Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏՈՒՖՏԻԶՄ», «ԿՐՈՒՏԻԶՄ» ԵՎ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 26,2011 00:00

\"\"«Կինոարվեստ» մասնագիտությունն ընտրած դիմորդների խայտառակ պատասխանները հունից հանեցին քննական հանձնաժողովին:

Երեկ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում 29 դիմորդ «Կինոարվեստ» մասնագիտության գծով հարցազրույց-քննություն հանձնեց:
«Կինոարվեստ» մասնագիտության համար բուհը նախատեսել է 37 տեղ. 6 անվճար եւ 31 վճարովի: «Առավոտը» մասնակցեց քննության մի հատվածին: Դիմորդներին քննում էր 8 հոգուց բաղկացած հանձնաժողովը՝ կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը, ռեժիսորներ Էդգար Բաղդասարյանը, Արա Շիրինյանը, Ռուբեն Գրիգորյանը, Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի հեռուստառեժիսուրայի արվեստանոցի ղեկավար Արշակ Մարգարյանը, ինստիտուտի ռեժիսորական արվեստանոցի ղեկավար Արմեն Դովլաթյանը եւ բուհի ռեկտոր Արմեն Մազմանյանը: Հանձնաժողովը նախագահում էր կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
Ինչպես դերասանի վարպետություն քննության ժամանակ, այնպես էլ կինոարվեստի ընթացքում որպես քննասենյակ ծառայեց ռեկտորի աշխատասենյակը:
Նախքան դիմորդներին քննասենյակ հրավիրելը, ռեկտորը՝ Ա. Մազմանյանը, հանձնաժողովին կամացուկ զգուշացրեց՝ խիստ չլինել. «Ժպիտով, բարի դիմավորում ենք, ճանապարհում ենք»: Բայց դիմորդների պատասխաններն այնքան ապշեցնող էին, որ հանձնաժողովի անդամներն իրենց զայրույթը չէին թացքնում, մինչեւ անգամ բղավում էին դիմորդներից ոմանց վրա:
Դիմորդ Լիաննա Մաթեւոսյանը քննությունը սկսեց երկրորդ հարցից: Նա հանձնաժողովին զգուշացրեց, որ առաջին՝ կինոյին վերաբերող հարցերից անտեղյակ է: Թե ինչու է խուսափում կինոյին վերաբերող հարցերից՝ կինոարվեստ մասնագիտություն ընտրած դիմորդ Լիաննան պատասխանեց. «Չեմ հասցրել ֆիլմեր դիտել: Ռեժիսորներին լավ չգիտեմ: Ֆելինիին միայն գիտեմ: Նա նեոռեալիստական ֆիլմեր է նկարել»: Է. Բաղդասարյանը այլայլված տեղից նետեց. «Ֆելինին նեոռեալիզմի հետ կապ չունի»: Ա. Մարգարյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է կարդացել Չարենցից կամ ո՞ր բանաստեղծությունն է հիշում տվյալ պահին: «Միայն թե՝ չասես՝ «Ես իմ անուշ Հայաստանին»,- հավելեց Ա. Մարգարյանը: Դիմորդը մինչ կփորձեր հիշել, հանձնաժողովի անդամներից մեկը խնդրեց Լիաննային վերլուծել պոետին: Նրա խոսքով՝ «Չարենցը շատ ջիգյարով ա գրում, նենց, որ ինձ ստիպում ա կարդալ»: Նա նաեւ նշեց, որ մեծանուն բանաստեղծը իր մահով չի մահացել, այլ՝ ինքնասպան է եղել: Ապա նաեւ հավելեց, որ տեղյակ է՝ Չարենցը մեծ սեր է ունեցել: Ա. Մազմանյանը չզսպեց զայրույթը՝ «Այնպես, ինչպես դո՛ւք գիտեք Չարենց, ո՛չ ոք չգիտի»:
Դիմորդ Հայկազ Իսկանդարյանի կարծիքով Գ. Սունդուկյանի «Պեպոյի» հեղինակը Հովհաննես Թումանյանն է: Վերածննդի դարաշրջանի նկարիչներին վերաբերող հարցին Հայկազը խնդրեց չպատասխանել: Հանձնաժողովի զարմանքին՝ երբեւէ չի՞ լսել Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո անունները, Հայկազը անկեղծորեն պատասխանեց. «Ծանոթ են, լսել եմ, բայց չեմ տեսել…»: Երբ Հայկազին հանձնարարվեց պատմել իր սցենարը, Ա. Մարգարյանը, մի հատված լսելով, խնդրեց կարդալով շարունակել: Հարություն Խաչատրյանը, առանց մինչեւ վերջ լսելու դիմորդի սցենարը, նրան հանձնարարեց քննասենյակում առկա որեւէ երեք առարկաներով երեք կադրանոց ֆիլմ մտածել: Հանձնաժողովի 8 անդամների հուշումներով՝ Հայկազը ի վերջո կատարեց հանձնարարությունը:
Դիմորդ Ասյա Մաթեւոսյանի պատասխանը դուր եկավ հանձնաժողովին: Ա. Մազմանյանը նշեց, որ ի վերջո գրագետ խոսք լսեցին: Բայց երբ հերթը հասավ գրականությանը առնչվող հարցերին, Ասյան էլ, մյուս դիմորդների պես, տատանվեց: Նրա պնդմամբ, «Պատվի համարը» Գ. Սունդուկյանն է գրել, «Մեծապատիվ մուրացկաններն» էլ՝ Շիրվանզադեն:
Դիմորդ Արեն Մարգարյանին բաժին էր ընկել «Համլետի» մասին հարցը: Սակայն նա ոչինչ չպատասխանեց «Համլետից»: Հանձնաժողովին համոզեց, որ կարդացել է, բայց սյուժեից մանրամասներ չհիշեց, անգամ այդ հանճարեղ ստեղծագործության ամենահայտնի՝ «Լինել, թե չլինել» միտքը՝ չմտաբերեց: Է. Բաղդասարյանի հարցին՝ ո՞րն է «Համլետի» գրավչությունը, որ բոլորը նկարել են ու դեռ կնկարեն, Արենն ասաց. «Դժբախտ մարդ էր Համլետը, իր դժբախտությունը…»: Արենը չէր կարդացել նաեւ հայ դասականներին: Դիմորդը պատճառաբանեց, որ դպրոցական տարիքում է կարդացել եւ չի հիշում: Ա. Դովլաթյանի հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ չի հիշում, օրինակ՝ Շիրվանզադեի «Պատվի համարը», Արենը հարցին հարցով պատասխանեց. «Դուք հիշո՞ւմ եք…»: Ապա խոստովանեց, որ դպրոցական տարիքում էլ չի կարդացել. «Դասի ժամին ջրիկանում էի, դասատուս վրես ջղայնացավ, ես էլ կռիվ արեցի ու ինադու չսովորեցի էտ դասը»: Ա. Մազմանյանը նկատողություն արեց դիմորդին, թե ինչո՞ւ է այդկերպ անլուրջ տրամադրվել իր ընդունվելուն, քննությանը եւ քննությունը վերցնողների հանդեպ. «Քեզ քննող մարդկանց սպիտակ մազերը չես հարգում, գոնե քեզ հարգիր»:
Կիրովականցի Սեյրան Անտոնյանի պատասխանը Ա. Մազմանյանին վերջնական հունից հանեց, երբ բացատրեց, թե ինչու չգիտի մեծանուն ռեժիսորների անունները: Սեյրանի խոսքով, ինքը ֆիլմեր դիտելիս ուշադրություն է դարձնում մոնտաժին եւ իրեն չի հետաքրքրում ռեժիսորը, դերասանը: Ա. Մազմանյանը բղավեց դիմորդի վրա՝ «Եվ դա գլուխ գովալու բա՞ն է, որ եկել- նստել պարծենում ես: Սա ի՞նչ տուֆտիզմ է, կրուտիզմ… ձեր փողոցի լեզվով ուզում եք կրուտիտ անե՞ք մեզ»:
Դիմորդ Զաքարյան Նարեկը Սեյրանի պատասխանի ժամանակ դիմեց Ա. Մազմանյանին, խնդրելով փոխել իր՝ Վիլյամ Սարոյանի մասին հարցը: Երբ արդեն նստեց հանձնաժողովի առջեւ, Ա. Մազմանյանը հանձնաժողովի անդամներին ասաց Նարեկի խնդրանքը: Հանձնաժողովի անդամներից մեկը զարմացավ, թե ինչպես կարող է Նարեկը Սարոյանի մասին ոչինչ չիմանալ, կամ նրա գործերից ոչինչ չհիշել: «Գոնե գիտե՞ս որտեղ է Սարոյանի արձանը կանգնած Երեւանում»,- հարցրեց Ա. Մարգարյանը: Նարեկը թոթվեց ուսերը: «Օպերայի շրջակայքի որեւէ սրճարան գիտե՞ս»,- շարունակեց հանձնաժողովի անդամը: Նարեկը սկսեց թվել սրճարանների անուններ: Ա. Մարգարյանը շեշտեց. «Սրճարանների անունները մի հիշի, այլ այն, թե այդ շրջակայքում որտե՞ղ է Սարոյանի արձանը»:
Դիմորդները քննություն էին հանձնում երեք ուղղություններով, հեռուստառեժիսուրա, վավերագրական եւ խաղարկային ֆիլմեր: Հեռուստառեժիսուրայի դիմորդներին քննում էր Արշակ Մարգարյանը, քանի որ նա է ղեկավարելու կուրսը, խաղարկայինը՝ Արմեն Դովլաթյանը, վավերագրականն էլ՝ Էդգար Բաղդասարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել