Սիրիայի կառավարությունը կիրակի օրը հավանություն է տվել օրենքի մի նախագծի, որով հնարավորություն է ստեղծվում նախագահ Բաշար Ասադի գլխավորած իշխող «Բաաթ» կուսակցությունից բացի, այլ կուսակցություններ հիմնել: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:
Այս օրենքով սկիզբ է դրվում Բաշար Ասադի նախաձեռնած բարեփոխումների շարքին, որոնք Սիրիայի նախագահը խոստացել է կյանքի կոչել՝ այսպիսով հուսալով վերջ դնել ավելի քան 4 ամիս նախագահի եւ նրա վարչախմբի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերին:
«Բաաթ» կուսակցությունը տասնամյակներ շարունակ եղել է Սիրիայի միակ քաղաքական ուժը: Ընդդիմությունը մերժել է կառավարության բարեփոխումները՝ դրանք որակելով «սիմվոլիկ»:
Ընդսմին, Սիրիայում բողոքի ցույցերը շարունակվում են: Իրավապաշտպան կազմակերպությունների տեղեկություններով, արդեն չորս ամիս շարունակվող ցույցերի արդյունքում մոտ 1750 մարդ է զոհվել, որոնցից շուրջ 1400-ը՝ քաղաքացիական անձինք: