Շերլի Ավետյանի: Պարոն Կարապետյանը պատմում է, որ նախորդ տարի հայկական հուշարձանների ուսումնասիրությամբ զբաղվել են միայն հայկական գաղթավայրերում, այս անգամ ընտրել էին Իրանում հայաստանյան գավառները: Ուսումնասիրության վայրը բովանդակալից էր եւ հետաքրքիր. Իրանում կա հայկական 5 գավառ՝ Պարսպատունիք (Ղարադաղ), Արտազ (Մակու), Հեր (Խոյ), Զարեվանդ (Սալմաստ) եւ Ուրմիա: Սամվել Կարապետյանի գլխավորած խումբը այդ մեկ ամսվա ընթացքում չի կարողացել լինել միայն Ուրմիայում: Եկել են 4500 հուշարձանի՝ 6000 լուսանկարով եւ տեսագրություններով: Նախատեսվում է տպագրել գրքեր եւ ստեղծել ֆիլմեր: «Եթե այդ գավառները մեր հայրենիքի որեւէ մի տարածքի հետ բաղդատենք, պիտի ասենք, որ նորից մեր հայրենիքն է՝ հայ մարդու բնօրրան եւ հազարավոր տարիների ընթացքում նյութական արժեքներով հարստացած»,- ասում է Ս. Կարապետյանը: Իրանի հայկական գավառները հիմնականում հայաթափված էին: Այդ մասին պատմում է Ս. Կարապետյանը՝ առանձնացնելով միայն Սալմաստը, որտեղ հայկական 12 տուն կար, որոնցից մեկում էլ ուսումնասիրողները մի քանի օր օթեւանել էին: Նրանք այստեղ, նաեւ՝ Հերում հանդիպել են կանգուն եկեղեցիների, բերդերի, եղել են հայկական գերեզմանոցներում: «Գերեզմանոցով իմանում էինք՝ քանի հայ է եղել այնտեղ: Մահլամ գյուղի մի եզրը հայ ֆիդայիների պանթեոնն է: Այն կարեւոր է պատմություն ուսումնասիրելու համար. 9 ֆիդայի նույն օրը գլխատվել են»,- իր պեղածի մասին է պատմում Սամվել Կարապետյանը: Նա տեսել է, որ Իրանում հուշարձանները պետական հսկողության տակ են, վերականգնվում եւ պահպանվում են, բայց այստեղ էլ պատմական կոթողները զերծ չեն մնացել գանձախուզությունից: Հուշարձանագետը նշում է, որ նա մեծապես ցանկացել է լինել Ղարադաղում: «Ազգագրական տեսակետից Ղարադաղը ուսումնասիրված է: Բայց ճարտարապետությունը, պատմական հուշարձանները որեւէ մեկը չի ուսումնասիրել: Իսկապես ինձ համար հետաքրքիր էր դա անել, մտածում էի՝ ինչ որ տեսնեմ, նոր է լինելու եւ այդպես էր»- ասում է Սամվել Կարապետյանը: Ըստ նրա, այնտեղ, ի տարբերություն հիշատակված մյուս գավառների, որտեղ քրդեր էլ կային, բնակվում էին միայն ազերիներ: «Միակ տեղը, որ լսում էին՝ ինչի համար ենք եկել եւ ով ենք մենք, լարվում էին, դա Ղարադաղն էր»,- ասում է բանախոսը: Ըստ նրա, դա պայմանավորված է Իրանի ազերիների՝ Ադրբեջանի իրենց հայրենակիցների հետ մտերմությամբ: Այստեղ հետազոտողները ոչ մի քայլ չեն արել առանց սահմանապահ զորքերի ուղեկցության, տարածքը սահմանամերձ էր Արցախին: Նա նշում է, որ մյուս տարի կշարունակեն ուսումնասիրել հայկական գաղթավայրերը, իսկ 2013-ին կանցնեն Ուրմիա՝ այդպես 2 տարի հետո կունենանք Իրանի հայկական ճարտարապետական կոթողների ամբողջական պատկերը:
Սամվել Կարապետյանն անդրադարձավ կաթողիկոսի անձի շուրջ բարձրացրած աղմուկին: Լրագրողի դիտարկմանը, թե «Հ1»-ով կաթողիկոսի հնչեցրած տեսակետը այն էր, որ եկեղեցու տոկունությունը փորձում են կոտրել, Ս. Կարապետյանը պատասխանեց. «Ես համաձայն չեմ կաթողիկոսի հետ: Կարծում եմ, որ հայ առաքելական եկեղեցին բուժման կարիք ունի»: Նա նաեւ պատմեց շաբաթ օրը Եղվարդի սուրբ Աստվածածին եկեղեցում լսածը եւ տեսածը. «Այդ եկեղեցու քահանան՝ տեր Հովնանը ասաց՝ մենք բաց ենք, թող ժողովուրդը գա դեպի մեզ: Եղվարդում վխտում էին աղանդավորները, իսկ մեր հանդիպումը փոխքաղաքապետի հետ էր, ով նեղված էր եւ զարմացած: Ասում էր, երբ քահանա չունեինք, այս եկեղեցին ավելի շատ մարդ էր գալիս, հիմա ունենք՝ հազարից մեկը չի գալիս»: Ս. Կարապետյանը մեկ օրինակով հայտնում է իր տեսակետը հոգեւորականների վերաբերյալ. «Եղվարդի ս. Աստվածածին եկեղեցու բակում գեղեցիկ ծաղիկներ կան, դրանք արդեն չորանում են, երբ քաղաքապետարանից քահանային ասել էին, որ ընդամենը մի կոճակ է, սեղմի, թող ջրվի, նա պատասխանել էր. «Կարո՞ղ ա ես ձեր համար այգեպան եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել