Լրահոս
Օրվա լրահոսը

Կդրոշմավորվեն հնադարյան մագնիսական կրիչները

Հուլիս 26,2011 00:00

Դրոշմապիտակներն արդեն պատրաստ են

Այս տարվա մարտից «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ձայնա եւ խտասկավառակներ վաճառող մի շարք խանութներ որոշակի վնասներ կրեցին: Այդ խանութներից ոմանք ժամանակավորապես կամ ընդմիշտ փակվեցին, որոշներն էլ ոստիկանության կամ Պետեկամուտների կոմիտեի տեսուչների կողմից պարբերաբար ստուգումների են ենթարկվում եւ զգուշացվում։ Սկավառակների առուվաճառքով զբաղվող տնտեսվարողները բազմիցս բողոքի ձայն բարձրացրին՝ դժգոհելով, որ այդ օրենքը մեր երկրի համար չէ, քանի որ այստեղ անհնար է միայն արտասահմանյան արտադրության օրիգինալ դիսկեր վաճառել, դա կպահանջի ահռելի ծախսեր, բայց ամիսներ հետո պարզ դարձավ, որ ընդունված օրենքը մեր շուկայում վաճառվող դիսկերի հետ որեւէ առնչություն չունի, այն վերաբերում է «կասետներին», որոնք, կարելի է ասել, այլեւս չեն էլ օգտագործվում։ Օրենքում նշված է, որ պետք է դրոշմավորվեն միայն մագնիսական կրիչները, իսկ մեր շուկայում վաղուց արդեն կրիչները ոչ թե մագնիսական են, այլ օպտիկական, որի պարունակությունն էլ վերծանում է լազերային ճառագայթը։ Ստացվում է, որ այս օրենքը մշակողը, ընդունողն ու վերահսկողը անհանգստացած են նախորդ դարի կրիչի օրիգինալության համար եւ այսքան բողոքներն ու աժիոտաժն անտեղի էր։
Ուշագրավ է, որ կառավարության որոշմամբ այս ոլորտը վերահսկող մարմինը՝ Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ), արդեն քայլեր է անում օրենքի կիրարկումն ապահովելու համար։ Կոմիտեից «Առավոտին» հայտնեցին, որ ՊԵԿ-ի նախագահի կողմից համակարգի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է պարզել տնտեսվարող սուբյեկտների մոտ պարտադիր դրոշմավորման ենթակա տեսաձայնային մագնիսական կրիչների առկայությունը, ինչպես նաեւ դրանց քանակները, որպեսզի ստացված տեղեկատվության հիման վրա կազմվեն հայտեր՝ պատվիրման ենթակա դրոշմապիտակների անհրաժեշտ քանակների վերաբերյալ։ Բացի այդ, կա նաեւ ՊԵԿ նախագահի մեկ այլ հրաման, ըստ որի՝ հաստատվել են նաեւ տեսաձայնային մագնիսական կրիչների դրոշմավորման համար դրոշմապիտակների տեխնիկական բնութագիրն ու էսքիզը եւ դրանց տպագրման աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են: Կոմիտեից տեղեկացրին նաեւ, որ նշված օրենքը տարածվում է բացառապես տեսաձայնային մագնիսական կրիչների վրա, որոնք տարբերվում են ներկայումս շուկայում լայն տարածում ունեցող օպտիկական կրիչներից, օրինակ՝ CD, V-CD, CD-ROM, CD-RAM, DVD եւ այլն։
Նշենք, որ սկավառակ վաճառող խանութներից ամեն մեկում հազիվ թե 50 հատ կասետ վաճառվի։ Արժե՞ր արդյոք մեր աղքատ երկրում, որտեղ գնաճը երկնիշ թվերով է, որը նաեւ տուժել է համաշխարհային տնտեսական ճգնաժամից եւ որտեղ «կասետներ» գրեթե չեն էլ վաճառվում, մանր բիզնեսի ներկայացուցիչներին նախորդ դարի տեխնիկական կրիչ վաճառելու համար այդքան ծախսի տակ գցել։ Հետաքրքիր է՝ այսուհետ քանի՞ սուբյեկտ «կասետ» վաճառելու համար 25 դրամանոց դրոշմապիտակներ կգնի։
Մոտ մեկ ամիս առաջ Մալաթիայի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները այցելել էին «Մալաթիա» տոնավաճառին հարող տարածքում գտնվող բոլոր ձայնա եւ խտասկավառակներ վաճառող խանութներ եւ ամեն մեկից առգրավել ամենաքիչը 50 անուն ապրանք։ Ըստ ոստիկանության լրատվականի, առգրավման պատճառն այն է եղել, որ մեր ոստիկանները ցանկանում էին փորձաքննության միջոցով պարզել՝ իրենց վերցրած սկավառակներն օրիգինա՞լ են, թե՝ ոչ, առաջնորդվելով Քրեական օրենսգրքի հեղինակային եւ հարակից իրավունքների խախտման մասին օրենքով։ Ընդ որում, ոստիկանության աշխատակիցները վերցրել են այն սկավառակները, որոնց օրիգինալ տարբերակները երբեւէ Հայաստան չեն էլ մտել՝ Ջենիֆեր Լոպեսի կամ Շակիրայի տեսահոլովակներ, հոլիվուդյան ֆիլմերի եւ այլ արտասահմանյան արտադրության դիսկեր: Սակայն նշենք, որ այդ օրենքի խախտման համար պետք է լինի տուժող կողմ, իսկ Սթիվեն Սթիլբերգը, Ջեյմս Քամերունը կամ Ջենիֆեր Լոպեսի պրոդյուսերը չեն դժգոհել մեր ոստիկաններին, որ իրենց հեղինակային իրավունքը խախտվել է։ Չնայած դրան, առգրավվել էր 597 սկավառակ։ Երեկ մենք ոստիկանությունից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ արդյունքներ կան փորձաքննված սկավառակներից, սակայն մեզ պարզաբանեցին, որ փորձաքննությունը դեռ չի ավարտվել։ Նկատենք, որ փորձաքննվող սկավառակների տերերը վնասներ են կրում՝ չիմանալով, թե երբ են իրենց վերադարձնելու այդ ապրանքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել