Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ըստ ճամբարակցիների՝ կատարվածն ինքնասպանություն է

Հուլիս 26,2011 00:00

\"\"«Առավոտի» տեղեկություններով, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Ճամբարակի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 110 հոդվածի (ինքնասպանություն) հատկանիշներով: Այս տարվա հուլիսի 10-ին Շորժա-Սեւան-Ճամբարակ ավտոճանապարհին ոստիկանության Ճամբարակի բաժնի հերթապահ ծառայության «Վիլիս» մակնիշի 056 ՈՍ 07 համարանիշի ավտոմեքենայի հետեւի դուռը բացելու միջոցով ընթացքից իրեն դուրս է նետում Արմավիրի մարզի Շահումյան գյուղի 34-ամյա բնակիչ Էմմա Մայիլյանը: Այդ պահին ավտոմեքենայի մեջ է եղել ոստիկանության Ճամբարակի բաժնի պետի տեղակալ Սեւան Բաբայանը: Կիրակի օրը ճամբարակցիները մեզ հետ զրույցում պատմում էին, որ Էմմային վիրավոր վիճակում Բաբայանի ուղեկցությամբ տեղափոխել են Սեւան քաղաքի հիվանդանոց, որտեղ էլ որոշ ժամանակ անց աղջիկը մահացել է: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ աղջիկը դեռ դպրոցահասակ ժամանակ տառապել է էպիլեպսիա հիվանդությամբ: Մեր հարցին, թե աղջկան տեղափոխելու ժամանակ «Վիլիսի» մեջ վիճաբանությո՞ւն է տեղի ունեցել, տեղացիները պատմեցին. «Ո՞նց կարա միլիցան տուժողի հետ վիճել, երբ միլիցեքին ամենաշատը պետք էր Էմման, քանի որ Էմմայի ցուցմունքներով էր հիմնավորվելու, որ իր նկատմամբ տեղի է ունեցել ոտնձգություն: Ընենց որ քաղմասին ձեռք չէր տալիս էդ աղջկա մահը: Իսկ «Վիլիսն» էլ եթե ուզում ես տենաս՝ քաղմասի հայաթում է, արի մեր շենքի կրիշ՝ նկարի»: Փաստի առթիվ ոստիկանության Ճամբարակի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Բագրատ Հարությունյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, մատնադրոշմային, մանրաթելային, հետքաբանական: Իսկ մինչեւ հարուցված քրեական գործի քննության ավարտը՝ արգելվել է ոստիկանական «Վիլիսի» շահագործումը:
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի հանձնարարականով նշանակվել է ծառայողական քննություն, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչությանն ու ոստիկանության շտաբին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել