Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աղմուկ՝ ոչնչից

Հուլիս 26,2011 00:00

Գիտության պետական կոմիտեն պատասխանում է

Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա ՊՈԱԿ-ի կրտսեր գիտական աշխատող Ս. Գեւորգյանը բազմիցս հանդես է եկել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի վարած քաղաքականության վերաբերյալ իր մեկնաբանություններով: Հոդվածագրի գրվածքները դիտարկվել են որպես ազատ մտքի դրսեւորումներ, սակայն քանի որ խոսքը վերաբերում է ՀՀ կառավարության կողմից ընդունված փաստաթղթում առկա տվյալների ճշգրտությանը, ապա հարկ է նշել, որ «Գիտության ոլորտի զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» որոշման նախագիծը շուրջ մեկ տարի եղել է հանրային բուռն քննարկումների առարկա՝ հրապարակվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում (N 211, 31.10.2009թ.), կազմակերպվել են լսումներ եւ քննարկումներ, իսկ մշակմանը մասնակցել են պետական, գիտական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սակայն քանի որ փորձ է արվում ընթերցողներին թյուրիմացության մեջ գցել՝ աղմուկ բարձրացնելով, փաստորեն, ոչնչից, հարկադրված ենք տալ որոշակի պարզաբանումներ: Որոշման հավելվածի նկար 1-ում բերված են տվյալներ ոչ թե 1990-2008 թթ. համար, ինչպես նշում է հոդվածագիրը, այլ՝ 1991-2008 թթ. ընթացքում ՀՀ գիտնականների հեղինակությամբ կամ համահեղինակությամբ հրատարակված եւ «Թոմսոն Ռոյթեր» շտեմարանում ընդգրկված հոդվածների մասին (տվյալները բերված են 2009թ. հուլիսի 14-ի դրությամբ, իսկ որոնման համար ընտրվել է Հայաստան (CU=Armenia) բառը): Տվյալների ձեռքբերման օրը այս պարագայում շատ կարեւոր գործոն է, քանի որ ցանկացած գիտատեղեկատվական շտեմարանում մշտապես կատարելագործվում են փաստաթղթերի նկարագրությունն ու որոնման մեխանիզմները: Գնահատականը՝ ըստ որոնվող բառի, եւ համապատասխան եզրահանգումը ճշգրիտ են, ավելին՝ կմնան այդպիսին նույնիսկ առաջարկվող փոփոխությունների դեպքում, իսկ փաստաթղթի արժեքը չի որոշվում նրանում պարունակվող բազմաթիվ տվյալներից ընդամենը մեկով: Ի դեպ՝ «Թոմսոն Ռոյթեր» շտեմարանի ռեսուրսների օգտագործումը վճարովի ծառայություն է: Սա միակ դեպքն է, երբ պարոն Գեւորգյանը՝ որպես «ակտիվ գործող գիտնական», անմիջական մասնակցություն է ունեցել նախագծի մշակմանը. տվյալների ձեռքբերումն իրականացվել է նրա հետ միասին (հիմքերը պահպանված են կոմիտեում). տվյալ պահին նա հնարավորություն ուներ օգտագործելու իր գործընկերոջ տրամադրած օգտագործողի անունը (user name) եւ գաղտնաբառը (password): Թերեւս սա է պատճառը, որ Ս. Գեւորգյանին այդքան «հարազատ» է հոդվածի առարկա հանդիսացող գրաֆիկը: Իսկ ինչ վերաբերում է գիտական հրապարակումներին, ապա հոդվածի հեղինակին պետք է որ հայտնի լինի, որ գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկվում են տարբեր նյութեր՝ փաստաթղթեր (Documents), հղման ենթակա փաստաթղթեր (Citable documents), հոդվածներ (Articles), զեկույցներ (Talks), համառոտագրեր (Abstracts) եւ այլն, ու համեմատության համար պետք է վերցնել համեմատելի մեծություններ: Որեւէ երկրի գիտական հրապարակումների վերաբերյալ տարբեր կազմակերպություններ ներկայացնում են տարբեր տվյալներ, ինչը պայմանավորված է տեղեկատվության աղբյուրով եւ ընտրված մեթոդաբանությամբ: Այսպես՝ ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտության վերաբերյալ 2010 թ. զեկույցի՝ ՀՀ գիտական հրապարակումների քանակը 2000-2008թթ. կազմում է 3512 (աղբյուրը «Թոմսոն Ռոյթերն» է), ինչը 11.2%-ով փոքր է, քան նույն տարիների համար Ռազմավարությունում բերված թիվը: Տարբերությունը բացատրվում է նրանով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալները բերված են ըստ Science Citation Index Expanded հղման ցուցիչի, իսկ Ռազմավարության տվյալները՝ ընդհանուր որոնման սկզբունքի:
Ռազմավարության մշակման հիմքը ոչ միայն միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված հոդվածների թիվն է, այլ Հայաստանի ողջ գիտության բնագավառի վերլուծությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել