Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՆԳԱՄ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ՝ ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ

Հուլիս 26,2011 00:00

\"\"«Մենք մնացել ենք մեր տեղում՝ Փայտակարանում,  ուղղակի աշխարհագրական այլ անունով՝ Իրան»

«Չկա հայրենիք, սփյուռք, կա մեկ հայրենիք, եւ մենք ապրում ենք Հայաստանով»,- ասում են առաջին անգամ հայրենիք եկած 65 ուրուգվայահայերը: Երիտասարդները 1970-ին ստեղծված «Ուրուգվայի «Անդրանիկ» երիտասարդական կազմակերպության» անդամներն են: «Անդրանիկը» այսօր 80 անդամ ունի:
15 հազար հայ է ապրում Ուրուգվայում, 2 դպրոց կա՝ Նուբարյան եւ Ներսիսյան: Այս վարժարաններում 500 երեխա է սովորում: Հայկական դպրոց գնալը դժվար է հեռավորության պատճառով, նաեւ ուսուցիչների պակաս կա: Խանգարող գործոն են խառը ամուսնությունները: Հայկական եկեղեցում պատարագը հնչում է հայերեն, սակայն քարոզը հայերենից հետո թարգմանվում է իսպաներեն: Ուրուգվայում հյուր գնալիս, անգամ տանը, հայերը իրար հետ խոսում են իսպաներեն: «Մենք շատ հեռու ենք Հայաստանից, բայց պահպանում ենք հայկական մշակույթը, երգում ենք մեզ ժառանգություն մնացած երգերը, մեր սիրտը հայ է»,- ասում է ուրագվայահայի արդեն չորրորդ սերունդ Մարտինը:
Էլիզաբեթ Պարսամյանն էլ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի է: Տեսնելով, որ տեղի հայ երիտասարդները ձգտում են իրենց մայրենի լեզվով խոսել, նրանց է փոխանցում իր գիտելիքները, աշխատում այն երիտասարդների հետ, ովքեր ճակատագրի բերումով հնարավորություն չեն ունեցել հայերեն սովորել: Ուսուցչուհին վստահ է, որ անհրաժեշտ է մեր նախնիների ավանդույթների հետ սերունդներին նաեւ մայրենի լեզուն փոխանցել: Միգել Պարսամյանի կինը թեեւ հայ չէ, բայց հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ մեծ է, սակայն Միգելի որդին հայերեն ոչ մի բառ դեռեւս չգիտի: Միգելը վստահեցնում է, որ որդին հաջորդ տարի մեզ հետ հայերեն կշփվի: «Ձգտումը հայրենիք գալու՝ այնքան մեծ էր, որ հեռավորությունը խոչընդոտ չեղավ մեր գոյատեւման հիմնական միջոցը փոխանցել նոր սերնդին. մեր մշակույթը, ավանդույթները, լեզուն, մեր մեծ հայրերի ու մայրերի հիշատակը»,- ասում է Միգել Պարսամյանը:
Տարիներ շարունակ նրանք ապրել են հայրենիքի կարոտով ու հայրենիքում նրանց հետաքրքիր է ամեն ինչ, հատկապես՝ եկեղեցիները. «Հայաստանի պատմամշակութային ժառանգության մասին մենք լսում ենք ծնողներից կամ տեղեկանում ենք գրքերից, բայց մեր աչքով տեսնելը այլ զգացողություն է, սա տպավորություն է, որ տարիներով կմնա մեր հոգիներում»:
«Մեր մեծ հայրերից շատ ենք լսել Հայաստանի մասին, ուզում եմ տեսնել Արարատը, Ծիծեռնակաբերդը, Մատենադարանը, Էջմիածինը»,- ասում է հայերեն չխոսող Վիկտորյան:
Երեւանում՝ Մատենադարանում, ուրուգվահայերը ծանոթացել են հայ գրերի ստեղծման գյուտին, Մաշտոցի եւ նրա աշակերտների գործունեությանը, հնագույն ձեռագրերի պատմությանը, Դսեղում՝ Թումանյանի տուն-թանգարանում, գիտաշխատողների հետ փորձում էին սերտել թումանյանական քառյակները, բայց ամենուր շփվում էին իսպաներեն: Ուրուգվայահայերը հայաստանցու հետ իսպաներեն խոսելով՝ հայկական մանրապատումներով կտավներ ու գոբելեններ, նաեւ հայկական դուդուկ գնեցին: «Հեռավոր Ուրուգվայում Հայաստանը հիշեցնող ինչ -որ բան է պետք, նաեւ ծնողներս կտեսնեն հայկական արվեստի նմուշները»,- ասում է Խուան Պաբլոն:
Խուանը Ուրուգվայի երիտասարդների թիմի պատասխանատուն է: «Խուանի եւ նրա նման շատերի անուններն արդեն հայկական չեն, հայերենը չենք կարողանում պահել, բայց հոգին հայերեն է խոսում, մտածում են՝ ինչ անեն, որ Հայաստան գալու հնարավորություն հաճախ ունենան»,- ասում է Միգել Պարսամյանը:
Հայաստանի հարեւան Իրանում այլ պատկեր է: Հայ երեխան հաճախում է հայկական դպրոց, հայ եկեղեցի, իրանահայերը ամեն գնով պահում են հայկական ավանդույթներն ու մշակույթը, միաժամանակ սովորում պարսկերեն ու պարսկական ավարտական վկայականին կից հայկական փաստաթուղթ ստանում: «Չկա մի հայ, որ հայերեն չկարողանա խոսել, անկարելի է, որովհետեւ տանը անպայման հայերեն են խոսում, ի տարբերություն Հայաստանի, որտեղ պարծանք են համարում ընկերական միջավայրում այլ լեզուներով խոսելը»,- ասում է իրանահայ Վաչիկ Իսայանը եւ ցավով նշում, որ իր շատ ծանոթներ իր հետ հաղորդակցվում են անգլերեն կամ պարսկերեն: Վաչիկը ցավում է նաեւ, որ Իրանում հայերին քիչ-քիչ գրավում է պարսկական դպրոցը: Ընդամենը 100 տարի առաջ Իրանում 200 հազար հայ էր ապրում, հիմա այդ թիվը 5 անգամ կրճատվել է:
Ըստ Վաչիկ Իսայանի, այլադավան՝ ոչ քրիստոնյա երկրում հայ մնալն ավելի հեշտ է՝ հոգեւորի ու կրոնի տարբերությունը բերում է նրան, որ վերապահումով ես մոտենում ամուսնությանը: Բայց նույնադավան երկրում քրիստոնյա բառը կա եւ հայերը շատ ավելի հեշտ են օտարին ընտրում: Սրանով հանդերձ, Իրանում էլ կան խառը ամուսնություններ, իսկ խառը ամուսնության պարագայում՝ արդեն երրորդ սերունդը հայերեն չի խոսում:
Իրանի հայերի համար այժմ մեծ ցավ է հենց խառը ամուսնությունը: Առաջներում հարազատները դատապարտում էին օտարին ընտրած հայ աղջկան, անգամ դեպք է եղել, երբ հայ աղջկա եղբայրը սպանել է քրոջն ու նրա ոչ հայ ամուսնուն: Իսկ հիմա, ըստ Վաչիկ Իսայանի, «Իրանում ամուսնացած հայ աղջկա ծնողները պարծանքով ասում են. գիտե՞ք, մեր փեսա Հասանը հայերեն չգիտի: Հարց է առաջանում, ինչու պիտի Հասանը կամ Ալին լինեն հայ աղջկա ամուսինը»:
Տարիներով, դժվարությամբ հայերը կարողացել են իրենց կայուն տեղը ունենալ: «Տեղացիները հայերին հարգում են, իրանցին ուրախությամբ է իր ընկերներին պատմում, որ հայ ծանոթ ունի, մի պատառ հաց է կերել նրա հետ, գնացել է նրանց տուն»,- հպարտությամբ ասում է Վաչիկ Իսայանը:
Իրանահայերը «Արարատ», «Րաֆֆի», «Սիփան», «Նաիրի» հայկական միություններ, թատերախմբեր, պարախմբեր, երաժշտական խմբեր են ստեղծել: Ակտիվ են հատկապես մայրաքաղաքում, Սպահանում, Թավրիզում:
Հայկական եկեղեցիներ Իրանի հայաշատ յուրաքանչյուր քաղաքում կա՝ պատարագները, ժամերգություններն ու քարոզը՝ բացառապես հայերեն:
Իրանում հայատյացություն չկա, հայկականության պակաս չկա, բայց տեղի հայերին ձգում է հայրենիքը, Արաքսի այս ափին մշտական բնակություն հաստատելու ցանկությունը:
Տիկին Լառան 7 տարի առաջ ընտանիքով տեղափոխվել է Հայաստան. «Այստեղ ավելի ազատ է, հայերով ես շրջապատված, բայց մենք մտածողությամբ տարբերվում ենք»: Նա հիշում է, որ Իրանում տարիներ առաջ իրենց մեքենայի դռները բաց թողել ու խանութ են մտել, հարեւանները հսկել են մեքենան: Հայաստանում, իր կարծիքով, ուրիշի սեփականության հանդեպ սրտացավություն չկա: Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունի նաեւ մեր զրուցակից Վաչիկ Իսայանը. «Որ կարողանամ գործի պրոբլեմը հարթել՝ կբնակվեմ Հայաստանում: Մեր գյուղը հայկական գյուղ է, Վինա գյուղն է, Հայաստանի պատմության մեջ Փայտակարան նահանգն է, այսինքն՝ մենք չենք գնացել այնտեղ, մենք մնացել ենք, մեր տեղում, ուղղակի աշխարհագրական այլ անունով՝ Իրան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել