Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԷԼԻՏԱՐ ԿՈՎԸ՝ ՄԱՐԴՈՒՑ ԿԱՐԵՎՈ՞Ր

Հուլիս 26,2011 00:00

Սյունիքի մարզի Սյունիք գյուղի բնակիչների այգիները չորացել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից արտահոսքի պատճառով:

\"\"Սյունիքի մարզի Սյունիք գյուղի բնակիչ Ֆրունզիկ Զաքարյանն այս տարի իր մշակած այգուց բերք չի հավաքելու: Ցանած ու մշակած այգին ամբողջովին չորացել է՝ բանջարեղենն ու ծառերի պտուղները՝ կուչ եկել: Պատճառը ոռոգման ջուրն է, բայց դեպքը սովորականներից չէ:
Երեք տարի առաջ Սյունիքի Սյունիք գյուղում բնակություն հաստատած Ֆրունզիկ Զաքարյանը այգին ջրում էր հողամասի հարեւանությամբ հոսող փոքր առվից, հարեւան այգետերերը նույնիսկ լճակներ էին սարքել, ջուր էին կուտակում ու այգիներն այդ ջրով ոռոգում: Սակայն այս տարի այդ բնակիչներին ոչ հաճելի անակնկալ էր սպասվում. ոռոգման սեզոնը սկսելուն պես գետով ջուր հոսելու փոխարեն՝ կոնցենտրատ է սկսել հոսել: Բնակչի պատմելով, արդեն մի քանի ամիս այս իրավիճակն է, գետն է լցվել լեռնահանքային ձեռնարկություններից մեկի պոչատարով հեռացվող արտանետումը ու հիմա գետում ջրի փոխարեն ամբողջովին կոնցենտրատ է, իսկ Սյունիք գյուղի բնակիչները այգիները մշակելու համար այլ աղբյուրներ ու ջուր չունեն: Այգիներն ամբողջությամբ չորացել են, մարդկանց չարչարանքը՝ ջուրը լցվել: Ոչ մեկին չեն բողոքել, անիմաստ են \"\"համարել, ասում են՝ գյուղապետն էլ շատ լավ տեղյակ է, սակայն դրանից ոչինչ չի փոխվել: Ամենայն հավանականությամբ, այգիների համար մահաբեր արտահոսքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) Արծվանիկի պոչատարից է, քանի որ ուրիշ տեղից դեպի այս գետն ու ձորը մահացու կոնցենտրատ չի կարող հոսել:
Գյուղի հնաբնակները պատմում են, որ նախկինում էլ է եղել, երբ գետակով կոնցենտրատ է հոսել, սա առաջին դեպքը չէ:
Անցած տարի կարողացել են այգի մշակել ու բերք ստանալ, այս տարի՝ պտուղ-բանջարեղենը գնում են շուկաներից: «Վերեւից ժողովրդի հերն են անիծում, ներքեւից՝ ժողովրդի հերն անիծում: Անցած տարի մաքուր ջուր ունեինք, հիմա մի քանի ամիս էս վիճակն է: Ցանել ենք, բայց հենց ուզեցինք ջրենք, տեսնենք կոնցենտրատ է հոսում գետով: Ո՞ւմ դիմենք: Ինչ է, իրենք չգիտե՞ն, որ էս վիճակն է: Արծվանիկի պոչամբարից է գալիս, արդեն երաշտ է, դրա համար էս պահին գետակը կիսաչորացած վիճակում է, բայց էնտեղից է սկսել հոսել, տեր չկա, որ կտրի՝ չգա: Էս ուղղությամբ բոլոր այգիները չորացել են, մի կտոր հող էինք վերցրել էս հատվածից, որ մշակենք՝ գոյատեւենք, զուտ էս ջից օգտվելու համար, բայց… Ի՞նչ անենք, էս ջրո՞վ ջրենք այգիները, որ էդ բերքը մեր էրեխեքն ուտեն թունավորվե՞ն: Սեզոնը սկսվել է էս խնդրով: Անասունների համար էլ էստեղից-էնտեղից ենք ջուր բերում, բայց դե անասուն է, գալիս-անցնում է էս առվի մոտով, խմում բնազդաբար, շատ չի հասկանում»,- ասում է արցախյան գոյամարտի մասնակից, երկրորդ կարգի հաշմանդամ Ֆրունզիկ Զաքարյանը:
Սյունիք գյուղում մեր գտնվելու պահին ականատես եղանք, թե ինչպես էին առվի մոտով անցնող կովերը հերթով գալիս ու աղտոտված ջրից խմում: Փորձեցինք ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնից ճշտել, թե ո՞ւր են տանում կոնցենտրատի հետքերը: Պարզվեց, որ տեսչության Սյունիքի բաժնում նույնիսկ տեղյակ չէին: «Առավոտից» իմանալով դեպքի մասին, տեսչության աշխատակիցները եղան տեղում, որից հետո Սյունիքի տարածքային բաժնի պետի տեղակալ Անդրանիկ Հովակիմյանը տեղեկացրեց, որ այս պահին դժվարանում է որեւէ բան ասել, քանի որ իրենք պետք է դեպքի պահին տեղում լինեն, որպեսզի կարողանան ճշգրիտ պարզել արտահոսքի պատճառներն ու հասցրած վնասի չափը: ԶՊՄԿ-ի բնապահպանության բաժնի պետը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, նշելով, որ ընկերության տնօրենի հանձնարարականի դեպքում միայն կպատասխանի մեր հարցերին: Սյունիքի գյուղապետ Սամվել Սարգսյանն էլ նշեց, որ ինքը տեղյակ է խնդրին, ԶՊՄԿ-ի ներկայացուցիչների հետ եղել են տեղում, քննարկել հարցը: Գյուղապետը ասաց, որ պարբերաբար տեղի ունեցող վթարներից ու պոչատարի այդ հատվածի արտանետումներից վտանգավոր թափոնները գալիս-լցվում են ձորը: «Մենք հենց ի սկզբանե ասել ենք, որ էդ ձորում այգիներ չմշակեն, քանի որ վթարներ են լինում, գետի ջուրն օգտագործելու համար պիտանի չէ, վնասակար նյութեր կան մեջը, ապահովագրված չենք, որ այդ հատվածում վաղը նորից արտանետումները չեն լինի: Բայց մարդիկ անօրինական սկսել են այգիներ մշակել ու էդ ջրով ոռոգել: 4-5 այգի կա այս ուղղությամբ, որոնք էս ջրից են օգտվում, իսկ 100-120 այգի ներքեւի հատվածում նորմալ ոռոգվում են, ոռոգման ցանցը միացված է մայր առվին ու մենք ոռոգման ջրի խնդիր չունենք գյուղում», – ասում է Սյունիքի գյուղապետ Սամվել Սարգսյանը:
Մինչ գյուղապետը հավաստիացնում է, որ Սյունիքում ոռոգման ջրի խնդիր չկա, գյուղամիջում մեզ հանդիպած բնակիչները գանգատվում էին, որ ոռոգման ջուր չունեն տարիներ ի վեր, անձրեւի հույսին են մնացել, եթե ժամանակին իրենք էին այգիների բերքը տանում Կապանում վաճառում, ապա ներկայումս քաղաքից են միրգ ու բանջարեղեն առնում: «Մենք էլ հույս ուենինք որ երկրի ղեկավարությունը կմտածի մեր մասին, բայց դե, ոնց տեսնում ենք, թքած ունեն մեզ վրա: Ոռոգման ջուրը գնում է մեր աչքի առաջով դեպի գոմերը, բայց ժողովուրդը ջուր չունի: Էդ ջրից չեն տալիս ժողովրդին, թող մեզ ոռոգման ջրով ապահովեն, ասեն ամիսը էսքան փող տվեք, մենք կվճարենք պատրաստակամ, չեն տալիս, ախր: Ոռոգման ջուր են անցկացրել, բայց չեն տալիս, մեզ չեն ասում պատճառը որն է: 3 տեղ բոստան եմ վարել, չորացել է, կարելի է, չէ՞, մի 100 մետր տրուբա գցեն, ջուր անցկացնեն, չեն անում, լրիվ անտեր երկիր է, 15 տարի էս վիճակն է»,- ասում են գյուղի բնակիչները:
Իսկ 53-ամյա Ֆրունզիկ Զաքարյանը հավելեց. «Էստեղ էլիտար կովերի գոմեր կան, որոնց համար ջուրը խողովակներով անցկացրել- տարել են մեր աչքի առաջով, դրա համար էլ մեր գյուղի ջուրը պակասել է: Կովերը բիզնես են, ժողովուրդը՝ էժան աշխատուժ: Կովերը կայֆավատ են անում ջրի մեջ, իսկ մարդիկ հերթ են կանգնում, կռիվ տալիս, որ կարողանան մի փոքր հողակտոր ջրեն»:
Գյուղից հեռացանք՝ թողնելով գյուղամիջում հավաքված մարդկանց, որոնց հուսահատ ու անօգնական հայացքները շարունակում էին հետեւել մեզ՝ մինչեւ նրանց տեսադաշտից մեր անհետանալը: «Օգնեք մեզ, օգնեք ժողովրդին, խնդրում եմ»,- մեր հեռանալու պահին ասաց գյուղի բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ ու խուսափեց խոսել գյուղի խնդիրների մասին ազատորեն, որովհետեւ վախ կար սրտում, որ կարող է պատժվել իր արտահայտած մտքերի ու իրեն հուզող խնդիրների մասին բարձրաձայնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել