ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերով պալատին է դիմել հողագործ Անդրանիկ Սարգսյանի լիազորված անձ Խաչատուր Մարոզյանը:
ՆԱ բողոքարկում է քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից հունիսի 22-ին կայացրած որոշումը:
Ըստ բողոքաբերի լիազորված անձ Խ. Մարոզյանի, Անդրանիկ Սարգսյանը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել ընդդեմ «Կոնսեռ» ՍՊԸ-ի՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին: Իսկ «Կոնսեռ» ՍՊԸ-ն հակընդդեմ հայց է ներկայացրել ընդդեմ Անդրանիկ Սարգսյանի՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին:
Անդրանիկ Սարգսյանը պայմանագիր է կնքել սմբուկի մատակարարման համար սահմանված կարգով եւ ժամկետներում: Ըստ այդ պայմանագրի, սմբուկի 1 կգ արժեքը կազմել է 50 դրամ, իսկ մատակարարման ենթակա սմբուկի քանակը 150 տոննա էր:
ՍՊԸ-ն չի ընդունել հողագործի աճեցրած սմբուկը, որը մնացել է դաշտերում, եւ դրա հետեւանքով Ա. Սարգսյանը կրել է 7. 993. 547 դրամի չափով վնաս: Մեկ այլ պայմանագիր էլ Ա. Սարգսյանը կնքել էր 50 տոննա վարունգի համար: 1 կգ վարունգը գնահատվել էր 50 դրամ, եւ վնասը այս դրվագով էլ կազմել է 15 միլիոն դրամ: Դրան գումարած, անձրեւն ու բնական աղետները: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այս տարվա մարտի 29-ին վճռել է մերժել եւ սկզբնական, եւ հակընդդեմ հայցերը:
Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել հայցվոր, հակընդդեմ հայցով պատասխանող Անդրանիկ Սարգսյանը, սակայն հունիսի 22-ին վերաքննիչ դատարանը մերժել է ներկայացված բողոքը եւ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողել է անփոփոխ:
«Դատարանը որոշման մեջ նշում է, որ ՀՀ քաղդատօրի 48 հոդվածի հիմքով վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից՝ հայցվորի մոտ իրական կամ բաց թողնված օգուտի տեսքով վնասների առկայության, պատասխանողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների ու ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջեւ պատճառահետեւանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը, իսկ հայցվորի կրած վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը, ՀՀ քաղաքացիական օրենսդրության կանխավարկածի հիմքով, կրում է պատասխանող կողմը», ասում է Խ. Մարոզյանը:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ վերաքննիչ դատարան են հրավիրվել վկաներ, սակայն դատարանն անտեսել է վկաների բացատրությունները: Վկաներն ապացուցել են Ա. Սարգսյանի կողմից պայմանագրով սահմանված կարգով եւ ժամկետում սմբուկը՝ պատասխանողի գտնվելու վայր հասցնելու փաստը, ինչպես նաեւ վերջինիս կողմից այն չընդունելու հանգամանքը: Վճռաբեկ դատարան ներկայացված բողոքի համաձայն. «Պատասխանողը պետք է ապացուցեր իր կողմից վնաս պատճառելու հարցում իր մեղքի բացակայության փաստը, սակայն որեւէ ապացույց չի ներկայացվել դրա վերաբերյալ»:
Խ. Մարոզյանը խնդրում է բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության: Կար նաեւ միջնորդություն հայցվորի ֆինանսական անմխիթար վիճակի հետ կապված՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին: